ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ՝ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻՆ «Ազգ» օրաթերթի կազմակերպած երգիծական ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ երեկ՝ «Թեքեյան» կենտրոնում, նվիրված էր Մամուլի ազատության օրվան։ Ներկայացված էին Արզօյի, Տոտոյի, Աբրոյանի, Ագնեսի, Դավիթի, Նիկոյի, Յարալյանի գործերը (յուրաքանչյուրից՝ 5-ական աշխատանք)։ Նրանք բոլորն էլ աշխատել կամ աշխատում են մամուլում։ Ծաղրանկարիչներից ամենաերիտասարդը՝ Ագնեսը, գրանցվել է ռուսական Գինեսի ռեկորդակիրների գրքում՝ որպես միանգամից երկու ձեռքով նկարող նկարչուհի։ Ցուցահանդեսի բացման խոսքում «Ազգի» գլխավոր խմբագիրը հյուրերին խնդրեց, որ այս միջոցառումն ընկալեն ոչ թե որպես ծաղրանկարների, այլ՝ երգիծանկարների ցուցահանդես, քանի որ ծաղրանկարն ավելի նեղ ու ցածր հասկացություն է։ Նրա կարծիքով, ցավալի է, որ մամուլում երգիծանկարները կցվում են հոդվածներին՝ դրանով իսկ ցածրանում է նրանց դերը. «Երգիծանկարն՝ ինքը, հոդվածի (կամ հոդվածների) խտացված տարբերակ է»։ Ներկայացված աշխատանքները շատ հրատապ թեմաներով էին։ Մասնավորապես շեշտված էին քրիստոնեության 1700-ամյակի, կրթական քայքայված համակարգի, բաշխիչ ցանցերի չկայացած վաճառքի եւ այլ ժամանակակից թեմաներ։ Շատ դիպուկ էին Տոտոյի ներկայացրած «լրագրողի տեսակները»։ Դրանց մեջ կային ե՛ւ կաշառակեր, ե՛ւ լավատես, ե՛ւ հեռատես, ե՛ւ ազգայնական, ե՛ւ վատախոս, ե՛ւ սադիստ, ե՛ւ մազոխիստ լրագրողներ, անգամ՝ գրամոլ։ Թերեւս օրվա թեմային ամենից մեծ առնչություն ունեցողը հենց այս շարքն էր։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ