Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները որոշ հետաքրքրական

Մայիս 04,2001 00:00

ԵՐԵՔ ՊԱՏԿԵՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ Խորհրդարանական երեկվա ճեպազրույցների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչները որոշ հետաքրքրական մանրամասներ պատմեցին։ Ֆիլմի վերջը Նախ մի զուգահեռ. քանի դեռ Արկադի Վարդան յանը սրտի ուզածին չափ անձամբ եւ իր լրատվամիջոցների միջոցով հայհոյում էր նախկին իշխանություններին՝ որեւէ խնդիր չուներ։ Ոչ նրան՝ որպես այլ երկրի քաղաքացու, զգուշացնում էին Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու անթույլատրելիության մասին, ոչ էլ իր կենսագրության մութ էջերն էին վերհանվում լրատվամիջոցներով։ Բայց այս ամենը եւ ավելի ծանր հետեւանքները հաջորդեցին, երբ նա իր եռանդն ուղղեց ներկա իշխանությունների դեմ։ Նույն բեմագիրն է կարծես նաեւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի պարագայում։ Երեկ նրա կուսակիցը՝ Ալեքսան Կարապետյանը հայտնեց, թե այն բանից հետո, երբ «Ազգային միաբանություն» կուսակցության պատվերով նկարահանվել է «Մենք» ֆիլմը, ուր հնչել է քննադատություն ներկա իշխանությունների հասցեին, Գեղամյանի բնակարանում սկսել են հնչել սպառնալից հեռախոսազանգեր նրա երեխաների հասցեին, զանգահարել են նաեւ կուսակցության գրասենյակ։ Ավելին. Ալեքսան Կարապետյանը հայտնեց, որ հանձնարարական կա Գեղամյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ միջոցառումներ ձեռնարկելու՝ շանտաժի եւ այլ ձեւերով նրան լռեցնելու համար։ «Ունենք տվյալներ, որ այդպիսի միջոցառումներ նախատեսվում են»,- ասաց պրն Կարապետյանը եւ խոստացավ, որ եթե ահաբեկումները շարունակվեն՝ իրենք հայտարարություն կանեն արդեն որոշակի փաստեր մատնանշելով։ Շփոթ կոմունիստների կուռ շարքերում Իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը փորձաքար է շատ կուսակցությունների համար։ Այսպես, մինչ Խորեն Սարգսյանը մայիսմեկյան հանրահավաքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականն էր պահանջում՝ նրա կուսակից Յուրա Մանուկյանը լրագրողին բացատրում էր, թե «որպես մարդ ու կոմունիստ» համաձայն չէ այդ ժամանակավրեպ պահանջին, որ կապակայունացնի իրավիճակը։ «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք նրանց անհատական մոտեցումներից անդին Հայկոմկուսը միասնական դիրքորոշում ունի՞ նախագահի հրաժարականի վերաբերյալ։ Յուրա Մանուկյանը «թվացյալ» անվանեց քաղաքական որոշ հարցերում իրենց հակադրությունը եւ նշեց. «Դուք պետք է դրանով ուրախանայիք, որ Կոմկուսում կա տարակարծություն այս կամ այն հարցի կամ խնդրի վերաբերյալ»։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի մենք ուրախանանք Կոմկուսում առկա տարակարծություններից։ «Մի շատ կարեւոր բան էլ կա, որ դուք չեք ուզում նկատել։ Կոմունիստների մեջ արդեն կա սեփական կարծիքը, սեփական մոտեցումը հայտնելու հնարավորություն։ Սա շա՛տ կարեւոր առաջխաղացում է»,- պրն Մանուկյանի հայտնած այս տեղեկությամբ արդեն արժե ուրախանալ։ Նա շեշտեց, թե հրաժարականի վերաբերյալ ՀԿԿ Կենտկոմը ոչ մի որոշում չունի, որը պարտադիր լիներ կոմունիստների համար։ Մինչդեռ Խորեն Սարգսյանն իր հերթին ասաց. «Հավատացնում եմ, որ ես դեռ չեմ արել նման մի բան, որ միայն իմ կամքով լինի։ Վերջերս տեղի էր ունեցել Կոմկուսի համագումարը, որի բանաձեւից էր բխում այդ պահանջը։ Եվ իմ ելույթն ի վերջո քննարկվել էր բյուրոյի ժամանակ»։ Այսինքն, ստացվում է, որ Յուրա Մանուկյանը դեմ է գնում համագումարի որոշումներին եւ բյուրոյին՝ հակադրվելով նախագահի հրաժարականի պահանջին, մեր այս հարցին ի պատասխան Յուրա Մանուկյանը դարձյալ պնդեց, թե որեւէ որոշում չկա. «Դրույթնե՛ր կան իշխանափոխության (…)։ Բայց դա չի նշանակում, որ համագումարում շարադրվել է, թե այսօր-վաղվանից պահանջելու ենք այս կամ այն իշխանավորի կամ կառավարության հրաժարականը։ Չկա՛ արդպիսի բան գրված։ Եվ եթե մի կոմունիստ գտնում է, որ դա կա եւ պարտավոր ենք անել, դա, շատ ներողություն, դեռեւս չի նշանակում, որ Կենտկոմը նման որոշում է ընդունել»։ Ֆոնի արձագանքը Տարակարծություններ եւ սեփական մոտեցումներով հանդես գալու միտումներ կան նաեւ մեկ այլ կուսակցությունում, որը նույնպես հայտնի է իր ուժեղ կարգապահությամբ։ Այսպես, Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր. «Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վերջին ժամանակներս, իսկապես, մտահոգիչ է եւ տարակուսանքների տեղիք է տալիս։ (…) Մտահոգված ենք եւ անթույլատրելի ենք համարում, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ մերձեցման նշաններ է ցույց տալիս։ Արդյոք այդ մերձեցման գինը Ղարաբաղում չի՞ գտնվում։ (…) Եթե մենք ռազմավարական դաշնակից ենք, մեր նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք պետք է լինի, քան հարեւան մյուս հանրապետությունների կամ Ռուսաստանի այլ հարեւանների։ Բայց մենք հաճախակի այդ բանը չենք տեսնում»։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցչի այս մտահոգություններն ընդհանրակա՞ն են ամբողջ դաշնակցության համար։ «Պրն Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական դիվանի երեք անդամներից մեկն է, քաղաքական ներկայացուցիչը չէ,- պարզաբանեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։- Եթե հիշում եք, Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի ակտիվություն նշմարվեց։ Եվ, կարծում եմ, պրն Հովհաննիսյանի այս դիտարկումն ընդամենն այդ ֆոնի արձագանքն է։ Որեւէ էական կամ նկատելի փոփոխություն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այսօր գրանցված չէ։ Դրանք մնում են իբրեւ ռազմավարական դաշնակիցների հարաբերություններ։ Սա գնահատում եմ իբրեւ ուղղակի մարտավարական քայլ՝ կատարված Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ֆոնի վրա։ Դաշնակցության վերաբերմունքն այս խնդիրներում չի փոխվել»։ Ըստ այդմ, Վահան Հովհաննիսյանը միայն սեփական մտահոգություններն էր արտահայտել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել