Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահ

Մայիս 03,2001 00:00

Կայունության երաշխավորը Նախագահ Քոչարյանը մեկ տարի առաջ Արամ Սարգսյանին մեղադրեց գործադիր իշխանության կազմում քաղաքական խարդավանքները կենսակերպ դարձնելու, բանակը փլուզելու, ժողովրդի սոցիալական վիճակը վատթարացնելու, ներդրումների հոսքը նվազեցնելու եւ շատ այլ բաների մեջ։ Մինչդեռ «27»-ի ոճրագործությունից հետո ստեղծված քաղաքական եւ տնտեսական ծանրագույն ժամանակաշրջանում վարչապետի պաշտոնը ստանձնած Արամ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը զուտ քաղաքական ենթատեքստ ունեին։ Այսօր արդեն հստակ է, որ Արամ Սարգսյանի ու նրա թիմի պաշտոնանկություններից հետո ոչ արտագաղթը նվազեց, ոչ էլ ներդրումներն ավելացան, ոչ էլ, առավել եւս, ժողովրդի սոցիալական վիճակն ավելի բարվոք դարձավ։ Իսկ անցած մեկ տարվա ընթացքում արդեն ոչ թե վարչապետ Արամ Սարգսյանը, այլ նախագահի վարած արտաքին եւ տնտեսական քաղաքականությունը սկսեց լրջորեն վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ հետադարձ հայացքով գնահատելով Արամ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, միանշանակ ճիշտ որոշում համարեցին։ Նրանք նախեւառաջ հիշեցրին «27»-ից հետո ստեղծված քաղաքական անառողջ եւ ծայրաստիճան լարված մթնոլորտը։ ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի կարծիքով, «27»-ից հետո երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ, եւ, եթե այդ նշանակումը չլիներ, պատերազմն անխուսափելի կլիներ։ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ նշեց, թե քաղաքական կայունության ապահովման տեսանկյունից Ա.Սարգսյանը բավական կարեւոր դերակատարում ունեցավ։ «Ա.Սարգսյանն իր առջեւ դրված խնդիրը լրջորեն իրականացրեց, եւ ես գնահատում եմ նրան եւ այսօր էլ համարում, որ նա «Միասնության» վարչապետն է»,- նշեց խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը։ Ժամանակին եւ այսօր էլ կարծիք կա, թե Ա.Սարգսյանը վարչապետ նշանակվեց ոչ թե երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, այլ՝ որպես տուժող կողմ, հոկտեմբերյան ոճրագործության բացահայտման երաշխավորը լինելու համար։ «Բայց մեր այդ հույսերը չարդարացան»,- ասաց Արամայիս Բարսեղյանը։ «Միասնություն» խմբակցության նախագահը սա օրենսդրության տեսանկյունից ճիշտ չհամարեց։ Միաժամանակ նա նշեց, թե՝ «բոլորս էլ հասկանում էինք, որ Ա.Սարգսյանի վարչապետ լինելու հանգամանքը ավելի դյուրին կդարձներ բացահայտումը»։ Ինչ վերաբերում է Ա.Սարգսյան վարչապետի տնտեսական գործունեությանը, ապա Ա.Բաղդասարյանի կարծիքով, նրա պաշտոնավարության ժամանակաշրջանը շատ կարճ տեւեց եւ լուրջ չէ քաղաքական, տնտեսական գործունեությանը գնահատական տալ։ Նա միաժամանակ նշեց. «Տնտեսական լուրջ առաջընթաց հնարավոր չէ, եթե երկրում քաղաքական կայունություն չկա։ Իսկ Ա.Սարգսյանի պաշտոնանկությունից մինչ օրս, չեմ կարծում, թե տնտեսության ոլորտում ինչ-որ բան փոխվել է»։ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ու փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը միակարծիք էին այն հարցում, թե տնտեսական ոլորտում որեւէ առաջընթաց հնարավոր չէ, քանի որ կառավարման համակարգը չի գործում եւ երկրի զարգացման հստակ ծրագրեր չկան։ Գ.Ասլանյանը միաժամանակ նշեց. «Ա.Սարգսյանը ստիպված էր պայքարել միանգամից մի քանի ճակատով՝ քաղաքական, տնտեսական, որին հավելվել էր նաեւ «27»-ը։ Սա ծանր փորձություն եւ մեծ բեռ էր երիտասարդ ու անփորձ վարչապետի համար»։ Խոսելով պաշտոնանկության պատճառների մասին, մեր զրուցակիցները նախեւառաջ նշեցին նախագահի եւ վարչապետի միջեւ ծայր առած հակասությունները, որի մեջ Գ.Ասլանյանն ու Գ.Սահակյանը հիմնականում մեղադրեցին հատկապես Վ.Սարգսյանի շրջապատին, որոնք փորձեցին անփորձ վարչապետին ներքաշել քաղաքական խնդիրների հորձանուտ։ Մինչդեռ Մանուկ Գասպարյանի կարծիքով, Ա.Սարգսյանը հենց նշանակման օրից դատապարտված էր։ Ըստ նրա, Ռ.Քոչարյանը շատ լավ հասկանում էր, որ Ա.Սարգսյանի պաշտոնավարությունը մի քանի ամիս է ձգվելու։ «Նա գիտեր, որ այս երկրի տնտեսությունը փոսից դուրս չի գալու, ինքն էլ ժողովրդի աջակցությունը չունի, քանի որ նրա քվեն չի ստացել եւ անմիջապես համաձայնեց Ա.Սարգսյանի նշանակմանը՝ եւ նրան նախապես մտածված կերպով զոհաբերեց։ Հենց վարչապետը սկսեց տնտեսությամբ զբաղվել՝ պաշտոնանկ եղավ»։ Տեսակետներ եղան, թե Ա.Սարգսյանը նաեւ իր թիմի մասնատման եւ նրանց կողմից դավաճանության զոհ դարձավ, բայց շարունակեց հավատարիմ մնալ իր ավագ եղբոր զինակիցներին։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել