Ուխտի են գնում երիտասարդները Վերջին ժամանակներս բազմաթիվ երիտասարդական կազմակերպությունների կարելի է հանդիպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Երիտասարդներ, ովքեր ցանկանում են օգնել կառուցելու դարի տաճարներից մեկը։ Յուրաքանչյուր կիրակի աշխատելիս կարող եք տեսնել նաեւ «Երիտասարդական ուխտագնացության» գրասենյակի կամավորներին, ովքեր պարբերաբար ուխտագնացություններ են կազմակերպում, լինում Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիներում, մասնակցում դրանց վերականգնողական աշխատանքներին։ «Երիտասարդական ուխտագնացության» գրասենյակը, որ ստեղծվել է 1999 թվականին եւ որի դռները բաց են ողջ երիտասարդության առջեւ, արդեն կազմակերպել է մի շարք ուխտագնացություններ՝ Սեւան, Օշական, Նորավանք… Իսկ իրականում սրանք նախապատրաստական աշխատանքներն են այն մեծ ծրագրի, որ պետք է իրականանա հուլիսի 14-18-ը։ Մինչ այդ օրը գրանցված կամավորները ուխտագնացության պետք է մեկնեն Խոր Վիրապ-Էջմիածին-Երեւան երթուղով։ Խոր Վիրապում տեղի կունենա մոմավառություն, որից հետո կշարժվեն Էջմիածին։ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ուխտավորներին կդիմավորի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը եւ տեղի կունենա «արեւագալի» արարողությունը։ Էջմիածնից հետո երիտասարդները կշարժվեն Սեւան՝ փոքր-ինչ հանգստանալու, այնուհետեւ կմեկնարկեն ուխտագնացության հետդարձի ճամփան՝ Երեւան։ Երեկոյան «Կասկադում» տեղի կունենա օպերային ներկայացում։ Ներկայացումից հետո, Ազատության հրապարակում կսկսվի համերգային մի ծրագիր, որը կշարունակվի մինչեւ արեւածագ։ Ուխտագնացության ճանապարհի կեսը երիտասարդները կանցնեն ոտքով՝ վառված ջահերը ձեռքներին, մնացած ճանապարհը՝ տրանսպորտով։ Գրասենյակի ղեկավար Արեգ Թադեւոսյանը հույս հայտնեց, որ միջոցառման ընթացքում արտասովոր ոչ մի միջադեպ չի պատահի. «Եթե գալիս են ուխտագնացության, պետք է որ միմյանց միջեւ պրոբլեմներ չլինեն։ Ամեն ինչ վերցված է խիստ հսկողության տակ»։ Երիտասարդական ուխտագնացության այս եւ մնացած այլ ծրագրերը հովանավորում է Հայ Առաքելական եկեղեցին, որի նպատակն է երիտասարդներին համախմբել եկեղեցու շուրջ։ Այսօր կամավորների հետ նախապատրաստական աշխատանքներ են տանում, սեմինարներ անցկացնում, սովորեցնում տարբերել ուխտագնացությունն արշավից, բացատրում աղոթքի, շարականի խորհուրդը… Եվ, որ կարեւորն է, ծրագիրն այդ ուխտագնացությամբ չի ավարտվելու, այլ սկիզբն է լինելու երիտասարդական շարժման, երիտասարդական համագործակցության, Հայաստան- Սփյուռք եկեղեցու ամրապնդման։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ