Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս

Մայիս 04,2001 00:00

«ԳԱԶ ԿԱ, ԳԱԶ ՏՎՈՂ ՉԿԱ» Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել Ներքին Շենգավիթ համայնքի 7-րդ փողոցի մի խումբ քաղաքացիներ։ «Մոտ երկու ամիս առաջ մեր թաղամաս եկան Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը, Գազի վարչության պետը եւ պաշտոնատար այլ անձինք։ Թիվ 13 պոլիկլինիկայի մոտ ֆակել վառեցին եւ ժողովրդին ապացուցեցին, որ այդտեղ գազ կա։ Ժողովուրդը լավ ընդունելություն ցույց տվեց, գառ մորթեց նրանց պատվին։ Նրանք էլ խոստացան, թե շուտով մեզ գազ կտան։ Բայց մինչեւ օրս ոչ մի տեղաշարժ չկա»,- պատմում էր Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցի բնակիչներից մեկը։ Բնակիչները, ինչպես պարզվեց, բոլորն էլ «սրտանց» ուզում են գազ ունենալ, բայց դա, ըստ նրանց, հնարավոր չէ, քանի որ գազատար խողովակը չի հասնում մինչեւ 7-րդ փողոցի անկյուն. «Մեր փողոց հասցնելու համար անհրաժեշտ է 200-250 մետր խողովակ, բայց թե ինչպես այդ հարցը պետք է լուծվի՝ չգիտենք»,- ասաց նրանցից մեկը։ Բնակիչների կարծիքով, հարցը հեշտ լուծում կստանա, եթե 5-րդ փողոցի փոխարեն (որը ելակետային է) գազատար խողովակը հասցնեն մինչեւ 7-րդ փողոցի սկիզբ, որից հետո ցանկացած փողոցի բնակիչ, առանց պրոբլեմների, կարող է գազիֆիկացնել իր բնակարանը։ «Դրանից հետո ով ուզում է, թող քաշի։ Կուզի 5-րդ փողոցը կքաշի, 6-րդը կամ 7-րդը։ Տվել են 5-րդ փողոցին, էնտեղ քաշող չկա, մենք էլ տուժում ենք դրա պատճառով»,- ասաց մեկ այլ բնակիչ։ Ցանկացած բնակիչ իր բնակարանը գազիֆիկացնելու համար նախապես պետք է դիմում գրի եւ կատարի կանխիկ վճարում (40 հազար դրամ)։ «Միայն մեր փողոցից 20-30 ընտանիք պատրաստ է պահանջվող գումարը տալ, գազ քաշել։ Դա ամեն կողմից հուսալի է. եթե 100-200 դոլար պիտի տանք, ձմեռվա համար փայտ առնենք, այդ գումարը կտանք՝ գազ կքաշենք, ի՞նչ տարբերություն,- ասում էին ներքինշենգավիթցիները։- Բայց շատերը չգիտեն՝ ինչպես վարվել։ Եթե այդ տրուբեն փողոցի սկիզբ չի հասել եւ մենք չգիտենք՝ կհասնի, թե չէ, ո՞նց կարող ենք ռիսկ անել, փող հավաքել։ Հետո ումի՞ց էդ փողը վերցնենք»։ Այսպես մեկը մյուսին լրացնելով խոսում էին բնակիչները, բայց բոլորն էլ միակարծիք էին. «Երբ որ տրուբեն կբերեն-կհասցնեն փողոցի անկյուն, նոր էն ժամանակ դիմում կգրենք, փող կհավաքենք»։ Փողոցում ապրող բնակիչների մեծ մասը, ինչպես մեզ տեղեկացրին, տարեցներ են, թոշակառուներ եւ ի վիճակի չեն միանգամից այդքան գումար կանխիկ վճարելու. «Սաղս թոշակառուներ ենք, չենք կարա էդքան գումար մուծել, բայց նաեւ ուզում ենք գազ ունենալ,- ափսոսանքով ասաց մի ծեր կին եւ շարունակեց,- շատ կուզենայինք գումարը քիչ-քիչ մուծել, միանգամից ոչ ոք չի կարող, բոլորն էլ չքավոր ընտանիքներ են, չաշխատող»։ Ըստ գանգատվողների, «փողոցում գազի համար անհրաժեշտ բոլոր գծերն էլ կան, պարզապես գազ տվող չկա»։ Նրանք երանությամբ հիշեցին նաեւ «սովետի ժամանակները», երբ գազի պրոբլեմ չեն ունեցել։ Որոշ պարզաբանումների համար զրուցեցինք Շենգավիթ համայնքի արտադրաշահագործման ծառայության պետ Խաչատուր Բախշյանի հետ։ «Երկու օր առաջ այդ հարցի շուրջ խորհրդակցություն տեղի ունեցավ թաղապետ Մարտին Սարգսյանի մոտ, որին ներկա էին համայնքի ավագանիները եւ լիազոր ներկայացուցիչները։ Այդ հարցում խնդիր չկա, բոլորին էլ գազ հասնելու է։ Պարզապես հիմա շինարարական աշխատանքներ են կատարվում 850 մետր սնուցող գիծ կառուցելու համար»,- տեղեկացրեց պրն Բախշյանը։ Ըստ նրա, այդ 850 մետր սնուցող գիծը 2-9 փողոցների գազիֆիկացման համար է, իսկ ամբողջ Շենգավիթ համայնքի համար պետք է կառուցվի 3500 մետր գիծ։ Խ. Բախշյանը հայտնեց նաեւ, որ ելակետային համարվող 5-րդ փողոցը կապ չունի մյուս փողոցների հետ, քանի որ դա ուրիշ գիծ է։ Վերջինս իր դժգոհությունը հայտնեց բնակիչների վերաբերմամբ. «Փոխանակ իրենց հուզող հարցերով մեզ դիմելու, թաղապետարանին են դիմում։ Թող գան մեզ մոտ, կօգնենք, դիմում կգրեն եւ գազիֆիկացում կլինի»։ Պրն Բախշյանը հայտնեց, որ մինչեւ աշուն (եթե, իհարկե, ոչ ավելի շուտ) իրենց դիմած բնակիչները գազ կունենան։ Այն հարցին, թե հնարավոր չէ՞, որ բնակիչները գումարը ոչ թե կանխիկ, այլ մաս-մաս վճարեն, Խ. Բախշյանը պատասխանեց. «Ոչ, դա կախված չէ մեզանից։ Դա պետք է կատարվի «Հայռուսգազարդի» թույլտվությամբ»։ Իսկ անապահով ընտանիքներին այդ հարցում, ըստ Խ. Բախշյանի, խոստացել է օգնել թաղապետը՝ «Շենգավիթ» հիմնադրամի միջոցով։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել