Մոհիկանների ժամանակը դեռ կգա Հայաստանի Գրողների միությունում երեկ կայացավ Ռաֆայել Ղազանչյանի «Հառնող մոհիկաններ» գրքի շնորհանդեսը։ Սա արձակագրի թվով 10-րդ ժողովածուն է, որը եկավ լրացնելու հայ մարդկանց անցյալի, ներկայի ու ապագայի մասին պատմող, լայն ընթերցողի կողմից արդեն սիրված «Օտար մտերիմներ», «Ճամփորդը», «Ազդանշան», «Տաք անձրեւ», «Երկար Աբելը», «Հայրենական տունը», «Դարձի կանչեր», «Ոսկեփայլ ծնծղան», «Առյուծի տարին» գրքերի շարքը։ Ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին շրջանի գործերը՝ «Ավեր տան սյունը» եւ «Պատիժ» վիպակներն ու պատմվածքներ։ Գրքի քննարկման ժամանակ արձակագիր Գրիգոր Ջանիկյանը Ռաֆայել Ղազանչյանին բնութագրեց որպես հայ գրականությանը նվիրված ազնվագույն մշակ («Առավոտի» խմբագրակազմը եւս դա հավաստում է՝ նախկին գործընկերոջ իրավունքով) եւ ափսոսանք հայտնեց, որ ներկա պայմանները հնարավորություն չեն տալիս ավելի մեծ շուքով եւ ըստ արժանվույն նշել ինչպես «Հառնող մոհիկանների» ծնունդը, այնպես էլ՝ Ղազանչյանի ծննդյան 60 եւ գրական շրջանակներ մուտք գործելու 40-ամյակը։ Ըստ Գ. Ջանիկյանի, Ռաֆայել Ղազանչյանն այն մարդն է, որ ունեցել է եւ ունի ասելիք, իսկ պատմվածքի դժվար եւ քչախոսություն պահանջող ժանրում նման գոհարներ ստեղծելը խոսում է արձակագրի ի բնե տաղանդի մասին։ «Ռաֆայել Ղազանչյանն ազնվագույն գրող է, չի տարվում այսօրվա շլացուցիչ կարգախոսներով, տեսնում է ժողովրդի հոգին, նայում աչքերի մեջ ու զգում նրա տառապանքը։ Այս գիրքն արժեքավոր է նաեւ նրանով, որ լուրջ գրված գիրք է, չկան գրական ծեքծեքումներ ու պոզաներ»,- հավելեց Գրիգոր Ջանիկյանը։ Ասելով, որ Ռաֆայել Ղազանչյանն արդեն վաղուց կայացած գրող է եւ կարիք չունի գործընկերների կողմից խանդավառվելու, Գ. Ջանիկյանն ավելացրեց. «Չնայած դրան, պիտի ասեմ, որ անհամբեր սպասում եմ նրա մյուս գրքերին»։ Բավական երկարաշունչ վերլուծությամբ հանդես եկավ Նորայր Ադալյանը, բայց, մինչ այդ, շեղվելով օրվա խնդրից, ցավ հայտնեց «շնչահեղձ եղած «Գրական թերթի» կապակցությամբ», նաեւ առաջարկեց դահլիճի պատերին փակցված լուսանկարների կողքին ավելացնել երկար տարիներ ՀԳՄ-ն ղեկավարած գրողներ Էդուարդ Թոփչյանի եւ Վարդգես Պետրոսյանի նկարները, ինչպես նաեւ՝ Պարույր Սեւակի լուսանկարը փոխարինել ավելի հաջողվածով։ Վերադառնալով կոնկրետ հավաքի թեմային, պրն Ադալյանը շեշտեց, որ Ռաֆայել Ղազանչյանի անցած գրողական 40-ամյա ճանապարհից ինքը ոչինչ բաց չի թողել եւ գտնում է, որ այս նոր ժողովածուն լիովին արժանի է դրվելու նախկինների կողքին. «Այս պատմվածքների մեջ, վիպակներում Ղազանչյանը կարողացել է անցյալի միջոցով առավելագույնս անդրադառնալ ներկային։ Պատմվածքներում՝ պապի ու որդու հետ մեկտեղ, գրեթե միշտ թոռն էլ կա, որի միջոցով էլ պիտի կրկին հառնի մոհիկանը»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Ցավալի, բայց եւ օրինաչափ էր այն, որ ներկա գրողների հիմնական մասը «Հառնող մոհիկանները» չէր ընթերցել։