Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Մայիս 03,2001 00:00

Վառարաններին կփոխարինե՞ն Ձնծ-երը «Առավոտի» ստացած ահազանգի համաձայն՝ Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետ Վաղինակ Սայադյանի վարորդը եւ վարչության աշխատակից Մուշեղ Գրիգորյանը վաճառել են դպրոցներին հասանելիք դիզվառելիքը եւ բարձրացած աղմուկից հետո ստիպված են եղել նրանց աշխատանքից ազատել։ Բայց քանի որ Վ. Սայադյանն ու Մ. Գրիգորյանը ՀՅԴ մարզային կոմիտեի անդամներ են, այսինքն՝ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի կուսակիցները, այդ ազատումը ձեւական բնույթ է կրում եւ իրականում նրանք շարունակում են աշխատել։ Արագածոտնի մարզպետը չհաստատեց այս տեղեկությունները՝ պնդելով, որ նման ոչ մի դեպք իրենց մարզում չի արձանագրվել։ Հաստատեց, որ կրթության վարչության պետը ՀՅԴ անդամ է, բայց Մուշեղ Գրիգորյանը դաշնակցության հետ որեւէ կապ չունի։ Հրայր Կարապետյանը նաեւ հաստատեց, որ Վաղինակ Սայադյանի վարորդն ու Մ. Գրիգորյանը ազատվել են աշխատանքից, սակայն՝ սեփական դիմումի համաձայն, իրենց ցանկությամբ եւ ոչ թե մարզպետի հրամանով։ Ընդ որում՝ Մ. Գրիգորյանի աշխատանքից Արագածոտնի մարզպետը շատ գոհ է եղել, սակայն Մուշեղ Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ մայրաքաղաք այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառաբանությամբ։ Հրայր Կարապետյանի հավաստմամբ՝ մարզում դիզվառելիքի բաշխումն իրականացվել է առանց օրինախախտումների։ Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունը, հարկային մարմինները ստուգումներ անցկացրել են եւ նույնպես ոչ մի օրինախախտում չեն արձանագրել։ Ի պատասխան մեր հարցին՝ Արագածոտնի մարզպետը պնդեց, որ այդ ստուգումները որեւէ ահազանգի հետեւանք չէին։ Պարզապես ամեն տարի, դիզվառելիքի բաշխումից հետո այդ մարմինները ստուգում են, թե ինչպես է այն իրականացվել։ Այնուամենայնիվ, Հ. Կարապետյանը չժխտեց, որ վառելիքի ու ընդհանրապես ցանկացած օգնության բաշխման ընթացքում ահազանգեր լինում են, որոշ ահազանգերի հետքերով մարզպետն ինքն է գնացել, բայց դիզվառելիքի բաշխման հարցում որեւէ խախտում չի արձանագրվել։ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը, որ դպրոցները դիզվառելիքով ապահովելու պետական ծրագրի պատասխանատուներից է, նույնպես տեղյակ չէր նման փաստի մասին։ Մեր այն հարցին, թե ընդհանրապես ինչպե՞ս է ընթացել վառելիքի բաշխումը եւ որեւէ օրինախախտումներ այլ մարզերում արձանագրվե՞լ են, պարոն Զարգարյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ նորմալ է ընթացել։ Վառելիքի բաշխման օրինականության կամ անվտանգության կանոնների խախտումների, դժբախտ պատահարների դեպքեր չեն արձանագրվել։ Միակ ահազանգը եղել է Արարատի մարզից։ Բողոքել են վառելիքի վատ որակից եւ տհաճ հոտից։ Դիզվառելիքն ուղարկվել է հետազոտման՝ Ստանդարտացման եւ սերտիֆիկացման վարչության համապատասխան ծառայություն։ Ըստ հետազոտման եզրակացության՝ դիզվառելիքը համապատասխանել է պահանջվող չափանիշներին։ Իսկ վատ հոտի պատճառ, ըստ մասնագետների, կարող էին լինել լավ չմաքրված ծխնելույզները կամ չօդափոխվող սենյակները։ Ահազանգի հետքերով Ռ. Զարգարյանը այցելել է Արարատի մարզի մի քանի դպրոցներ ու որոշ տեղերում վառելիքը թափված է եղել հատակին՝ ծանրացնելով դասասենյակի օդը։ Ու թեեւ դժբախտ դեպքեր չեն արձանագրվել, սակայն փոխնախարարի կարծիքով, դպրոցները դիզվառելիքով ջեռուցելու եղանակն ամենաանհաջողն է եւ ցանկալի է, որ ջեռուցվեն էլեկտրական Ձնծ-երով, ինչպես մայրաքաղաքի դպրոցները, ինչն ավելի անվտանգ է եւ սանիտարահիգիենիկ առումով նախընտրելի։ Ռ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել կառավարությանը՝ այս հարցը լուծելու համար։ Եթե մինչեւ աշնան վերջը մարզպետարանները կարողանան դպրոցներն ապահովել Ձնծ-երով, վառարաններն այլեւս չեն օգտագործվի եւ դիզվառելիքի համար ծախսվող գումարը էլեկտրաէներգիայի համար կվճարեն։ Ըստ Ռ. Զարգարյանի՝ դա ամենեւին էլ ավելի թանկ չի լինի, մանավանդ, եթե գիշերային հաշվիչներ տեղադրեն եւ դասասենյակները հիմնականում տաքացնեն գիշերը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել