ՎԵՐԱԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է Այսօր Ժուռնալիստի տանը տեղի ունեցավ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահն ու անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Օրակարգում ընդգրկված էր ընդամենը մեկ հարց՝ հեռուստառադիոընկերությունների վերաարտոնագրման կարգը։ Հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանը նշեց, որ այդ հարցին հանձնաժողովի անդամները ծանոթացել են, եւ նրանց բոլոր դիտողություններն ընդգրկված են ներկա փաթեթում։ Անցկացվեց քվեարկություն եւ հաստատվեց վերաարտոնագրման կարգը։ Ըստ Գ. Ամալյանի, գործընթացի իմաստը վերաարտոնագրումը կապի նախարարության դաշտից հանձնաժողով բերելն ու այդ իրավունքը հանձնաժողովին տալն է։ Հանձնաժողովի նախագահը չկարողացավ ստույգ թվեր ասել, թե ներկայումս քանի արտոնագրված լրատվամիջոց կա։ «Մոտավոր» թվերով՝ արտոնագրված է 15 հեռուստաընկերություն եւ մոտավորապես այդքան էլ ռադիոընկերություն։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ