Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1999 թ. խորհրդարանական ընտրություններից հետո եւ «27»-ի սպանդից առաջ, մեր երկրում գործող Վերակառուցմա

Մայիս 02,2001 00:00

«27»-Ը ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ 1999 թ. խորհրդարանական ընտրություններից հետո եւ «27»-ի սպանդից առաջ, մեր երկրում գործող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության համար» իր մշակած փաստաթղթի՝ «Հայաստանի քաղաքական գնահատական» հավելվածում մասնավորապես հետեւյալն է նշել, որն առաջարկում ենք ուշադիր կարդալ. «Միասնություն» դաշինքի նախընտրական պլատֆորմը հենվում էր ազատական տնտեսական քաղաքականության սուր քննադատության վրա։ Նրանց նախընտրական խոստումները սեւեռված էին Հայաստանի արդյունաբերության վերակենդանացման, գործազրկության չափազանց բարձր մակարդակի դեմ պայքարելու եւ երկարաձիգ տնտեսական անկման հետեւանքով բարձիթողի սոցիալական ծառայությունների բարելավման վրա։ Դեմիրճյանը կոչ էր անում լրավճարներ տրամադրել արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, որպես այդ նպատակին հասնելու ռազմավարություն։ Այդուհանդերձ, ներկայիս բարեփոխումների ուղուց արմատական շրջադարձ Հայաստանում չի սպասվում։ Թվում է, թե Սարգսյանն ու Դեմիրճյանն ընդունում են միջազգային ֆինանսական օժանդակությունից Հայաստանի կախվածությունը։ Ավելին, նախագահ Քոչարյանը զգալի ազդեցություն է պահպանում տնտեսական քաղաքականության հարցերում եւ բազմիցս հայտարարել է բարեփոխական ուղեգիծը շարունակելու իր մտադրության մասին։ Կառավարության նոր կազմը հուշում է, որ բարեփոխումները շատ ավելի հետեւողական կլինեն, քան կարելի է ենթադրել նախընտրական ելույթներից։ Այսուհանդերձ, բարեփոխումների ծրագրի որոշակի մեղմացումը չի բացառվում։ Գալով իշխանության՝ դաշինքը կարող է ներքին լարումներ ունենալ։ Բացի դա, Սարգսյանի մեծ ուժը կարող է առճակատման տեղիք տալ Քոչարյանի հետ, քանի որ երկու գործիչներն էլ բավականին խոր արմատներ ունեն ուժային տարբեր կառույցներում։ Քոչարյանը կապված է ղարաբաղցի քաղաքական գործիչների հետ, որոնք գերակշռում էին նախորդ կառավարությունում, մինչդեռ Վ.Սարգսյանը ներկայացնում է երեւանյան վերնախավը։ Ազգայնականության, տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական բարեփոխումների հարցում նրանց տարաձայնությունները կարող են թուլացնել կառավարության միաբանությունը»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել