Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս եզրակացության ես հանգում հաշվի առնելով, որ մեղադրողներն այս անգամ էլ 6 տարվա ազատազրկում պահանջե

Մայիս 02,2001 00:00

Դատավարություններն ավելորդ են Այս եզրակացության ես հանգում հաշվի առնելով, որ մեղադրողներն այս անգամ էլ 6 տարվա ազատազրկում պահանջեցին Աշոտ Բլեյանի համար՝ հիմք ընդունելով համառորեն դատարան չներկայացող մի վկայի նախաքննական 3 ցուցմունքներից 1-ը։ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում Աշոտ Բլեյանի գործի դատավարությանը ներկայացան եւս 5-6 հոգի, որոնք վկայություն չէին տվել առաջին ատյանի դատարանի առջեւ։ Նրանցից 3-ը շատ կարեւոր եւ էական վկաներ էին, որոնց նախաքննական ցուցմունքների վրա էր նաեւ խարսխված մեղադրանքը։ Որքան էլ տհաճ լինի Երեւանի դատախազության համար՝ բոլոր այս նոր վկաների դատավարական ցուցմունքներում Աշոտ Բլեյանի հասցեին ոչ մի բացասական խոսք չհնչեց։ Ոմանք պատմեցին, թե ինչ միջոցներով էր նախաքննության մարմինը պարտադրել մեղադրական բնույթի ցուցմունքներ տալ, ինչպես էին խեղաթյուրել իրենց ասածները եւ այլն։ Սակայն մեղադրողներն իրենց ճառում հաջողությամբ շրջանցեցին դատարան ներկայացած վկաների բացահայտած հանգամանքները՝ դարձյալ շեշտադրելով նրանց նախաքննական ցուցմունքները։ Անտեսեցին մեղադրանքը հերքող գրավոր եւ բանավոր ապացույցները եւ առավել ուժգին կառչեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շինարար Արմեն Մկրտչյանի նախաքննական ցուցմունքներից մեկից։ Նշենք, որ այդ շինարարը նախաքննության ընթացքում տվել է հակասական եւ իրարամերժ, բազում (էական նշանակություն ունեցող) անորոշություններ պարունակող ցուցմունքներ։ Նա մեկ անգամ ներկայացրել էր գրավոր բացատրություն, երկու անգամ հարցաքննվել։ Եվ նախաքննական այս երեք ցուցմունքներն էլ իրարից տարբերվում են։ Մեղադրանքի հիմքում դրվել է երրորդ ցուցմունքը, ըստ որի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-մանկապարտեզի, վարժարանի եւ նախակրթարանի շենքերը տանիքապատելիս՝ Բլեյանն իրեն հանձնարարել է շուրջ 3 մլն դրամի հավելագրումներ կատարել։ Մինչդեռ քաղաքաշինության նախարարության կազմած եզրակացությունը տեղիք չի տալիս նույնիսկ ենթադրելու, թե կատարվել են հավելագրումներ։ Արձանագրվել է, թե անգամ կան շինանյութեր եւ փաստացի կատարված աշխատանքներ, որոնք փաստաթղթերում չեն արտացոլվել։ Մեջբերենք գնագոյացման հաշվարկային կենտրոնի եզրակացությունը, թե իրենց հաշվարկներով՝ տանիքների շինարարության վրա կատարված «աշխատանքների արժեքը կազմում է մոտ 15 մլն դրամ»։ Մինչդեռ շինարարությունն իրականացվել է 10,2 մլն դրամով։ Բացատրելի՞ են պետական կառույցների եզրակացությունների եւ մի շինարարի ասածի միջեւ հակասությունները։ Արդյոք այդ հակասությունների՞ մեջ չպետք է փնտրել պատճառը, որ Արմեն Մկրտչյանն այդպես էլ չներկայացավ դատարան՝ ո՛չ առաջին ատյանի, ո՛չ էլ վերաքննիչի դատավարության ընթացքում։ Սակայն, մեղմ ասած, առավել տարօրինակն այն է, որ մեղադրողներն այս անգամ էլ հենվեցին ոչ թե մասնագետների դատախազության իսկ պահանջով կազմած եզրակացության, այլ Արմեն Մկրտչյանի այդ մի հայտարարության վրա։ Ասենք, եթե այդ շինարարը պնդեր, որ ձրի է տանիքապատել շենքերը եւ ողջ գումարը յուրացրել է Բլեյանը՝ նրա հայտարարությունն էլի՞ հիմք կընդունեին մեղադրանքը կառուցելու համար։ Ո՞րն է պատճառը անհատին այսպես 100%-ով վստահելու եւ ավելին՝ նրա հայտարարություններին հակասող փաստաթղթերն անտեսելու համար։ Ավելորդ է թերեւս մեկնաբանությունը, որ նման արտառոց պահվածքը թելադրված է փաստերի բացակայությամբ եւ զուտ նպատակահարմարությամբ։ Այսուհանդերձ, տանիքների շինարարությունը թեեւ հիմնական պատճառն է Բլեյանի համար 6 տարվա ազատազրկում պահանջելու, բայց կան այլ դրվագներ էլ, որոնց վերաբերյալ անպատասխան մնացած հարցադրումները բազմաթիվ են։ Ապրիլի 3-ին Աշոտ Բլեյանը պահանջել էր ապացույցներ ներկայացնել, որ ինքը որեւէ սովորողի արգելել է դպրոց հաճախել կամ, որ ինքը պետությանը վնաս է հասցրել եւ բյուջեից գումար հափշտակել։ Եվ եթե վերաքննիչ դատարանի որոշումն էլ է հիմնված լինելու նախաքննական կասկածելի ցուցմունքների եւ անապացույց մեղադրանքների վրա, ուրեմն իսկապես դատավարությունները միայն ժամանակի անտեղի կորուստ են։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել