Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենակարեւոր խնդիրներից մեկն անշուշտ տոների եւ հիշատակների օրերը

Մայիս 03,2001 00:00

«ԱՅՍՕՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻ ՔԻՉ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ Է» Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենակարեւոր խնդիրներից մեկն անշուշտ տոների եւ հիշատակների օրերը փոփոխելն է։ Ուստիեւ մեր ազգընտիր խորհրդարանը երեկ ձեռնամուխ եղավ տոնացույցի կանոնակարգմանը։ Ափսոս, որ այդ կարեւորագո՜ւյն օրենքն առայժմ չընդունվեց՝ քվեարկությունը կկայանա 2 շաբաթ անց։ Նախագծի հեղինակը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն ԱԺ ամբիոնից նշեց, թե միայն առաջին հայացքից կարող է թվալ, որ այս օրինագիծն այնքան էլ էական նշանակություն չունի, սակայն այն ունի լուրջ բարոյական, գաղափարական եւ քաղաքական նշանակություն։ Իրոք որ, ճիշտ այդ երեք նշանակություններն ունի այն, ինչ պատրաստվում է անել մեր անկախ հանրապետության խորհրդարանը։ Ըստ այս նոր տոնացույցի՝ ապրիլի 7-ին նշվող Մայրության, գեղեկցության եւ սիրո տոնը նշվելու է աշխատանքային օրվա ընթացքում։ Մինչդեռ ոչ աշխատանքային է Մարտի 8-ը։ Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին բացատրեց, թե այդպես են վարվել «առաջին հերթին՝ հաշվի առնելով կաթողիկոսի կարծիքը, երկրորդ հերթին՝ հաշվի առնելով մեր ժողովրդի մոտ ձեւավորված ավանդույթը եւ երրորդ հերթին՝ նաեւ պահպանելով պարկեշտությունը մեր կոմունիստ գործընկերների նկատմամբ»։ Հատկանշական է, որ նույն պարկեշտությունը չի ենթադրվում նախորդ խորհրդարանի իրենց գործընկերների հանդեպ, որ 1996-ի մարտին տոնացույց էին ընդունել եւ ապրիլի 7-ն ամրագրել որպես ոչ աշխատանքային օր։ Բայց, հա՜, մոռացանք, որ ժողովուրդն այժմ հացից եւ գործից առավել տոների եւ ոչ աշխատանքային օրերի կարիքն ունի։ Մայիսի 9-ն էլ է ոչ աշխատանքային լինելու՝ այդ օրը նշվելու է «Հաղթանակի եւ խաղաղության տոնը»։ Կոմունիստների առաջարկով՝ Սուրբ Թարգմանչաց տոնը զրկվել է իր առաջին մասնիկից։ Փոխարենը «սուրբ» բառը պահպանվել է Վարդանանց տոնի պարագայում, որը նշվելու է որպես «Բարի գործի եւ ազգային տուրքի օր»։ Առավել ուշագրավ է, թե պատգամավորների ինչ առաջարկներ դուրս մնացին տոնացույցից։ Չցանկացան փետրվարի 20-ը նշել որպես «Ազգային միասնության օր»։ Մերժեցին նշել մայիսի 21-ը՝ Սարդարապատի ճակատամարտի օրը որպես «Հայրենիքի պաշտպանության օր»։ Դուրս մնացին փետրվարի 14-ին Տեառնընդառաջի տոնը եւ Վարդավառի տոնը նշելու առաջարկները։ Նախագծի հեղինակը լրագրողների ներկայությամբ քամահրանքով նշել էր, թե «այդ էր մնացել պակաս, որ կրակի վրայով թռնելն էլ պետական տոն հռչակենք»։ Սակայն ո՞րն է տրամաբանությունը, եթե Մարտի 8-ը վերականգնում են՝ փաստարկելով հաստատված ավանդույթները եւ այն, որ ժողովուրդը մեկ է, նշում էր այդ տոնը, մի՞թե Տեառնընդառաջի տոնն ավանդույթներով զիջում է Կլարա Ցետկինի հաստատած օրվան կամ պակաս է տոնվում։ Իսկ գուցե Մայիսի 1-ի վերաբերյա՞լ հաստատված ավանդույթներ կային եւ շատ անհրաժեշտ էր, որ կոմունիստների երթերի եւ հանրահավաքների օրը պետականորեն առանձնացվեր ու հեռուստաէկրաններին կարմիրի առատությունից թվար, թե առնվազն մեկ տասնամյակ ետ ենք գնացել։ Կոմունիստական վերածննդի շրջանի համար պարտական ենք այս խորհրդարանին, ուր երեկ երկրապահ, դաշնակցական կամ մեկ այլ խիստ ազգային ուժի ներկայացուցիչ՝ տոնացույցի առիթով միայն երկրի պաշտպանությանը նվիրված 3 տոները (մայիսի 8՝ Երկրապահի օր, մայիսի 9-ը եւ սեպտեմբերի 20՝ Բանակի օր) էին վիճարկում կամ պաշտպանում։ Եվ միայն ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանն էր, որ ըստ արժանվույնս գնահատեց այս օրինագիծը. «Հեղինակներն աշխատել են փոխզիջումներ գտնել, բայց սարքել են աջաբսանդալ… Վերջապես տոները լինում են ազգային, պետական, եկեղեցական։ Բայց այստեղ ազգայինի եւ պետականի հետ կապ չունեցող բաներ կան։ Կարծում եմ, որ հաջորդ Ազգային ժողովի առաջին գործերից մեկը լինելու է այս տոնացույցը վերանայելը, որովհետեւ սա իրականում ո՛չ Առաջին Հանրապետության, ո՛չ Երկրորդի, ո՛չ էլ Երրորդի՝ ո՛չ մեկի տոնացույցը չի։ Ոչ էլ ազգային է՝ ես այստեղ ազգային դետալներ էլ հազիվ մի քանիսն եմ տեսնում։ Մնացածը, չգիտեմ, ինտերնացիոնալ տոներ են»։ Հենց պրն Բերիկյանի առաջարկն էր փետրվարի 20-ը որպես «Ազգային միասնության օր» նշելը եւ ելույթում անդրադարձավ մերժման գաղափարական եւ քաղաքական նշանակությանը. «Այսօր որ այս խորհրդարանում այսքան նստած ենք՝ փետրվարի 18-20-ից էր կախված, մենք այսօր այստեղ կլինեի՞նք, թե՞ չէ, այս պետությունը կլինե՞ր, թե՞ չէ։ Կլինեի՞ն երկրապահներ, կլինեի՞ն ազատամարտիկներ՝ այդ օրվանից էր կախված։ Այդ օրը լրիվ մի կողմ է դրվել եւ նշում ենք, ասենք, Կանանց միջազգային օրը»։ «Միջազգային» բառը Մարտի 8-ի եւ Մայիսի 1-ի «տոներից» ի վերջո հանվեց։ Բայց էականը ոչ այնքան այս է, որքան միտումը կամ արդեն իսկ կայացած իրողությունը, որն արձանագրեց Ֆիլարետ Բերիկյանը. «Այսօր խորհրդարանը մի քիչ վարդագույն է եւ այդ տոներն են քաշում առաջ։ Այդպես չի՛ կարելի անել։ Մենք ունե՞նք Երրորդ Հանրապետություն, ունե՞նք արժեքներ։ Այս Երրորդ Հանրապետությա՞ն տոնացույցն ենք կազմում»։ Հաջորդ եռօրյայում քվեարկությամբ պատասխան կտրվի այդ հարցերին։ Պարզ կդառնա նաեւ, թե արդյոք հաջորդ խորհրդարանի առաջին գործը լինելու է ներկա ԱԺ-ի ընդունած «աջաբսանդալ» օրենքները վերանայելը, որ անհրաժեշտ չի լինի թերեւս միայն մի պարագայում՝ եթե այս «վարդագույններին» փոխարինեն արդեն լրիվ «կարմիրները»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել