ՎԱՐՈՒԺԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է «… Քրեական պատժով դատապարտվել է այնպիսի արարքների համար, որոնք ուղղված են եղել թուրքական թիրախների դեմ»։ Մասնավորապես այսպես են մեկնաբանվում Վարուժան Կարապետյանի գործողությունները 2001թ. մարտի 19-ին Բուժի վճռաբեկ դատարանի նրա ազատման մասին կայացրած վճռում։ Մոտ երեք էջանոց փաստաթուղթն ամբողջությամբ այսօր Ժուռնալիստի տանը ներկայացրեց Ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը՝ Վարուժան Կարապետյանի հետ լրագրողների հանդիպման ժամանակ։ Պատժի հավելման եւ ներման բանտային ծառայության խորհրդական Լը Քորդոնելը իր շնորհավորական նամակում՝ ուղղված Վարուժանին, գրել էր. «Ուրախ եմ, որ Ֆրանսիան հայ ժողովրդի ցեղասպանությունն ընդունելուց հետո կարողացավ Ձեզ շնորհել այդքան երկար սպասված պայմանական ազատությունը»։ Ի դեպ, Վ. Կարապետյանին ազատության իրավունք է տրվել ապրիլի 23-ին, Եղեռնի զոհերի հիշատակի նախօրեին։ Նշենք, որ Վարուժան Կարապետյանին ազատելու պայմաններից մեկը եղել է Ֆրանսիայից Հայաստան տեղափոխվելը։ Երեւանի քաղաքապետը Վարուժանին աշխատանքով ու բնակարանով ապահովելու խոստում է տվել։ Ու վերջինս այսօր մշտապես հաստատվելու է մեր մայրաքաղաքում։ «Հայրենիք վերադառնալը իմ սերնդի համար պապերից ստացված եւ գոյության իմաստ դարձած պատգամ է, որի արյունոտ ճանապարհի վրա մեր անձնուրաց ընկերներն իրենց կյանքն ու հոգին զոհաբերեցին։ Ես հիմա պիտի նախընտրեմ անաղմուկ նվիրվել մեր հայրենիքին, պետությանը, նրա գերագույն շահերի պաշտպանության ու բարգավաճման գործին»,- ասաց Վ. Կարապետյանը։ Նա մի տեսակ շվարած էր ու, կարծես, շփոթված ներկաների բազմաքանակությունից։ Լրագրողներին խնդրեց քաղաքական բնույթի հարցեր չտալ, որովհետեւ դեռ չի կամենում այդ կարգի հարցերի պատասխանել։ Խոստացավ դա անել «մյուս անգամների» ժամանակ։ «Դե, ես այստեղ եմ, չէ՞։ Դեռ կհանդիպենք»,- հուսադրեց նա վերջում։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ