Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԵՂԱԿՐՈՆ Է ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ

Մայիս 03,2001 00:00

ՑԵՂԱԿՐՈՆ Է ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստում վարչապետ եւ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել էր. «Ցեղակրոնությունը, որ մեր կուսակցության գաղափարախոսությունն է, տալիս է մեզ դասեր, ուղեցույց է մեզ համար։ Նժդեհի կյանքն ու գործունեությունը, ուսմունքը իրենց մեջ խտացրել են վերջին 100-ամյակների՝ ցեղի ստեղծած ու պահպանած արժեքները։ Մեզ համար սուրբ են Զատիկյանի, Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի մտքերն ու թողած ծրագրերը»։ Հետաքրքիր է, թե ինչպես է նման ազգային եւ ցեղակրոն մեկը վերաբերվում այն իրողությանը, որ նաեւ իր գլխավորած կուսակցության թողտվությամբ՝ ի հաշիվ ազգային տոների, գերակայություն է տրվում ապազգային տոնակատարություններին։ Ի՞նչ զգաց նախկին խորհրդային քաղկալանավոր Անդրանիկ Մարգարյանը մայիսի 1-ին՝ լսելով կոմունիստական կոչերն ու ուռռաները, տեսնելով հրապարակները ողողած խորհրդային կարմիր դրոշները։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Մայիսի 1-ը կոմունիստական տոն չի, այլ սոցիալիստական։ Ավելի շատ դա երեւի դաշնակցության տոնն էր, ոչ թե կոմունիստների։ Ուղղակի կուսակցությունները երեւի մի քիչ ակտիվ չեղան, որ կարողանան տեր կանգնել դեռեւս 19-րդ դարում եղած նախաձեռնությանը։ Բոլոր դեպքերում, դա տոն եմ համարում աշխատավորության համար։ Կարելի է տոնել, դրա համար էլ կառավարությունը դրան համաձայնել է։ Հարկավոր է հաղթահարել կարծրատիպերը՝ կոմունիստական չէ Մայիսի 1-ը»։ Անդրանիկ Մարգարյանը տեղյակ չէր ԱԺ-ի երեկվա քննարկումներից, որ մերժել են նշել փետրվարի 20-ը, Սարդարապատի ճակատամարտը եւ ազգային այլ նշանակություն ունեցող օրեր, բայց վստահ էր, որ նոր տոնացույցում «կարմիր տոներն այդքան շատ չեն»։ Ի դեպ, Աշոտ Նավասարդյանի մտքերից մեկն է. «Հանրապետականներն առյուծներ են, իսկ առյուծը սոված կսատկի, բայց հոտած միս չի ուտի»։ Թերեւս այնքան էլ սուրբ չէ այս պատգամը, որ ՀՀԿ-ականները (թեեւ նրանց առյուծ էլ չես անվանի) զանազան պատրվակներով չեն խորշում կոմունիստների հետ նույն, մեղմ ասած, հին միսն ուտել։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել