ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները տեսակետներ հայտնել են, թերեւս, բացառությամբ հանրապետության նախագահի։ Ռոբերտ Քոչարյանն առայժմ սահմանափակվում է «լուրջ» ասելիքի մասին տրվող խոստումներով։ Չնայած շատ քչերն են կասկածում, որ խոստացված «լուրջ» ասելիքը ընդամենը խորացնելու է նախագահի կողմից դեռեւս 1999թ. վերջին շրջանառված «ուչաստկովիի» գրեթե գիտական վարկածի «հիմնավորվածությունը»։ Ժամանակին Գագիկ Ջհանգիրյանը՝ թեեւ ուշացումով, սակայն նույնպես ընկալեց նախագահի պատվերը. ինքը ընդամենը «ուչաստկովի» է, իսկ հանցագործներն էլ հինգն են։ Ու 2000թ. ապրիլ-մայիս ամիսներից նախաքննության հիմքում դրվեց Ռ. Քոչարյանի տեսակետը։ Ուղղորդված նախաքննությունը ուղեկցվում էր հանցագործների իրավունքների պաշտպանությանն ուղղված պալատական քարոզիչների գործունեությամբ։ Կանխորոշվում էր մեկնարկելիք դատավարության ընթացքը, որի նպատակը, ըստ էության, լինելու է «5»-ի վարկածի իրավական ամրագրումը։ Այս փուլում Քոչարյանի քարոզչությունը նույնպես ուներ իր առաքելությունը. ստեղծվում էր «ազգի հոգսերով տառապող, քաղաքական նպատակներ ունեցող» Ն. Հունանյանի կերպար, որը Հայաստանը «փրկելու» խնդիր ուներ։ Դատավարության մեկնարկը նշանավորվեց հանցագործների դեմ կիրառված խոշտանգումների մասին խոսակցություններով։ Սակայն «խոշտանգումների թեման» ընդամենը քողածածկույթ է, որը մի կողմից քաղաքական խնդիրներ է հետապնդում ու նպատակ ունի վարկաբեկելու արդար դատավարություն պահանջող քաղաքական ուժերին, մյուս կողմից՝ հանրության ուշադրությունը շեղում է այն փաստից, որ գլխավոր հանցագործը արտաիրավական օժանդակություն է ստանում։ Ընդ որում՝ ահաբեկիչների «վերապատրաստման» հիմնական դարբնոցը, ամենայն հավանականությամբ, ԱԱՆ մեկուսարանն է։ Այս գերատեսչությունը չի փայլում պետության եւ հանրության անվտանգությունը ապահովելու հարցերում, սակայն հատկապես նախանձախնդիր է իր հետ՝ ոչ վաղ անցյալում գործակցած մարդու շահերը պաշտպանելու պարագայում։ Հունանյանի համար ստեղծված են իրավագիտության բոլոր նրբությունները յուրացնելու ակադեմիական պայմաններ։ Սակայն իշխանության տերերը ունեն իրենց ներքին հիմնավորումը. վերջին հաշվով օժանդակում են ամենեւին էլ ոչ պատահական ու շարքային հանցագործի, այլ մեկին, որը իրենց հարազատ հեղափոխական կուսակցության մարտիկն էր, անվտանգության ծառայությունների գործընկերը, ու վերջապես մեկին, որը կարող է կրկին կասկածի տակ դնել որոշ ձերբակալվածների եւ ազատ արձակվածների անմեղությունը։ Մանավանդ որ, ժամանակին, երբ դեռ Գ. Ջհանգիրյանն ու նրա խումբը չէին հասկացել «վերեւի» պատվերը՝ երկուսն էլ լուրջ կասկածվում էին ու կարծես թե՝ հիմնավոր էին կասկածվում։ Նրանցից ոմանք, պաշտոնի բերումով, շատ էին մոտ իշխանությանը՝ անչափ դժվար կլիներ նրանց «գաղափարականի» շապիկ հագցնել։ Եվ այսպես, քրեական գործի հետ առնչվող յուրաքանչյուր մարդ հասկացավ իր «առաքելությունը»։ Նաիրին դատարանում պետք է ներկայանա գաղափարական հանդերձանքով, պաշտոնական քարոզչությունը այդ հանդերձանքի կերտողներն ու հասարակությանը ներկայացնողներն են։ Իսկ Միսակ Մկրտչյանը «հիվանդանալու» եւ «չնստելու» լուրջ հիմքեր ունի, որովհետեւ Հունանյանի «քաղաքական» պատվիրակն է՝ ինչպես 1999-ին, այնպես էլ այսօր։ Մի պատգամավոր էլ հանցագործներին հասկացնում է, որ նրանք պաշտպանված են՝ տուժողի շահերը իբր ներկայացնող փաստաբանով։ Ու այսպես մի ամբողջ ինստիտուտ ստեղծած՝ պաշտպանում են Հունանյանին, որ այսօրվա իրավիճակի «ճարտարապետն» է, հասարակությանը վարժեցնում են «Հոկտեմբերի 27»-ի հետ, որ կարողանան Հունանյանի եւ Թեհլերյանի միջեւ զուգահեռներ տանել։ Սակայն այս ամենն էլ քիչ են համարում։ Անգամ նախաքննության կիսատ-պռատությունը, դատավարությունից առաջ Ուզունյանին «Կենտրոնի» դատարան «գործուղելը», ԱԱՆ մեկուսարանում Հունանյանին «կրթելն» ու «դաստիարակելը» բավարար չեն համարում։ Մարդիկ տարբերում են ռազմավարականը մարտավարականից ու հենց դատարանի դահլիճում՝ նորահայտ մի չեկիստի շատ կարեւոր «առաքելություն» են վերապահել։ Դատական նիստի ընդմիջումն ու պետական փողերով հանցագործներին կերակրելու կարեւոր հարցերն էլ՝ տակտիկական վարժանքների քայլեր են։ Չեկիստի հավաքած ինֆորմացիան, անշուշտ, մշակվում է, ու դատավորը՝ նիստերի ընդմիջմանը, պարապությունից խաչբառ լրացնելու առիթ չի ունենում։ Իսկ դաշնակցական դպրոցի «հերոսական» խաչմերուկներով անցած Ն. Հունանյանը սնվում է նաեւ մեթոդական խորհուրդներով։ Ու այսպես, Խթը-ն՝ ակադեմիա, իսկ դատարանը՝ արագ արձագանքման կենտրոն դարձրած, ապահովում են նախաքննության ու դատավարության շարունակականությունը, դատողի ու դատվողի շահերի ընդհանրականությունը։ Եվ այս թատրոնի վերջին արարում, իսկապես, «լուրջ» խոսք է հնչելու։ Ներկայացման փորձերին ականատես մարդիկ պնդում են, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ ռեժիսորի արտասանած «լուրջ» խոսքը նոր բովանդակություն է հաղորդել գործին, իսկ դերասաններին՝ նոր լիցք։ Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆ