Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ

Մայիս 04,2001 00:00

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ԿԱՆ ՀՀԿ հերթական համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա մայիսի վերջին։ Նախորդը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ից առաջ՝ 1999թ. ձմռանը։ Ընտրվեց 25 հոգուց բաղկացած կուսակցության քաղաքական խորհուրդ։ Կարծում ենք, համագումարից առաջ հետաքրքիր կլինի ներկայացնել այն, ինչ մնացել է 25 հոգիանոց քաղաքական խորհրդից, նաեւ՝ խոսել այն մասին, թե ինչու այդպես ստացվեց։ Սկսենք սկզբից. ՀՀԿ անդամ էին եւ մինչեւ 1998թ. նաեւ կուսակցության քաղխորհրդի անդամ էին ընդամենը 4 հոգի՝ Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը, Գագիկ Մինասյանը, Գագիկ Գագյանը։ Քաղխորհրդի անդամներից 8-ը նաեւ ԵԿՄ անդամներ են. Դավիթ Զադոյան, Սմբատ Այվազյան, Արա Կետիկյան, Արտակ Զեյնալյան, Վահան Զատիկյան, Ալբերտ Բազեյան, Վլադիմիր Սարգսյան, Մկրտիչ Մկրտչյան։ Այսօրվա դրությամբ ՀՀԿ քաղխորհրդում 25 անդամի փոխարեն 18 անդամ կա։ Պատճառները բազմաթիվ են։ Նախ, ըստ կուսակցության կանոնադրության՝ քաղխորհուրդը ընտրում է համագումարը եւ համագումարից համագումար ընկած ժամանակահատվածում խորհրդից դուրս եկածների կամ բնական պատճառներով խորհրդից հեռացածների տեղերը մնում են թափուր։ Ժամանակին, երբ ընտրվում էր կուսակցության քաղխորհուրդը, որոշվեց, որ խորհրդի անդամ կդառնան ՀՀԿ նախկին խորհրդի 10 անդամից 9-ը (այն ժամանակ չընտրվեց Աշոտ Աղաբաբյանը), 9 հոգի ընտրվեցին ԵԿՄ անդամներ, մնացածը՝ դրսից ներառված մարդիկ էին։ Այսօր ՀՀԿ մինչ 99 թվականը եղած խորհրդից մնացել են 8-ը (զոհվել է Յ. Բախշյանը), ԵԿՄ-ից՝ 4 անդամ, մնացածը՝ դրսից են։ ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամների շարքում թերեւս ամենահետաքրքիր անդամը ՀՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյանն է, որը, ըստ խորհրդի որոշ անդամների վկայության, խորհրդի անդամ դառնալու ամբողջ ընթացքից ի վեր մասնակցել է ընդամենը երկու, ըստ որոշ պնդումների՝ երեք նիստի։ Ի դեպ, Ալեքսան Հարությունյանին խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկը Վազգեն Սարգսյանինն է եղել։ ՀՀԿ-ն հետաքրքիր ճանապարհ է անցել իր քաղաքական կապերի առումով։ Ժամանակին եղել է ՀՀՇ-ական ընդդիմադիր, սակայն 1995-ին կողմնորոշվեց դեպի իշխանությունները՝ ընդգրկվելով «Հանրապետություն» միավորման կազմում։ 1998-ի իշխանափոխության շրջանում կուսակցությունը դուրս եկավ «Հանրապետություն» միավորումից՝ որոշ ժամանակ մնալով անկախ, ավելի ուշ փորձեց համոզել Վազգեն Սարգսյանին, որ նոր կուսակցություն ստեղծելու հարկ չկա, կարելի է նաեւ ՀՀԿ-ին միանալ։ Ինչը եւ արվեց։ Այսօր, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ասելով, կուսակցությունը մոտ 6 հազար անդամ ունի։ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, կուսակցությունից հեռացածները այնպիսի թիվ չեն կազմում, որ կարելի լինի խոսել ՀՀԿ-ի պառակտման մասին. «Կուսակցությունը ոչ քանակական, ոչ որակական կորուստ չի ունեցել այս ընթացքում։ Իհարկե, Վազգեն Սարգսյանի կորուստը շատ մեծ հարված էր կուսակցությանը։ Սակայն համոզված եմ, որ իրենից հետո այս տարիուկես ժամանակահատվածը ցույց տվեց, որ կուսակցությունը իր մեջ ուժ գտավ, որ չկոտրվի այդ ողբերգական իրադարձությունից հետո եւ կարողացավ մյուս կուսակցությունների հետ նորմալ հարաբերություններ ստեղծել»։ Անշուշտ, առաջիկա համագումարում կուսակցությունը նաեւ գնահատական կտա Անդրանիկ Մարգարյանի կառավարության աշխատանքին, վերջին հաշվով՝ ՀՀԿ-ի գործադիր աշխատանքին։ Ինչպիսին կլինի այդ գնահատականը, պրն Թորոսյանը չասաց. «Շատ քիչ ժամանակ է մնացել, ընդամենը մի քանի շաբաթ։ Կարծում եմ, կարող ենք սպասել եւ գնահատականը լսել համագումարում։ Բնականաբար, գունազարդելու որեւէ ցանկություն չունենք։ Նաեւ մեզ համար ակնհայտ էին թերությունները եւ այն բարդությունները, որոնք առաջանալու էին, երբ պրն Մարգարյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Սակայն կուսակցության ստեղծման նպատակը իշխանության մեջ կարեւոր դերակատարություն ունենալն է։ Մնում է մեկ բան՝ հաջողությամբ իրագործել ծրագրերը։ Հուսանք, որ հաջողություններ կլինեն, որովհետեւ, եթե հաջողություն լինի, դա միայն Հանրապետական կուսակցության հաջողությունը չի լինի, դա կլինի երկրի հաջողությունը»։ ՀՀԿ-ն ցեղակրոն կուսակցություն է, ինչո՞վ է արտահայտվում ցեղակրոնությունը կառավարության գործունեության մեջ, եւ կուսակցությունը շարունակո՞ւմ է հավատարիմ մնալ ցեղակրոնությանը. «Խնդիրը հետեւյալն է։ Նախ, ամբողջություն կուսակցության մասին խոսելիս, պետք է ընդունել, որ կուսակցությունում որոշ թվով մարդիկ կան, որոնք գալիս-գնում են, եւ բնական է, որ այդ մարդկանց հավատարմության մասին խոսելն ավելորդ է։ Նաեւ այլ խնդիր կա՝ տարբեր դիրքեր զբաղեցնող մարդիկ գաղափարախոսությանը տարբեր չափով են ծանոթ եւ տարբեր չափով կարող են ներկայացնել։ Բայց գործադիր իշխանության աշխատանքները կապել այդ գաղափարախոսության հետ, իհարկե, կարելի է, եթե վերլուծենք այն իմաստով, թե ինչո՞վ են գործողությունները հարազատ այն սկզբունքներին, որոնք այդ գաղափարախոսության մեջ արձանագրված են»։ Պրն Թորոսյանը հիշեցրեց, որ գործադիր իշխանությունը ոչ ամբողջությամբ է ձեւավորված հանրապետականներից, այնուամենայնիվ, կարծում է, որ ե՛ւ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ կառավարությունում գտնվող իրենց մյուս ընկերները շատ հաճախ հարազատ են մնում գաղափարախոսությանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել