Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԻՆ»

Մայիս 02,2001 00:00

«ԻՆՁ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԻՆ» «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքում հիշատակվեցին նախարարներ Զադոյանի եւ Տոնոյանի, պատգամավորներ Բարսեղյանի եւ Մկրտչյանի, լրագրող Դիլբարյանի ցուցմունքները Հայկ Բաբուխանյանի վերաբերյալ։ Նրանցից մեկը վկայել էր, թե ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց հետո Նաիրի Հունանյանը գրկախառնվել էր Հայկ Բաբուխանյանի հետ։ Երկրորդը պատմել էր, թե երբ Հունանյանը Բաբուխանյանին ասաց՝ «գնա տղաներին կանչի», նա իսկի չհետաքրքրվեց, թե խոսքը որ տղաների մասին է։ Երրորդը վկայել էր, թե նրանք երկուսով կիսաձայն ինչ-որ բան էին քննարկում։ Չորրորդը շեշտադրել էր դահլիճից ազատ ելումուտ ունենալը։ Հինգերորդն իր տպավորությունն էր հայտնել, թե կարծել էր, որ Բաբուխանյանն ահաբեկիչներից մեկն է։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է մեկնաբանում այս բոլոր ցուցմունքները՝ Հայկ Բաբուխանյանն ասաց, թե խնդիր կար նախաքննությունը Սամվել Բաբայանի դեմ օգտագործելու. «Դեռ առաջին օրերին ԱԺ ամբիոնից հնչեց, թե ինչ-որ գրություններ կան եւ այլն, որ հետագայում ամբողջությամբ հերքվեցին։ Խնդիր կար նաեւ իմ միջոցով (որպես մեր կուսակցության երկրորդ դեմքի) քաղաքական ասպարեզից հեռացնել, հաշվեհարդար տեսնել մեր քաղաքական ուժի հետ, քանի որ չէինք մտել իրենց դասավորած սխեմայի մեջ, ընտրություններում ստանալով պաշտոնապես շուրջ 100 հազար ձայն, իսկ մեր տվյալներով՝ առնվազն կրկնապատիկը»։ Իր առնչությամբ տրված ցուցմունքնե րի մի մասը պրն Բաբուխանյանը համարում է պատվիրված ու վարձատրված։ Իսկ այդ մարդկանց՝ «գործ տվողի, գործ սարքողի բնավորությամբ»։ Բայց առավել որոշակիացնել չցանկացավ. «Անուններ ես հետագայում կտամ եւ փաստերով կապացուցեմ, որ նրանք վճարվել են»։ Այդ 5 ցուցմունքներից առայժմ պարզաբանվեց միայն Դավիթ Զադոյանի ասածը. «Նա այդպես չէր արտահայտվել, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Նա իբր ասել էր, որ ես ազատ ելումուտ եմ ունեցել։ Բայց հայտնի է, որ ես եղել եմ բանակցող խմբի մեջ։ Եվ երեւի թե շատ-շատերը պետք է ինձ շնորհակալություն հայտնեին այդ բանակցությունների համար, քանի որ կյանքս վտանգելով փորձում էի ներսում մնացածներին փրկել։ Որոշ մարդիկ իրենց ցուցմունքներում հատուկ շեշտել են դա»։ Իր առնչությամբ մյուս ցուցմունք տվողների հետ Հայկ Բաբուխանյանը չի խոսել. «Եվ չեմ էլ ուզում առայժմ խոսել։ Ես դեռ կճշտեմ նրանց ցուցմունքները»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել