«ՄԵՐ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ՆՎԵՐ Է» Երիտասարդ դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, տեղի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Դավիթ Հարությունյանը համոզիչ կերպով ընդգծում է երաժշտության լարված դրամատիզմը եւ ռոմանտիկ հուզականությունը, պահպանում ստեղծագործությանը բնորոշ հերոսականի եւ լիրիկականի հավասարակշռությունը։ Դիրիժորից տեղեկացանք, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, աշխատել «հՏՉՐպՎպվվՌՍ» եւ «հՏՉՐպՎպվվՌՍ-2» թատրոններում՝ որպես երաժշտական ղեկավար, ապա ռեժիսոր Վահագն Բագրատունու հրավերով եկել Երեւան, աշխատել Ազգային օպերային թատրոնում։ 1990 թվականից կոնսերվատորիայում կամերային անսամբլի դասարանի դոցենտ է, օպերային արտիստների պատրաստման ամբիոնի դասախոս։ 1995 թվականից, կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի առաջարկով, սկսվում են աշխատանքները կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Դավիթ Հարությունյանի ամեն օրն ու ժամը պլանավորված է։ Աշխատանքում հետեւողական, աշխատասիրությամբ «տառապող» դիրիժորն ասում է. «Ինչպե՞ս է հնարավոր ճանաչման արժանանալ, մեծ գործունեություն ծավալել եւ նպատակամղված չօգտագործել ժամանակը»։ Եվ ահա արդյունքը՝ իր պատմության ընթացքում առաջին անգամ կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը 1997 թվականին հյուրախաղերի է մեկնել Նյու Յորք, հանդես եկել (ի դեպ, առաջինը Հայաստանից), այնպիսի համերգասրահում, ինչպիսին է «Ivory Fisher hall»-ը։ Երիտասարդ դիրիժորի ղեկավարությամբ, կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը միացյալ համերգներ է ունեցել «Juliard School» ակադեմիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ինչպես դիրիժորն է խոստովանում՝ «Ստեղծագործական կյանքիս ընթացքում երեք սիմֆոնիկ նվագախումբ եմ հավաքել՝ զրոյից։ Փաստորեն, ուսումնառության հինգ տարիների ընթացքում աշխատում ես, ավելին՝ պատրաստում նվագախմբի երաժիշտներ, արտիստներ ու տալիս ուրիշին… Բնավորությամբ վհատվող չեմ, պարզապես ինչ-որ բան անելու կամ ինչ-որ բանի հասնելու համար մշտական արգելքներ ու էլի արգելքներ պետք է հաղթահարես։ Պատրաստ եմ ու սիրով կհաղթահարեմ ստեղծագործական արգելքները, բայց այն, ինչ կապված է… կներեք, ֆինանսի մասին չեմ ուզում խոսել, անօգուտ է։ Ասեմ, որ նմանօրինակ երիտասարդական նվագախմբեր կան միայն Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում։ Իսկ աջակցություն ստանում ենք միայն կոնսերվատորիայից։ Այսօր երիտասարդ երաժշտին էլ չես կարող մեղադրել։ Ասում են՝ «Լավ, մաեստրո, էս համերգն էլ նվագեցինք, հետո…»։ Այսինքն՝ չեն տեսնում իրենց ապագան։ Կոնսերվատորիան կամ ես ոչինչ չենք կարող տալ, բացի ուսումից։ Իսկ հնարավոր չէ՞ միակ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբին «լավ աչքով նայել»։ Ինչեւէ, պատրաստվում ենք հյուրախաղերի մեկնել Ռուսաստան, Գերմանիա, Խորվաթիա։ Համերգները նվիրված կլինեն Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելուն։ Մեզ մոտ՝ կոնսերվատորիայում, կարելի է ասել, նախապատրաստում ենք նվագախմբի երաժիշտներ։ Հավատացեք, նախկին Միության ոչ մի քաղաքի երաժշտական ուսումնական հաստատությունում այսպիսի գործընթացի չեք հանդիպի։ Մի խոսքով՝ ապրում ենք կոնսերվատորիայում, հովանավորվում՝ վերջինիս կողմից։ Ինչպես ասում են՝ ոչ մի տեղից ոչ մի հույս չունենք։ Համակերպվել ենք այս մտքին ու աշխատում, ստեղծագործում ենք սուս ու փուս»։ Ասենք, որ այնքան էլ, ինչպես դիրիժոր Դավիթ Հարությունյանն է ասում, «սուս ու փուս» չի ապրում կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Նրա՝ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում օրերս կայացած ելույթը վերածվեց իսկական դասական երաժշտության տոնի։ Իսկ հարցին, թե քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ի՞նչ «նվեր», ասել է թե՝ պլաններ ունեք, դիրիժորից ստացա հետեւյալ պատասխանը՝ «կոնսերվատորիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գոյությունը, այսինքն՝ մեր լինելն արդեն նվեր է»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ