Ծամո՞նն է որակով, թե՞ միջի նկարը Այժմ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կրպակներում, խանութներում, սեղանիկների վրա բացեիբաց դրված ամսագրերից իրենց բարեմասնությունները ի ցույց դրած գեղեցկուհիների։ Բայց նույն բովանդակության նկարները որպես ծամոնների ներդիրներ… Գնումների համար մտա խանութ եւ 20 դրամ մանրադրամ չունենալու դիմաց վաճառողը ինձ առաջարկեց երկու հատ 10 դրամանոց ծամոն եւ ավելացրեց. «Էս ծամոնները մի քանի ամիս է, ինչ Երեւան են ներմուծվում, բայց այնքան լավ որակի են, որ շատ մեծ «սպրոս» ունեն»։ Գույնզգույն թղթով ծամոնը առանձնապես որեւէ «հաճելի համի զգացում» չէր առաջացնում, բայց վաճառողուհին այնքան գովաբանեց, որ անհամբեր ու սրտատրոփ սպասում էի, թե երբ պետք է տուն հասնեմ եւ «համտեսեմ» այդ հրաշք ծամոնը։ Սակայն ակնկալիքներս «բազմապատկվեցին», երբ բացեցի ծամոնի թուղթը։ Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե աչքիս է երեւում, բայց համոզվելու համար հանեցի ծամոնի ներդիրը եւ… Նկարում պատկերված էր մերկ աղջիկ, որը ամենաանհավանական դիրքով եւ ամենայն մանրամասնություններով ի ցույց էր դրել կանացի բոլոր բարեմասնությունները։ Հաջորդ օրը նորից մտա նույն խանութը եւ զրուցեցի վաճառողուհու հետ, որը չցանկացավ ներկայանալ, բայց պատմեց, որ «ինչ այս ծամոնները ի հայտ են եկել, հաճախորդների թվում ավելացել են մանկահասակ երեխաները (1-ից 8-րդ դասարանցիներ)։ Մի անգամ, երբ ծամոնի այդ տեսակը վերջացել էր, խանութ մտան 5-6-րդ դասարանցի երկու տղաներ եւ հարցրին, թե երբ կստանանք այդ ծամոնից։ Ես առաջարկեցի 10 դրամանոց մեկ այլ ծամոն, բայց նրանք հրաժարվեցին»։ Դեպքից մի քանի օր անց պատահաբար ծանոթուհիներիցս մեկին հանդիպեցի, որն էլ բորբոքված պատմեց, որ իր 8-րդ դասարանցի տղայի ներքնակի տակ հայտնաբերել է 12 էջանոց տետր՝ ամբողջովին փակցված էրոտիկ նկարներով։ Երբ մայրը հարցրել է տղային, թե որտեղից իրեն այդ նկարները, վերջինս պատասխանել է՝ «ծամոնի միջից», սակայն մայրը նրան չի հավատացել։ Եվ իզուր… Ա. Դ.