Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական Դատարանը երեկ քննության առավ «Դոպինգի դեմ կոնվենցիայի»՝ Սահմանադրությանը համապատասխանե

Մայիս 03,2001 00:00

«ՔՆԱԾ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ Սահմանադրական Դատարանը երեկ քննության առավ «Դոպինգի դեմ կոնվենցիայի»՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Օրակարգում նախատեսվել էր նաեւ «Էներգետիկ խարտիայի պայմանագրի առեւտրի հետ կապված դրույթների վերաբերյալ ուղղումների մասին» որոշման հարցը նույնպես, սակայն շնորհիվ արտաքին գործերի նախարարության թարգմանիչների (քանի որ հայերեն եւ անգլերեն տարբերակներում առկա են եղել էական տարբերություններ)՝ հարցի քննարկումը հետաձգվեց։ Չնայած նիստին էլ հիվանդ-հիվանդ ներկայացել էր ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ նախարար Կարեն Գալուստյանը։ Դոպինգի դեմ կոնվենցիայի կապակցությամբ պատասխանողն էր սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանը, զեկուցողը՝ ՍԴ անդամ Վ. Սահակյանը։ Տեղեկացնենք, որ վերոնշյալ փաստաթուղթը ստորագրվել է դեռ 1999թ. Ստրասբուրգում։ Հայաստանից ստորագրել է Վարդան Օսկանյանը։ Ըստ զեկուցողի, նախատեսվում էր դոպինգ դեղամիջոցների կիրառումը սպորտում սահմանափակող օրենքներ, ներպետական տարբեր միջոցառումներ։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել Եվրախորհրդի բոլոր անդամ երկրներում, բացառյալ՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մալթայի, Մոլդովայի, Ալբանիայի… ՍԴ անդամները այս կոնվենցիայի իրավակիրառական պրակտիկային անդրադառնալիս՝ հիշատակեցին ամենաթարմ օրինակը. օլիմպիական խաղերում Հայաստանը զրկվեց մեդալից՝ մարզիկի դոպինգ ընդունելու պատճառով։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցրեց. – Փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել օլիմպիադայից շատ ավելի վաղ։ Կից տեղեկանքների մեջ գտա ԱԳ նախարարի տեղակալ պրն Բայբությանին ուղղված ձեր դիմումը (22.03.99թ.)՝ դոպինգի ընդունման դեմ կոնվենցիայի հայերեն թարգմանությունը, որտեղ հարց էիք առաջադրել, որ փաստաթուղթը Հայաստանն անմիջապես պիտի վավերացնի։ Դեռ 1999թ. ապրիլին արձագանքել են արդարադատության, ֆինանսների նախարարությունները։ Տպավորությունն այն է, որ եթե ստորագրվեր, մեր մարզիկներն էլ իմանային կարգի մասին, պայմանագրից բխող պատասխանատվությունը, համապատասխան ձեւով կներկայանային օլիմպիական խաղերին։ Ինչո՞ւ դա չի արվել։ Փոխնախարարը պատասխանեց, որ հարցը միայն օլիմպիական խաղերին չի վերաբերում, այլ միջազգային-պաշտոնական մրցաշարերին, աշխարհի առաջնություններին։ Ի. Զաքարյանը տեղեկացրեց նաեւ, որ ըստ կարգի, մինչեւ օլիմպիական խաղեր մեկնելը, հավաքական թիմերը ենթարկվել են բժշկական ստուգման։ «Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած որեւէ մարզիկի մոտ դրական արդյունք չի արձանագրվել»,- որպես հավաստում այս ամենի՝ նշեց նաեւ, որ բժիշկները եղել են «միջազգային համապատասխան կառույցներից»։ Ինչ վերաբերում է փաստաթղթի վավերացումն ուշացնելուն, փոխնախարարն ասաց, որ ԱԳ նախարարի կողմից փաստաթուղթը ստորագրվել է 2000թ. մայիսի 26-ին։ Ի դեպ, կոնվենցիային միանալու հետ կապված պատասխանողը չթաքցրեց, որ գիտատեխնիկական հնարավորությունների հետ կապված կլինեն բարդություններ եւ, որ «զուտ տեխնիկական պայմաններից ելնելով՝ այսօր մեր մարզիկներին մինչեւ վերջ չենք կարողանում լիարժեք ստուգման ենթարկել»։ Ի դեպ, ֆինանսների նախարարությունը հայտնել էր, թե «կոնվենցիայով ՀՀ-ն լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չի ստանձնում»։ Մի դեպքում խոսք է գնում ֆինանսատեխնիկական դժվարությունների մասին, մի դեպքում՝ թե ֆինանսական պարտավորություն չի ստանձնում եւ, մի դեպքում էլ՝ փոխնախարարը հայտնում է, թե «մինչեւ աշուն, մենք մեր հնարավորությունների սահմաններում, առանց լրացուցիչ ֆինանսներ պահանջելու՝ կկարողանանք ձեւավորել գիտաբժշկական լաբորատորիա, որը զբաղվելու է հենց այդ խնդրով»։ Մեզ համար մտահոգիչ էր դառնում կոնվենցիայի՝ ինչպես այլ իրավական փաստաթղթերի ՍԴ «գործուղվելու» խնդիրը. տարիներ շարունակ փաստաթղթերը քնեցվում են, տարբեր նախարարություններ տալիս են իրենց եզրակացությունները, տարիներ է տեւում ստորագրումը, հետո՝ ԱԺ-ում վավերացումը։ Փաստաթղթերն, ըստ էության, ապրում են թափառաշրջիկ կյանքով եւ, ոչ ոք դրա մասին չի մտածում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել