Լրահոս
Օրվա լրահոսը

«Փող աշխատելու թազա ձեւ գտան»

Մայիս 02,2001 00:00

«Փող աշխատելու թազա ձեւ գտան» «Ահագին փող տվեցինք, որ մեքենաները նորոգենք, մրցույթին մասնակցենք, հետո էլ քաղաքապետարանը մեզ վրա ծախեց երթուղու ցուցանակներն ու տարբերանշանները, հմի էլ թե մրցույթը կասեցվել է, պետք է նոր կանոններ մշակենք ու նախկին մրցույթը հեչ անենք՝ նորը սկսենք»,- պատմում են երթուղային տաքսիների վարորդները։ Շատ հնարավոր է, որ մեծ ջանքեր գործադրած, մրցույթը շահած մեքենաները նոր մրցույթի ժամանակ պարտվեն եւ զրկվեն աշխատելու իրավունքից։ Այս ասեկոսեների պարզաբանման նպատակով զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի հետ։ Պարզվեց, որ Երեւան քաղաքի համար մրցույթի կարգը սահմանել է Երեւանի քաղաքապետը, այն գրանցված է եղել արդարադատության նախարարությունում։ 2001թ. ապրիլի 3-ին քաղաքապետի որոշմամբ մրցույթը կասեցվել է։ Ա. Բարսեղյանն ասաց, որ մրցույթի կասեցման պատճառն այն է, որ ԱԺ-ն տրանսպորտի մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարի։ Եվ կառավարության որոշմամբ էլ սահմանվելու է նոր մրցույթի կարգը։ Ա. Բարսեղյանն ասաց, որ քանի դեռ չկա մրցույթի կանոնակարգը, չի կարող ասել, թե նորին կրկին կմասնակցե՞ն նախորդում հաղթած մեքենաները, թե ոչ, եւ մասնակցելուց հետո արդյո՞ք դրանք կպարտվեն։ Ինչ վերաբերում է երթուղու ցուցատախտակներին, Ա. Բարսեղյանն ասաց, որ դրանք պատվիրել է Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական դիսպետչերական ձեռնարկությունը։ Վարորդները դրանք գնել են այն գումարով, որը նստել է քաղաքապետարանի դիսպետչերական ձեռնարկության հաշվին։ Իսկ դա արվել է նրա համար, որ «բոլորի ցուցատախտակները իրար նման լինեն եւ, բացի դրանից, վարորդները նաեւ պետք է փակցնեն տրանսպորտի վարչության տարբերանշանը, որով եւ կորոշենք՝ երթուղային տաքսին օրինակա՞ն, թե՞ ապօրինի է երթեւեկում»։ Ա. Բարսեղյանն ավելացրեց, որ 3 օրվա ընթացքում հայտնաբերել են առանց ցուցատախտակի եւ տարբերանշանի 100 ապօրինի երթեւեկող ավտոբուս եւ միկրոավտոբուս, որոնց պետհամարանիշերը հանվել են, իսկ մեքենաները տարվել են տուգանային հրապարակ։ Անհասկանալի է, թե ինչպես են այդ մեքենաները տուգանվել, երբ դեռ չի ավարտվել ցուցատախտակներ եւ տարբերանշաններ փակցնելու գործընթացը։ Մինչ օրս կահավորվել է 170 մեքենա եւ այդ գործընթացը դեռ 20 օր շարունակվելու է։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել