ՉԱՍՎԱԾԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱԴԱՏՎԻ «ՀՅԴ172ն ըստ Էդ. Հովհաննիսյանի» հոդվածի առիթով («Առավոտ», 18.4.2001, Սերգեյ Սահակյան) Ըստ էության, հոդվածի մասին ասելիք չունեմ, քանզի հոդվածը ունի միայն նպատակ, էություն չունի։ Նպատակը հստակ է՝ հերթական հարձակումը գործել դաշնակցական մի անձնավորության վրա, քննադատել նրա մտածելակերպը, ապա այդ քննադատությունը տարածել ամբողջ կուսակցության վրա։ Բայց այս անգամ հոդվածի հեղինակ Սերգեյ Սահակյանը շեղվեց այդ դասական ռազմավարությունից եւ խորամանկորեն փորձեց քննադատել ինձ դաշնակցական դիրքերից, այսինքն՝ փորձեց ապացուցել, որ իմ քաղաքական եւ հասարակական վարքագիծը, ինչպես նաեւ իմ արտահայտությունները հակասում են դաշնակցական սկզբունքներին, ինչը, հավանաբար, շատ հուզում է դաշնակցականից էլ ավելի դաշնակցության սկզբունքների պաշտպան Սերգեյ Սահակյանին։ Սակայն ոչ հոդվածի նպատակները եւ ոչ էլ նրա բովանդակությունը ինձ չեն հետաքրքրում։ Ես պարզապես ուզում եմ երկու մեղադրանք ներկայացնել հոդվածի հեղինակին եւ այդ մեղադրանքների լույսի տակ էլ պիտի ասեմ ասելիքս։ Ես մեղադրում եմ Սերգեյ Սահակյանին բարոյականության եւ գիտելիքների պակասի մեջ, իսկ եթե շատ ավելի անկեղծ լինեմ՝ անբարոյականության եւ տգիտության մեջ։ Ես կարծում եմ, որ այն վիրավորանքները, որ նա հասցրեց ինձ եւ իմ կուսակցությանը, ինձ տալիս են բառերը չծամծմելու իրավունք։ Գիտեմ, որ չի կարելի մարդուն քննադատել չասվածի համար, բայց երբ չասվածը շատ ավելի մեծ կշիռ ունի, քան ասվածը՝ չասվածը պետք է քննադատվի։ Բայց ես դա էլ չեմ անի, այլ պարզապես կասեմ այն, ինչ հեղինակի կողմից չասվեց։ Երբ ես ցատկեցի այն գնացքից, որը տանում էր մեր ժողովրդին դեպի «լուսավոր» ապագան, ես նստած էի գնացքի լավագույն վագոնում։ 35 տարեկանում դարձել էի Հայաստանի առաջին դոկտորը «Կիբեռնետիկա» մասնագիտությամբ, գիտական խորհուրդների անդամ էի, դասավանդում էի Երեւանի համալսարանում եւ պոլիտեխնիկական ինստիտուտում, ստանում էի 750 ռուբլի աշխատավարձ, ունեի սքանչելի ընտանիք եւ սիրված էի ուսանողների կողմից։ Ուրեմն, եթե ես ցատկեցի գնացքից, ապա ոչ թե ինչ-որ բանից փախչելու, այլ ինչ-որ բան անելու համար։ Ուրեմն ինչո՞ւ զարմանալ, որ գնացքից թռչելուց անմիջապես հետո ես փորձեցի որոշ փոփոխություններ մտցնել ձեւավորված պատկերացումների մեջ։ Մի՞թե դրա համար չէի ցատկել գնացքից։ Առավել եւս, ինչո՞ւ զարմանալ, որ դաշնակցական պարբերականն օժտեց իմ առաջին հոդվածը հետեւյալ դիտողությամբ. «Գիտակցաբար նույնությամբ կհրատարակենք դոկտոր Է. Հովհաննիսյանի այս հոդվածը՝ ընդունելով հանդերձ, որ մտածելակերպի ու ոճային արտահայտման կարգ մը զուտ անհատական ձեւեր անհարիր են ընդհանրապես դաշնակցական մամուլի մտածելակերպին ու ոգիին, պարզապես հարգելու համար հեղինակի ազատ արտահայտության իրավունքը»։ Բայց ի՞նչ հոդված էր դա։ Այն գրվել էր 1973 թվականին, այսինքն ցատկելուս տարին, երբ ես ռուսերենից բացի չգիտեի ոչ մեկ լեզու, այդ թվում նաեւ՝ հայերեն։ Դաշնակցական ոճի եւ գործելակերպի հետ ծանոթ չէի։ Հոդվածը գրում էի ռուս172հայերեն բառարանը ձեռքիս եւ այն մթնոլորտի ազդեցության տակ, որը հետս դուրս էի բերել Հայաստանից։ Եվ դուք՝ պարոն Սերգեյ Սահակյան, առանց ամոթի խայթ զգալու ինձ քննադատելու համար, մեջբերում եք կատարում 30 տարի առաջ գրված հոդվածից։ Սակայն քննադատության այդ խորհրդային ոճը վաղուց է հայտնի։ Երբ Ա. Սոլժենիցինը բանտում գրեց իր «Հաղթողների խրախճանքը» ստեղծագործությունը, խիստ քննադատվեց խորհրդային իշխանությունների կողմից եւ մինչեւ այսօր այդ ստեղծագործության համար նրան քննադատում են, կարծես դրանից հետո նա չի գրել «Արշիպելագ Գուլագը» եւ մնացած իր փայլուն աշխատությունները։ Եթե դուք ուզում էիք քննադատել իմ հայացքները, ինչու՞ մեջբերումներ չկատարեցիք «Հասարակական արդարության գաղափարախոսությունը» հոդվածաշարից, «Ազգային քաղաքականության փիլիսոփայությունը» գրքից, «Մեզ համար անընդունելի մարքսիստական դրույթները» հոդվածից, «Դոստոեւսկին, Տոլստոյը եւ Պարույր Սեւակը» ուսումնասիրությունից եւ կամ էլ «ԹպՍ ոՏՐՖոօ»8217 գրքից։ Հավանաբար, հեղինակն ինձ քարկոծելու պատվեր է ստացել։ Սերգեյ Սահակյանը գրեթե ծաղրելով ինձ մեղադրում է դաշնակցությունը թագադրելու ցանկության մեջ։ Մեղքս ինչ թաքցնեմ՝ այդպիսի ցանկություն ունեմ եւ այդ ցանկությունը արդար եմ համարում, որովհետեւ ուրիշ կազմակերպություններ, որոնք այսօր հառնում են եռագույնի տակ, ժամանակին այրում, պատռում եւ ոտնահարում էին եռագույնը՝ կատարելով խորհրդային իշխանությունների պատվերը։ Այդ ինչո՞ւ պարոն Սահակյանը այդ մասին չի հիշում «Իսկ մյուս հին կազմակերպությունները» ենթագլխի տակ։ Ինչո՞ւ, օրինակ, Հայ դատից խոսելիս չի նշում, որ ՄԱԿ172ի ենթահանձնախմբում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ միակ դեմ քվեարկողը եղավ Խորհրդային Միության ներկայացուցիչը, իսկ խորհրդասիրական «մյուսները» բերանները ջուր առած լռել էին։ Իսկ այդ նույն ժամանակ իմ կուսակցական ընկերները ռումբերի վրա պայթում էին տարբեր երկրներում՝ պաշտպանելով Հայ դատը։ Լիբանանի պատերազմին էլ այդ մյուսները չէին մասնակցում, եւ լիբանանահայության միակ պաշտպանը մեր տղաներն էին։ Էլ ինչո՞ւ բոլորի մեջ հատուկ տեղ չտալ Դաշնակցությանը, որը ֆուտբոլիստի պես մարզադաշտում վայր է ընկնում, կոշիկով հարվածում են նրա գլխին, երկրից վտարում են, բանտարկում են, երկիր մտնելու իրավունք չեն տալիս, իսկ «մնացածները» մարզադաշտի ամբիոններից գոռում են՝ «առաջ, առաջ», կամ էլ՝ «սխալ ես փոխանցում գնդակը»։ Մեր պատասխանը միակն է. «Իջիր ամբիոններից ու արի դաշտ, կոտրիր մեզ հետ ոտքերդ ու ճիշտ փոխանցիր գնդակը»։ Այժմ գիտելիքների պակասի մասին։ Հավանաբար, դուք չգիտեք, որ կուսակցությունների ծրագրերը քաղաքականություն վարելու նպատակներն են, այսինքն այն փարոսները, որոնք ուղղություն են տալիս քաղաքականությանը։ Սակայն քաղաքականությունը եւ ծրագիրը նույն բաները չեն եւ չեն կարող լինել։ Ահա թե ինչու «սեւ չեկավ Սեւրի գլխին», քանզի կուսակցության պահանջը եւ ցանկությունը մեկ բան է, իսկ այդ նպատակին հասնելը՝ մեկ ուրիշ բան։ Գերմանիայի աջակողմյան կուսակցությունները մինչեւ այսօր Կալինինգրադը համարում են Քյոնիգսբերգ։ Բուլղարիայի մի շարք կուսակցություններ նույնը մտածում են Մակեդոնիայի մասին, քրդերն իրենցն են համարում Արեւմտյան Հայաստանի մեծ մասը եւ համապատասխան քարտեզներ են գծում։ Նույն բանը կատարվում է Կորեայում, Չինաստանում, Հնդկաստանում եւ այլ երկրներում։ Օսեթները, որ բաժանված են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, երազում են իրենց վերամիավորման մասին եւ այդ մասին գրում են իրենց ազգային կուսակցություների ծրագրերում։ Սակայն այդ նպատակները եւ երազներն իրականացնելու համար անհրաժեշտ են ահագին նախապատրաստական աշխատանքներ, որոնց մեջ իրավաբանական դաշտի պատրաստումն առաջնակարգ խնդիրներից մեկն է։ Ուրեմն ի՞նչ տարօրինակ բան կա նրանում, որ Սեւրի դաշնագրով գծված սահմանները ձեռք բերելու համար պետք է մշակենք հատուկ ռազմավարություն։ Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին ահաբեկչություն կոչվող պայքարի ձեւին, ապա այդ մասին ես ունեմ մի ուսումնասիրություն, որտեղ մեջբերում եմ Շտիռների, Բակունինի, Կրապոտկինի, Տոլստոյի անիշխանական տեսությունները, որոնք առաջին եւ ամենահետեւողական անիշխանականն էին համարում Հիսուս Քրիստոսին, որն առաջարկում է Կեսարին տալ Կեսարինը, բայց իրականում ենթարկվել Աստծո, այլ ոչ Կեսարի օրենքին։ Իսկ մեր այսօրվա կյանքը ցույց տվեց, որ քաղաքական ահաբեկչությունը՝ որպես պայքարի միջոց, ճանաչվեց եւ ընդունվեց մարդկության կողմից։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել, որ երկու խոշորագույն ահաբեկիչներ՝ Արաֆաթը եւ Բեգինը, որոնցից առաջինը հարյուրավոր իսրայելցիներ առեւանգեց եւ սպանեց, իսկ երկրորդը անգլիական նավերում ու հյուրանոցներում ռումբեր էր պայթեցնում, արժանացան խաղաղության Նոբելյան մրցանակի։ Էլ ինչպե՞ս վարվեն այս աշխարհի դեմ նրանք, ում աչքերի առջեւ սպանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Քենեդին եւ մինչեւ օրս այս ահաբեկիչների մասին որեէ տեղեկություն չկա։ Սա էլ մեկ ուրիշ տեսակ Նոբելյան մրցանակ էր, որ ամերիկյան իշխանությունների կողմից շնորհվեց Քենեդիին սպանող կազմակերպությանը, որոնք դարի այդ հռչակավոր սպանության գործը, փաստորեն, փակեցին՝ վախենալով այն հզոր կազմակերպությունից, որն իրականացրել էր ահաբեկչությունը։ Ավելին ասելու մտադրություն չունեմ եւ ընդհանրապես այլեւս չեմ պատասխանելու իմ դեմ ուղղված հարձակումներին, որովհետեւ դրանց իմաստը չեմ տեսնում։ Ոչ մեկի չի հետաքրքրում ոչ ճշմարտությունը եւ ոչ էլ արդարությունը։ Հասարակական կարծիք ստեղծելու դաշտում կենտրոնական տեղը գրավում են պատվերները եւ պատվեր տվողների հզորությունը։ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ