Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր բռնագաղթածները միայն Ադրբեջանի՞ց են

Մայիս 03,2001 00:00

Մեր տարբերակված հայրենակիցները Մեր բռնագաղթածները միայն Ադրբեջանի՞ց են Նոր Նորքի ուսանողական ավանի թիվ 2 մասնաշենքում երեք սենյակ է զբաղեցնում Ալեքսան Գոմցյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքը։ Աբխազիայում կորցնելով տունը, ունեցվածքը, այգին, ենթարկվելով բարբարոսական խոշտանգումների եւ, արդյունքում, կորցնելով նաեւ առողջությունը, 2-րդ կարգի հաշմանդամ Ա. Գոմցյանը հաջողեցրել է միայն ընտանիքը մի կերպ հասցնել Հայաստան։ Չենք նկարագրում այն վայրագությունները, որոնք ապրել են պատերազմական գործողությունների ժամանակ մեր հայրենակիցները Հյուսիսային Կովկասում, որոնք «Առավոտին» հասցեագրած նամակում ավելորդ չի համարել պատմել Ա. Գոմցյանը. դրանք սարսափելի մղձավանջ են հիշեցնում։ Այստեղ՝ Հայաստանում, որտեղից Աբխազիա Ա. Գոմցյանն, ի դեպ, գործուղվել էր անմիջապես բուհն ավարտելուց հետո, այս կարգի մարդկանց ապաստան է տրվել։ Նրանք ձեռք են բերել, այսպես ասած, հարաբերական անդորր։ Սակայն այստեղ նրանց էլի մի «դաժան մրցակցություն» էր սպասում. նրանք ոչ միայն տուն ու տեղ չունեն, այլեւ՝ կարգավիճակ։ Ըստ միջազգային համաձայնագրերի, զինված հակամարտությունների պատճառով իրենց բնակավայրերը լքածները չեն համարվում փախստական՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Սա նշանակում է, որ բնակարան հատկացնելիս եւ, ընդհանրապես, սոցիալական ցանկացած միջոցառում իրականացնելիս նախապատվությունը տրվում է Ադրբեջանից բռնագաղթածներին։ Այս դեպքում էլ Ա. Գոմցյանի ընտանիքին պատրաստվում են զրկել հանրակացարանի 5-րդ հարկի սենյակներից եւ տեղավորել կիսանկուղային առաջին հարկում։ Հիշեցնենք վերջինիս առողջական անմխիթար վիճակը (այս պահին էլ նա բուժվում է «Սթրես» կենտրոնում)։ Նրա խնամքի տակ է դպրոցահասակ եւ զորակոչային տարիքի երեխաներից բացի, նաեւ՝ 3-րդ կարգի հաշմանդամ մայրը։ Ի դեպ, Ա. Գոմցյանի պահանջները ոչ միայն բնակարանային պայմաններին եւ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքին են առնչվում։ Այս մարդիկ ցանկություն ունեն ստանալու ՀՀ անձնագրեր եւ համարվելու ՀՀ քաղաքացիներ՝ բոլոր իրավունք-պարտականություններով։ ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը հաստատեց. Չեչնիայից, Աբխազիայից, Հյուսիսային Օսեթիայից 1992-94թթ. Հայաստան եկած մոտավորապես 7000 մարդ չունի որեւէ կարգավիճակ։ Այստեղ նրանց քիչ թե շատ սոցիալական պաշտպանություն ցուցաբերելը միայն բարոյական, մարդասիրական եւ ամենեւին ոչ օրենսդրական տեսանկյունից է կատարվում։ Սկզբում նրանց մեկ տարով տրվել է ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ։ Այժմ այս խնդիրն ավելի հիմնավոր մոտեցման կարիք ունի։ Պրն Եգանյանը հայտնեց, որ հարցով շահագրգիռ նախարարություններից այս փոփոխությունների ներկայացված տարբերակի շուրջ դիտողություններ չունեն եւ հավանաբար եկող շաբաթ դրանք կներկայացվեն կառավարության քննարկմանը։ Փոփոխություններում հստակեցվում է մեր պետության վերաբերմունքն այս մարդկանց նկատմամբ, որոնք մինչեւ հիմա անտեսված են եղել, սահմանվում է կարգավիճակ եւ այլն։ Կա մի ուրիշ խնդիր եւս։ Այս մարդիկ օգտվում են խորհրդային նմուշի անձնագրերից կամ առհասարակ չունեն անձնագիր եւ Հյուսիսային Կովկաս, ասենք՝ ծնողների գերեզման, այցելելու եւ վերադառնալու հնարավորությունից զրկված են։ Հին անձնագրերով նրանց Վրաստան մտնել թույլ կտրվի, դուրս գալ՝ ոչ։ Գագիկ Եգանյանը Հայաստանում Վրաստանի դեսպանին ներկայացրել է այս խնդիրները եւ առաջարկել այս մարդկանց տալ ժամանակավոր տեղեկանք, որը թույլ կտա մեկ անգամ սահմանը անցնել եւ վերադառնալ։ Այս տարվա փետրվարին Թբիլիսիում եղած ժամանակ պրն Եգանյանը հաճելիորեն զարմացել է իր նամակները տեսնելով համապատասխան գերատեսչություններում։ Վրաստանում խոստացել են հարցի լուծման ժամանակ ելնել մարդասիրական սկզբունքներից։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել