Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքում են «Էներգաչափ» ՓԲԸ-ի աշխատակիցները

Մայիս 03,2001 00:00

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ՝ ՉՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՐԴԱՆՈՒՏՈՒՄ Բողոքում են «Էներգաչափ» ՓԲԸ-ի աշխատակիցները «Առավոտին» ուղղված հերթական ահազանգը Երեւանի էլեկտրացանցի («Էներգաչափ» ՓԲԸ) լաբորատորիաների աշխատակիցների կողմից է։ Պատճառը, ինչպես միշտ, նույնն է՝ աշխատավարձի ուշացում։ Ըստ հավաստի աղբյուրների, գրեթե բոլոր լաբորատորիաներում աշխատավարձ չեն ստացել շուրջ վեց ամիս (2000-ի նոյեմբերից)։ Իսկ տնօրենից ստացվող պատասխանը միշտ սահմանափակվում է այսքանով. «Բաշխիչ ընկերությունները չեն վճարում, որ վճարեն՝ կտանք»։ «Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ինչպես աշխատակիցներն են հավաստում, խոստանում է աշխատավարձ տալ ամեն շաբաթվա ուրբաթ օրը, սակայն ոչ մի տեղաշարժ չի լինում։ Ըստ Կենտրոն համայնքի «Էներգաչափ» ՓԲԸ-ի պետ Ռոբերտ Մամաջանյանի, հիմնարկությունը նախկինում ոչ մի անգամ այսպիսի խնդիրների առաջ չի կանգնել. «Այս լաբորատորիան գործում է 1937 թվից եղել է հանրապետության թիվ 1 լաբորատորիան եւ սպասարկել բոլոր էլեկտրացանցերին։ Այս բնագավառում աշխատում եմ շուրջ 38 տարի եւ նման պրոբլեմներ երբեք չենք ունեցել»։ Լաբորատորիայի աշխատակիցների խոսքերով, աշխատավայր հասնելու համար պարտք են վերցնում (քրոջից, եղբորից կամ մեկ այլ ազգականից)։ «Բայց մինչեւ ե՞րբ։ Այնքան պարտք է հավաքվել, որ չգիտենք, եթե աշխատավարձ ստանանք, այդ պարտքե՞րը տանք, թե՞ մեր կարիքները հոգանք»,- նեղսրտեց աշխատակիցներից մեկը։ Այն հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն թողնում աշխատանքը, քանի որ կարիքները թեթեւացնելու փոխարեն ավելի են բարդացնում, պատասխանեցին, որ վախենում են աշխատանքը կորցնել, որովհետեւ, հրաժարվելով այդ աշխատանքից, չեն կարող մեկ ուրիշը գտնել։ Նրանց պահող մեկ ուրիշ հանգամանք էլ կա. «Մենք վաղուցվա աշխատողներ ենք, եւ մեր գործը հասկանում ենք։ Սակայն մի՞թե կարելի է չարաշահել մեր համբերությունը։ Չէ՞ որ մենք էլ ընտանիք ունենք, երեխաներ… ո՞նց պիտի պահենք նրանց»,- ասաց մի կին։ Լաբորատորիայի աշխատակիցների կարծիքով (եւ ոչ միայն նրանց- Հ. Մ.), իրենք կատարում են դժվար եւ պատասխանատու աշխատանք եւ դրա դիմաց ստանում ոչինչ. «Մեզ պետք է վճարեն այն կազմակերպությունները, որոնց համար մենք աշխատում ենք (դրանք են էլեկտրաբաշխիչ ցանցերը)։ Մենք հին, մաշված հաշվիչները բերում ենք, վերանորոգում, որպեսզի ճիշտ եւ կանոնավոր աշխատեն, կորուստները պակասեն… եւ փոխանակ մեզ վարձատրեն, դեռ մի բան էլ անջատում են մեր հոսանքները։ Պիտի գնանք խնդրենք, որ միացնեն։ Հաշվի չեն առնում, որ իրենց աշխատողն ենք եւ որ կարելի է փոխզիջման գնալ՝ աշխատավարձի դիմաց էներգիա ապահովելով։ Պարտադրում են, որ հոսանքի վարձ տանք, բայց չեն մտածում՝ եթե աշխատավարձ չենք տալիս, այս մարդիկ ինչպե՞ս վարձ մուծեն»,- շարունակեց մեկ ուրիշ աշխատակից։ Ռ. Մամաջանյանը նույնպես այն կարծիքին է, որ «մարդը աշխատում է, որ աշխատավարձ ստանա եւ եթե չի ստացել, ապա, բնականաբար, ի վիճակի չէ նաեւ վճարելու»։ Էլեկտրացանցերի լաբորատորիաների տնօրենները աշխատում են միեւնույն սկզբունքով եւ աշխատավարձերի ուշացման համար դժգոհող աշխատակիցներին տալիս նույն պատասխանը՝ «ով դժգոհում է, թող դուրս գա աշխատանքից»։ Իսկ դժգոհողների թիվը չի սահմանափակվում միայն Երեւանում գործող լաբորատորիաներով։ Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Էներգաչափ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանից. «Աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է բաշխիչ ընկերությունների չվճարումներից։ Մեր հույսը «Էներգաչափ» ՓԲԸ-ի սեփականաշնորհումն էր, որը չիրականացավ։ Մեր բոլոր աշխատողները շատ լավ գիտեն, թե մեր համակարգը ինչ ծանր վիճակում է գտնվում»։ Նա տեղեկացրեց, որ այս ամիս որոշել էր միանգամից երկու ամսվա աշխատավարձ տալ, բայց ահագին պարտավորություններ ուներ կենսաթոշակառուների եւ այլ կազմակերպությունների հանդեպ. «Ես չեմ կարող այսօր աշխատավարձ տալ նրան, ով բողոքում է, իսկ ով չի բողոքում՝ չտալ»,- ասաց նա՝ չուզենալով ընդունել, որ չբողոքող գրեթե չկա։ Ըստ տնօրենի, ինչպես ինքն է ասում, «բաշխիչ ընկերությունները այսօր ի վիճակի չեն իրենց վճարել, քանի որ հազիվ կարողանում են գազի պարտքը փակել»։ Ս. Հովհաննիսյանին ուղղված «Առավոտի» վերջին հարցը հետեւյալն էր. «Այնուամենայնիվ, մարդիկ հույս ունենա՞ն, որ մոտակա ժամանակներում աշխատավարձ կստանան»։ «Իհարկե,- վստահ պատասխանեց տնօրենը, չնշելով կոնկրետ որեւէ օր,- պարզապես մեր ժողովուրդը անհամբեր ժողովուրդ է։ Մի քիչ էլ որ համբերի, ամեն ինչ լավ կլինի»։ Իսկ թե «մի քիչ» ասելով Ս. Հովհաննիսյանը որքան ժամանակ նկատի ուներ (մեկ տարի, մի քանի ամիս, թե օր- Հ. Մ.), չցանկացավ պարզաբանել։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել