Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվ

Մայիս 03,2001 00:00

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԱՍԻՆ ԲՈԼՈՐՆ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ» Եվ սա ամենակարեւորն է՝ ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը կարծես թեւակոխել է առավել ակտիվ փուլ։ Խորհրդարանական խմբերն ու խմբակցություններն անդամների որոշակի թվով իրավունք ունեն մասնակցել դատավարությանը եւ քննարկել դա։ Դեռեւս դատավարության առաջին նիստի առիթով «Առավոտը» զրուցել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հետ։ Պարոն Դալլաքյանին խնդրեցինք ներկայացնել «27»-ի դատավարության ապրիլյան նիստերի տպավորությունները։ Վիկտոր Դալլաքյանն արձանագրեց սեփական մի քանի դիտարկումներ. «Առաջինն այն է, որ Նաիրի Հունանյանը շատ լավ նախապատրաստված է եւ, ըստ էության, նրա հետ շատ լուրջ մասնագետներ են աշխատում։ Ովքեր որ պատվիրել են «Հոկտեմբերի 27»-ը, նրան աջակցում են նաեւ այժմ, որ նա հստակ, իրավաբանորեն ձեւակերպումներով ճիշտ իր մոտեցումներն արտահայտի։ Երեւում է, որ նա ունի լավ ուսուցիչներ, բայց ոչ բոլոր դեպքերում է ինքը որպես լավ աշակերտ հանդես գալիս»։ Վիկտոր Դալլաքյանի երկրորդ դիտարկումն այն է, որ գլխավոր ամբաստանյալը «շատ հուզված է։ Կան դեպքեր, երբ սցենարի մեջ ինքը չի տեղավորվում, օրինակ, դատավորի կամ փաստաբանների տված որոշ հարցերի պատճառով, որոնք իր ծածկաթերթիկի մեջ չկան, ինքն անմիջապես իրար է անցնում, ձայնի ինտոնացիան փոխվում է։ Իսկ երրորդ դիտարկումն այն է, որ նա փորձում է ամեն կերպ ժամանակ շահել»։ Վիկտոր Դալլաքյանի դիտարկմամբ, դրա նպատակն այն է, որ «ինչքան դատավարությունը ձգձգվի, ժողովուրդը հետաքրքրությունը կթուլացնի, եւ հնարավոր է նաեւ մոռացվի այդ ամենը։ Ինքը (Հունանյանը- Մ. Ե.) շատ անհեթեթ առաջարկություններ է անում դատավորին։ Հիշում եք, մի անգամ առաջարկեց, որ դատավորը խորհրդատվություն կատարի»։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքով, Նաիրի Հունանյանի ոճը հարձակողական է եւ ցինիկ, «այսինքն՝ հաշվարկն այն է, որ մաքսիմալ ցինիզմի եւ հարձակողականության պարագայում, երբ հանցագործը նման ոճ է որդեգրում, որոշ դեպքերում պարկեշտ մարդկանց մոտ կարող է խուճապ առաջացնել ու նաեւ՝ նահանջի տրամադրություններ։ Հաշվարկը նաեւ դրա վրա է»։ Հանրության բացարձակ մեծամասնությունը դատապարտում է այդ ոճրագործությունը, համոզված է, որ դա կազմակերպված, պլանավորված էր, բայց հանցագործի տակտիկան հետեւյալն է. «այն մասսան, այն խումբը, որոնց համար ինքը խոսում է, փորձում է իր ցինիզմով եւ հարձակողական տոնով դրանց շարքերն ուժեղացնել, որովհետեւ նա գիտի, որ մեծամասնությունն իր նկատմամբ ատելություն ունի։ Հաշվարկն այն է, որ թեկուզ ատելությունը մեծացվի էլ, բայց ինքն իր համախոհներին վստահություն ներշնչի»։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, Նաիրի Հունանյանն իր վերջին ցուցմունքներով իր դրսի տերերին հասկացնում էր, որ իրեն պետք է մինչեւ վերջ տիրություն անել, թե չէ ինքը կխոսի եւ շատ բաներ կասի։ Մեր զրուցակիցը կարծում է, որ «դեպքեր կան, երբ Հունանյանը ոչ թե դահլիճի համար է խոսում, այլ իր տերերի։ Որոշակի իմաստով դատավարության ճակատագիրը լուծվում է ոչ այնքան դատարանի դահլիճում, որքան դահլիճից դուրս»։ Պրն Դալլաքյանի ասելով՝ դահլիճից դուրս գտնվող ժողովուրդը որքան տեր կանգնի «27»-ի դատավարության ընթացքին, Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, այնքան ավելի բարենպաստ ազդեցություն կունենա դատավարության ընթացքի վրա եւ կնպաստի կազմակերպիչների եւ հովանավորների բացահայտմանը։ Ի վերջո, «տեր կանգնել» արտահայտությունը դարձել է մի տեսակ պարզապես ասվող խոսք։ Ոչ ոք չի փորձում առավել հստակ ձեւակերպել, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ «տեր կանգնել»։ Վիկտոր Դալլաքյանին խնդրեցինք իր մեկնաբանությունը տալ. «Տեր կանգնել, նշանակում է՝ օրենքներով եւ Սահմանադրության 26 հոդվածում ամրագրված խաղաղ երթերի, ցույցերի, առանց զենքի ժողովների, հանրահավաքների մասին դրույթները կատարել եւ ակցիան շարունակել»։ Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց հանրապետության խորհրդարանը, գնդակահարվել է հանրապետության կառավարությունը, կատարվել է պետական հեղաշրջման փորձ, պահը եւ տեղը եղել է մտածված, պլանավորված եւ ընտրված, եւ այս պարագայում, ըստ Վիկտոր Դալլաքյանի, եթե ժողովուրդն անտարբերություն ցուցաբերի, դա կնշանակի՝ արդարացվում է ահաբեկչությունը. «Ուրեմն տեր կանգնելն այն է, որ դատարանի դահլիճում նստածները պետք է անընդհատ լսեն դրսում կանգնած ժողովրդի ձայնը, հենց Նաիրին անընդհատ պիտի լսի։ Նա պիտի հասկանա, որ, եթե հանկարծ դատարանն այնպիսի որոշում ընդունեց, որ դրսի ժողովրդին չբավարարեց, այդ ժողովուրդն իր գնահատականը տալու է»։ Առայժմ կողմերը շարունակում են լռություն պահպանել եւ հետեւել դատավարության ընթացքին։ Բայց ամեն առիթով տուժողների հարազատների իրավահաջորդների ներկայացուցիչները, նաեւ՝ հանրապետության նախագահը չեն թաքցնում, որ «27»-ի մասին իրենք ասելիք ունեն։ Թե ի՞նչ են ասելու, առայժմ գաղտնի է պահվում։ Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ՝ «ամենակարեւորն այն է, որ բոլորն ասելու բան ունեն, որովհետեւ մի օր կարելի է նրանց հարցնել՝ բա ինչի՞ չասացիք։ Մի օր կարելի է հարցնել՝ ի՞նչ պահի էիք սպասում, որ չասացիք։ Կարեւորն այն է, որ նրանք արդեն խոստովանել են, որ ասելիք ունեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել