ԱՆԼԱՐ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ Ալավերդիում տեղի են ունենում գունավոր մետաղներ հանձնելու նպատակով հեռախոսալարերի զանգվածային գողություններ, որոնք շղթայական ռեակցիայի նման հաջորդում են մեկը մյուսին՝ առանց այն էլ «ինֆորմացիոն շրջափակման» մեջ գտնվող ալավերդցիներին զրկելով նորությունների «վստահելի» աղբյուրից։ Եվ հետաքրքիրն այն է, որ ոչ ոք դեռեւս չի պատժվել։ Գողությունները հիմնականում ընթանում են նույն սցենարով։ Օրը ցերեկով մի ամբողջ թաղամաս նկատում է, որ հեռախոսները չեն աշխատում։ Գալիս են ոստիկանները, տանում կասկածյալին, չանցած մի քանի ժամ՝ վերջինս դառնում է մեղավոր եւ… ազատ արձակվում տարբեր պատճառաբանություններով (հոգեկան հիվանդ եւ այլն)։ «ԱրմենՏելի» աշխատակիցները խոստանում են ամեն ինչ վերականգնել քսան օրում, բայց այդ ամենը տեւում է մոտ կես տարի, իսկ այդ ընթացքում նույնը կրկնվում է մեկ այլ թաղամասում։ ՍԱՄՎԵԼ ԲԵԿԹԱՇՅԱՆ