Հանգիստ կացեք կամ relax, պարոնայք Մոսկովյան փողոցի 31 շենքի 51 բնակիչ իր բողոքն է հղել «Առավոտ» թերթին՝ կապված իրենց շենքի տակ գործող «Ռելաքս» բար-դիսկոտեկի հետ։ Այցելեցինք վերը նշված հասցեն՝ բնակիչների հետ զրուցելու։ Նրանք պատմեցին, որ ինչ իրենց նկուղում 1996-ից գործում է վերը նշված օբյեկտը, իրենք կորցրել են քունն ու հանգիստը։ Հուժկու երաժշտության (երեկոյան 6-ից եւ մինչեւ գիշերվա 4-ը) եւ այցելուների սուլոց-բղավոցների ներքո քնելը պարզապես անհնարին է դարձել, իսկ երաժշտության բարձր ձայնից դղրդում են բնակարանների ապակիները եւ սկսել են թափվել պատերի ծեփերը։ Նրանք անքուն գիշերներ անցկացնելուց հետո սկսել են տառապել գլխացավով, նյարդային եւ հիպերտոնիկ հիվանդություններով։ Սակայն նրանց անհանգստությունը դրանով չի սահմանափակվում։ Բնակիչները ակամայից տհաճ տեսարանների եւ հարբածների «ռազբորկեքի» հանդիսատես են դառնում։ Իսկ ամառները իրենց բաց պատուհաններից ներս են խուժում ոգելից խմիչքի եւ քրտինքի տհաճ հոտեր։ Բնակիչները 1997-ից ուր ասես չեն դիմել։ ՆԳՆ-ից սկսած մինչեւ վարչապետ Ա. Մարգարյան եւ ՀՀ նախագահ Քոչարյան։ Բողոքի ձայնը հասել է միայն սանէպիդկայան։ Վերջինիս ներկայացուցիչները ստուգել են ձայնի դեցիբելը եւ մի գրություն տվել, որում նշված է, որ «Ռելաքսը» գերազանցել է սահմանված նորմերը։ Սակայն սանէպիդկայանի ազդեցությունը, ըստ բնակիչների, սահմանափակվեց մի քանի օրով, որից հետո ամեն ինչ շարունակվեց նույն կերպ։ Որոշեցինք զրուցել նաեւ «Ռելաքս» բար-դիսկոտեկի տիրոջ հետ։ Պարզվում է, որ վերը նշված օբյեկտը տնօրինում են քույր եւ եղբայր, իսկ աշխատողների հիմնական մասը նրանց հարազատներն են։ Տնօրեններ Լիզան եւ Բաբկենը ցույց տվեցին 2001թ. Կենտրոնի թաղապետարանի կողմից տրված՝ ժամը 24-ից հետո աշխատելու իրավունքը։ Իսկ սանէպիդկայանի ակտից հետո իրենց երաժշտության ձայնը նորմերի սահմանում է։ Նրանք նաեւ հերքեցին անպարկեշտ տեսարանների առկայության փաստերը։ Իսկ ինչ վերաբերում է պաշտոնյա անձանց. «Ինչի՞ չեն գալիս, գալիս են, պաշտոնյան ամեն տեղ էլ գնում ա»,- ասացին տերերը։ Հետո ավելացրին, որ 31 շենքի բնակիչները շատ անշնորհակալ են, իրենք վերանորոգել են ամբողջ սանհանգույցը, շքամուտքը։ Հետո ավելացրին, որ իրենց շենքում է ապրում Հմայակ Հովհաննիսյանը, որը ոչնչից չի բողոքում։ Ի դեպ, տերերն ասացին, որ բնակիչների բողոքների հիման վրա կատարվել են բազմաթիվ ստուգումներ։ Հսկողության տակ է եղել նաեւ ՆԳՆ վարչության կողմից, սակայն ոչ մի կասկածելի բան չհայտնաբերելու հետեւանքով, «Ռելաքսին» թույլ են տվել շարունակել իր գործունեությունը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ