Լրահոս
Օրվա լրահոսը

10

Մայիս 02,2001 00:00

ՊԱՅՔԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ 10 օր առաջ Աբովյան-Թումանյան փողոցների հատման մասում թիվ 28/20 շենքի բնակիչները բախվեցին կառուցվող բացօթյա սրճարանի տերերի հետ։ Չորս օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Է. Ավետիսյանի նախագահությամբ քննության առավ վերոնշյալ շենքի բնակիչների քաղհայցն ընդդեմ «Վերելք» ՍՊԸ-ի՝ շինարարական աշխատանքները դադարեցնելու, մետաղյա կոնստրուկցիաները քանդելու պահանջով։ Դատարանը որոշեց Աբովյան փողոցի թիվ 28/20 շենքի դիմաց շինարարական աշխատանքներ կատարելը դադարեցնել, նշելով՝ «Սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման «դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»։ Նույն օրն իջեցվեց կատարողական թերթ, ըստ որի, ինչպես ասում են, որպես հայցի ապահովման միջոց՝ պարտապան «Վերելք» ՍՊԸ-ին արգելվեց շենքի դիմաց շինարարական աշխատանքներ կատարել։ Երեկ իսկական վերելք էր Աբովյան փողոցի վերոնշյալ հատվածում եւ իսկական պայթյունավտանգ իրավիճակ՝ բնակիչների համար։ Բնակիչները զանգել էին Կենտրոնի ՆԳ բաժին, սակայն մինչ մեր տեղում լինելը նրանք չէին ժամանել (հավանաբար մասնակցում էին մայիսմեկյան շքերթին)։ Միայն նշեմ, որ այս շենքը գոյություն ունի 1959-ից եւ այստեղ հիմնականում բնակվում են մտավորականներ, ինչպես ԵՊՀ դոցենտ Գարեգին Հարությունյանը, ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Հակոբյանը, ԳԱԱ ավագ գիտաշխատող Ռուբեն Բադալյանը, վաստակավոր արտիստ Էդիկ Բաղդասարյանը, գնդապետներ, ինժեներ-էներգետիկներ… Եվ պատկերացրեք, որ մտավորականները դիմում են քաղաքապետարանին՝ 2 ամիս զուր սպասելով իրենց բարձրացրած հարցի լուծմանը։ Դեռ 28.09.2000թ. քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը պատասխանելով շենքի բնակիչների բողոքներին (այդ ժամանակ, ուղիղ «Բրաբիոն» ֆլորա-սերվիսի դիմացի փողոցում, վիճելի տարածքում դարիս մեծագույն կառույցն էր տեղադրվել՝ զուգարան Աբովյան փողոցի վրա)՝ գտել էր, որ «շրջակա շենքերի կամարանցումները եւ շքամուտքերը աղտոտումից զերծ պահելու համար Կենտրոնի թաղապետարանի կողմից բացօթյա սրճարանի տնօրինությանը պարտադրվել է կառուցել զուգարան թեթեւ կոնստրուկցիաներով, որը տեղում իրականացվել է քարից»։ Մնում ես ապշած. էս քաղաքը ճարտարապետ ունի՞, եթե ունի, ի՞նչ էր նշանակում՝ զուգարան, էն էլ փողոցի վրա… Պարտադրված զուգարանը փոխարինվեց շատրվաններով, որոնց աղմուկից խելագարված բնակիչները կիզիչ ամռանը փակում են իրենց պատուհանները։ (Ի դեպ, շատրվանը շենքի ննջարաններին է «նայում»)։ Կամ չվեցին, մեղմ ասած, այլ տեղ, ուր աղմուկ չկա։ Դա էլ չփրկեց։ Այս օրերին աշխատանքներ են կատարվում սրճարան վերակառուցելու համար։ Երեկ հանդիպեցի բնակիչներից շատերի հետ եւ ահա թե նրանք ինչպես բնութագրեցին ստեղծված իրավիճակն ու իրենց պահանջները։ Բնակիչ 1- Գիշերները սրճարանի աղմուկից աչք չենք փակում։ Ամեն օր 16 սեղան, 64 աթոռ աղմուկով դրվում-հավաքվում էր։ Պատսպարվելու տեղ չունես։ Պատուհանները բացելիս հայհոյանքներ ես լսում։ Բնակիչ 2- Ջուրը սկսել ենք ատել։ Ամռանը չենք կարողանում պատուհան բացել։ Ոտնահարվում են մեր իրավունքները ամենալկտի ձեւով։ Մենք էլ սեփականատերեր ենք, եւ մի սեփականատեր փորձում է ուզուրպացիայի ենթարկել մյուսի իրավունքները։ Այս փողոցը ոնց որ մեղվի փեթակ լինի։ Բոլորը վրա են ընկնում, իսկ մենք՝ բնակիչներս, դատարան դիմելով փորձում ենք հասկացնել, որ գոյություն ունի օրենք։ Բնակիչ 3- Բոլոր կողմերից աղմուկ է։ Չենք կարող օգտվել ննջասենյակից։ Ի՞նչ ենք ուզում. անդորր։ Զուգարանը, որ կառուցել էին, մի անմեղ աղավնի էր, փողոցի վրա թառած, իսկ շատրվանը չինական մահ է։ Բնակիչ 4- Սրճարանատիրոջ հետ անձնական ոչինչ չունեմ։ Ես իմ բնակարանում հանգիստ չեմ կարող ապրել։ Բնակիչ 5- Չե՞ն տեսնում այս գեղեցիկ փողոցը ոնց է ապականվում։ Կողքը դիսկոտեկն է։ Շենքի տակ 11 «ծակ» են բացել, դուռ ու լուսամուտ։ Շենքը օդի մեջ է եւ դեռ մեզ հանգստացնում են, թե «ամրացվում» է… Բնակիչ 6- Մայրաքաղաքի գոնե այս հատվածն ազատեք անճաշակությունից՝ փողոցային, հազարումի երաժշտության, նյարդեր սղոցող մեթոդիկ վայնասունից։ Բնակիչ 7- Թող տեր լինեն իրենց իսկ պաշտոնական խոստմանը. «Կառուցապատողին տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ դադարեցնել հողազավթումով ինքնակամ կառուցված բացօթյա սրճարանի շահագործումը՝ ապահովելով կանաչապատ տարածքի վերականգնումը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել