Լրահոս
Օրվա լրահոսը

1993-ին

Մայիս 03,2001 00:00

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՈՒ ԱՅՍՕՐ 1993-ին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր համաժողովը մայիսի 3-ը հայտարարեց Ազատ մամուլի միջազգային օր։ Դրա հիմքում ընկած էր 1991թ. մայիսի 3-ին Վինդհոյեքում (Նամիբիա) կայացած սեմինարի ժամանակ աֆրիկյան անկախ եւ բազմակարծիք մամուլի մասին ընդունված հռչակագիրը։ Տասնամյակ առաջ ընդունված այդ փաստաթուղթը սկիզբ դրեց ողջ աշխարհում մամուլի անկախության եւ ազատության գործընթացի տարածմանն ու խորացմանը։ Իսկ ինչպիսի՞ն էր այդ առումով մամուլը Հայաստանում 10 տարի առաջ եւ այսօր։ Այս հարցին պարզաբանումներ տվեցին մեր երկրի մամուլը ներկայացնող մի քանի թերթերի գլխավոր խմբագիրները։ Գագիկ Մկրտչյան, «Հայոց աշխարհ»- Միանշանակորեն կարելի է ասել, որ մամուլի վրա ճնշումները ավելի թուլացել են, քան 10 տարի առաջ էր։ Այսօր լրատվամիջոցներն զգալիորեն ավելի անկախ են։ Թեեւ ֆինանսական անկախության առումով որեւէ առաջընթաց հնարավոր չէ արձանագրել։ Ե՛վ տասը տարի առաջ, ե՛ւ այսօր թերթերը ֆինանսավորվում են կամ կուսակցությունների, կամ էլ որոշակի անհատների կողմից։ Ուղղակի պետք է նշել, որ մամուլի գործունեության վրա իշխանությունների բիրտ ճնշումները ավելի թուլացել են այսօր, ու ազատ գործելու հնարավորությունն ավելի մեծացել է։ Նիկոլ Փաշինյան, «Հայկական ժամանակ»- Կոնկրետ 93 թ. մամուլն ավելի ազատ էր։ Մամուլի ազատություն ասելիս, նկատի չունեմ այն ազատությունը, որ ընձեռում է Հայաստանի իշխանությունը մամուլին, այլ՝ ազատության ձգտման չափը, որ մամուլն ունի։ Մասնավորապես ուզում եմ ընդգծել, որ այն ժամանակ լրատվական աշխարհի ազատության ձգտումը ավելի շատ էր, ու պետք է ասել, որ հնարավորություններն էլ՝ դրան հասնելու, ավելի շատ էին եւ հասնում էին։ Եթե լրատվամիջոցը իրականում ձգտում է ազատության, ապա ոչ մի իշխանություն չի կարող խոչընդոտել դրան։ Խոսքի ազատությունը գուցե կարող է ճնշվել, ինչ-որ կերպ խանգարվել, սակայն դրա գոյության փաստը միայն լրագրողներից է կախված։ Ի վերջո, ըստ իս, յուրաքանչյուր լրագրող ինքն է որոշում իր ազատության չափը։ Ես գտնում եմ, որ «Հայկական ժամանակը» այսօր միանգամայն ազատ ու անկախ օրաթերթ է։ Ես՝ որպես գլխավոր խմբագիր, ինձ ավելի ազատ ուղղակի չեմ պատկերացնում։ Հովհաննես Գալաջյան, «Իրավունք»- Այդ 10 տարիների ընթացքում մեր ոլորտում ազատության առումով դրական տեղաշարժ է եղել։ Բայց դա ոչ թե իշխանությունների ձեռքբերումն է, այլ հենց լրագրողների։ Իշխանության մյուս թեւերի հետ համեմատած, այսօր 4-րդ իշխանությունը ամենակայացածն է։ Իսկ մեր թերթն այսօր ինքնաֆինանսավորվող լրատվամիջոց է, ազատության սահմանափակում չկա ու չի էլ կարող լինել։ Տիգրան Ֆարմանյան, «Հայաստանի Հանրապետություն»- Մամուլն այսօր ազատ է, բայց ոչ անկախ։ Իսկ ազատությունը շատ է, նույնիսկ չափից ավելի, որ երբեմն արդեն բացասականորեն է դիտվում։ Իսկ այս 10 տարիների ընթացքում ոչ թե ազատության, այլ գերազատության միտում է եղել։ Մեր թերթի հետ կապված կարող եմ ասել, որ ազատ ենք ու խոսքի ազատությունը լիովին պահպանվում է։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել