Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես

Մայիս 02,2001 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ Է «Ես գտնում եմ, որ ֆոնդային շուկա չունենք, ինստիտուտ էլ չունենք։ Ավելին, ինստիտուտ չենք էլ ունեցել։ Եղել են անարդյունավետ փորձեր»,- ասում է Հայաստանի ֆոնդային բորսայի (Armex) դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանը։ Հիմա նա հույս ունի, որ առնվազն այդ ինստիտուտը կստեղծվի։ Սրա համար ֆոնդային բորսայի անվճար ու անժամկետ վարձակալած շենքում շինարարական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Պատրաստվում է գործարքների կատարման դահլիճը, որը, ըստ ֆոնդային բորսայի վարչության նախագահ Արմեն Մելիքյանի, 36 աշխատատեղ է ունենալու, առեւտրի սրահը հագեցած է լինելու էլեկտրոնային համակարգով, գործելու է վերջին նորացված տեխնոլոգիա, ինչպիսին PTS-ում է։ Մի խոսքով, պրն Մելիքյանի նկարագրությամբ, երբ ամեն ինչ պատրաստ լինի, գործարքը կատարելուն պես, այսինքն՝ համակարգչի ստեղնաշարը սեղմելուն պես, բոլոր տեսակի փոխանցումները (դրամական, տեղեկատվական) ավտոմատ կկատարվեն, իսկ բրոքերը խնդիր չի ունենա գործարքից հետո փաստաթղթերն առնել-վազել բանկ կամ Կենտրոնական դեպոզիտարիա։ Արժեթղթերի շարժին հնարավորություն կունենա հետեւել հասարակությունը՝ էլեկտրոնային համակարգին «անդամակցած» ԶԼՄ-ների, ինչպես նաեւ Ինտերնետ site-ի միջոցով։ Համակարգը, Արմեն Մելիքյանի կանխատեսմամբ, պատրաստ կլինի երեւի մայիսի վերջին։ Բորսայի վարչության նախագահի դիտարկումներով, 20 բրոքերային գրասենյակները նախկինում գործարքների 97%-ը կատարում էին «իրար մեջ», բորսայում չհայտարարագրելով։ Այսպիսի հնարավորություն այժմ էլ կլինի, որը «թանկ կարժենա»։ Կարեւորը, ըստ պրն Մելիքյանի, ոչ թե այն է, որ գործարքն արձանագրվի, այլ, որ հայտարարագրվի առաջարկն ու պահանջարկը։ Անգամ զարգացած ֆոնդային շուկաներում առկա է շահերի բախում բրոքերների ու ներդրողների միջեւ։ Սեփական գրպանը առաջնահերթ կարգով լցնելու գայթակղություն-բնազդից, ենթադրաբար, զուրկ չեն նաեւ հայ բրոքերները։ Ուստի՝ ներդրողների անփորձության պարագայում այդպիսի շահերի բախումը կարելի է երեւակայել ինչ մասշտաբների կարող է հասնել, անգամ կամ մանավանդ, չբացահայտվելու պարագայում։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչ միջոցներով են պատրաստվում այդ խնդիրներն հօգուտ ներդրողի լուծել, նախ պրն Մելիքյանը չբացառեց անպարտաճանաչ բրոքերի գոյությունը, ապա նշեց, որ, այնուամենայնիվ, այդ խնդիրները կանոնակարգվում են. «Ունենք վերահսկիչ ծառայություն, պատրաստվում է 2 կանոն՝ կարգապահական հանձնաժողովի եւ տուգանքների վերաբերյալ, արդեն ընդունված է էթիկայի մասին կանոնը։ Վերահսկողությունն այս հարցում խիստ է»։ Armex-ի դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանն «այս հարցում մի քիչ այլ կարծիք ունի», «առանց էթիկայի եւ մնացած կանոնների հնարավոր չէ խոսել բորսայական առեւտրի մասին։ Այս իմաստով շահերի բախումները պետք է հենց այս դաշտում էլ լուծվեն։ Բայց շահերի բախումներն այս շենքից (ֆոնդային բորսայի- Ա. Ֆ.) դուրս էլ են ձեւավորվում… հայ իրականության մեջ կան շահերի բախման այնպիսի հատվածներ, ձեւեր կամ տեսակներ, որոնք հնարավոր չէ կանոնակարգել օրենսդրությամբ եւ ինքնակարգավորվող դաշտում։ Իսկ ներդրողների անփորձությունը խնդիր չէ։ Այն կարելի է հաղթահարել փորձով. դրա համար ընդամենը ժամանակ եւ ունակություններ են անհրաժեշտ»։ Բայց պրն Սանդոյանի կարծիքով, ֆոնդային բորսայի ստեղծումը չի նշանակում, որ կապիտալի շուկան ինքնըստինքյան կառաջանա։ «Շուկան (կամ դրա ստեղծումը) կապված է սոցիալական, քաղաքական, օրենսդրական, ռազմաարդյունաբերական բազմաթիվ խնդիրների հետ»։ Եվ ըստ Էդ. Սանդոյանի, խիստ անհրաժեշտ գործոն է, առանց որի որեւէ երկրում որեւէ կապիտալի շուկա չի գոյանում, բայց կյանքը ցույց տվեց, որ քիչ է։ Մեր երկրում կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտները շատ են. ստվերային տնտեսություն, չվճարումների համակարգ (պետությանը, մեկը մյուսին), փակ, միջազգային ստանդարտներին չհամապատասխանող հաշվապահական համակարգ, դատաիրավական չկայացած համակարգ, կոռուպցիա, աղքատություն։ Այնինչ, Էդ. Սանդոյանի դիտարկմամբ, արտաքին ներդրողի համար շատ կարեւոր է գործել միջազգային ստանդարտների ներքո։ Իսկ արեւմտյան ներդրողի մասնակցությունը մեր շուկայում կարեւոր է արդար գնագոյացման առումով։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել