Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ»

Մայիս 04,2001 00:00

«ՊԱՐՏՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ» Երեկ վերնագրի արտահայտությունը հանգերգի պես կրկնում էին խորհրդարանական խումբ-խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները՝ մեծ մասամբ գերադասելով չանդրադառնալ այն հարցին, թե ինչպես էր գոյացել այն 20 մլն դոլարանոց պարտքը, որը մարելու համար ԱԺ-ն հեշտությամբ արտոնեց կառավարությանը գրեթե դատարկել սեփականաշնորհումից ստացված գումարների «գանձարանը»։ Մինչդեռ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, միայն այն բանից հետո, երբ ԱԺ-ն հավանություն տվեց այս նախաձեռնությանը, բացահայտեց, որ այդ 20 մլն-ը ոչ միայն ատոմակայանի, այլ քիմիական, անտառային, շինարարական, թեթեւ արդյունաբերության ոլորտների ձեռնարկությունների պարտքերն էին, որոնք հետո վերաձեւակերպվել էին միջպետական պարտքի։ Սակայն այս տեղեկությունը քիչ բան փոխեց խորհրդարանական ուժերի դիրքորոշումներում։ ԱԺՄ վարչության անդամ Սեմյոն Բաղդասարյանը շարունակում էր այդ պարտքի «գլխավոր մեղավոր» դիտարկել էներգահամակարգը։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը նշեց. «Եթե խորանանք այդ հանգամանքների մեջ՝ բազմաթիվ բաներ կբացահայտվեն։ Բայց քանի որ փաստը մնում է փաստ, որ պարտքը կա եւ դրանով էր պայմանավորված ատոմակայանի հետագա աշխատանքը՝ ԱԺ-ին այլ ելք չէր մնում, քան համաձայնություն տալը, որ այդ պարտքը փակվի»։ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը թեեւ չէր պատկերացնում, թե ինչու պիտի թալանը կապեն պետական պարտավորությունների հետ, այնուամենայնիվ, կողմ էր այդ պարտավորությունները հարգելուն։ «Ժողովրդական պատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանը թեեւ խոստովանեց, որ այդ պարտքի «ծագումնաբանությունը» բուռն քննարկումների է արժանացել ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում, բայց նահանջել են՝ հիշելով, որ այդ գումարներն ի վերջո ծախսվել են 1992-93 թթ., երբ Հայաստանը պատերազմի մեջ էր։ Ա. Ի. Հ. Գ. Մեջբերված տեսակետներից էականորեն տարբերվում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանի դիրքորոշումը, որ կներկայացնենք «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել