Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրության «բարեփոխվող» նախագծում իշխանության թեւերի տարանջատման հիմնախնդիրը ոչ միայն հստակեցվա

Մայիս 02,2001 00:00

ՍՐԱՆԻՑ ԼԱՎԸ ՉԿԱ՞ Սահմանադրության «բարեփոխվող» նախագծում իշխանության թեւերի տարանջատման հիմնախնդիրը ոչ միայն հստակեցված չէ, այլեւ՝ ավելի լղոզված է։ Հեղինակների, թերեւս, երկչոտ փորձերը՝ ընդլայնել վարչապետի իրավասությունները, անհաջողության են մատնվել եւ անհեթեթ իրավիճակների ստեղծման վտանգ են պարունակում։ Իսկ, ըստ էության, Սահմանադրությունը միայն կոսմետիկ փոփոխությունների է ենթարկվել։ Ըստ այդմ, այլեւս հասկանալի չէ ոչ միայն ՀՀ նախագահի, այլեւ՝ վարչապետի ինստիտուտի տեղն ու դերն այս պետության մեջ։ Նախագծի «Կառավարությունը» գլխում նշված է, թե կառավարության կառուցվածքն ու գործունեության կարգը սահմանվում է ոչ թե վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով, ինչպես գործող Սահմանադրությամբ է, այլ՝ օրենքով։ Ասել է թե, վարչապետի իրավասությունն այս իմաստով չավելացավ. նվազեց ՀՀ նախագահի իրավասությունը։ Ի տարբերություն գործող Սահմանադրության, նոր նախագծով կառավարության նիստերն էլ հրավիրում եւ վարում է ոչ թե նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, վարչապետը, այլ ուղղակի՝ վարչապետը, բայց նախագահը կարող է կառավարության նիստ հրավիրել եւ վարել այն։ Այդ դրույթը ոչ այնքան ընդլայնել է վարչապետի լիազորությունը, որքան արձանագրել այսօրվա իրողությունը։ Մեկ այլ կետով կառավարության որոշումներն էլ այլեւս ենթակա չեն նախագահի կողմից վավերացման։ Դրանց օրինականությունն առավելագույն դեպքում նախագահը կարող է վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ մինչ այդ կառավարության վիճահարույց որոշման գործողությունը կարող է մեկ ամսով կասեցվել։ Փորձագետների կարծիքով, դա ընդամենն ազատ է արձակում նախագահի ձեռքերը, որն այլեւս պարտավոր չէ պատասխանատվություն կրել կառավարության որոշումների համար։ Սակայն կառավարության դերի ու տեղի հետ կապված խառնաշփոթը սկսում է այն պահից, երբ պարզ է դառնում, որ Հայաստանում վարչապետը եւ նախարարները նշանակվում են երկու ճանապարհով. մեկ՝ երկրի նախագահի, մեկ՝ խորհրդարանի կողմից։ Դա ՀՀ նախագահ-օրենսդիր մարմին հարաբերությունների իմաստով իսկական ական է եւ կարող է վերջիններիս միջեւ անվերջ կոնֆլիկտների պատճառ հանդիսանալ։ Պատկերացրեք, եթե ԱԺ-ում նախագահը մեծամասնություն չունենա, պարզ է, որ չի կարող անցկացնել իր նշանակած վարչապետին, մինչդեռ ԱԺ-ն կարող է օգտվել նախագահի նշանակած վարչապետին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու իր սահմանադրական իրավունքից, եւ ինքը նշանակել վարչապետին եւ կառավարության անդամներին։ Տակավին պարզ չէ, թե ԱԺ-ի նշանակած կառավարությունն այդ դեպքում կատարելու է ՀՀ նախագահի՞, թե՞ մեծամասնության ծրագիրը եւ հակառակը. նախագահի նշանակման եւ խորհրդարանի հաստատման դեպքում կառավարությունն իրագործելու է նախագահի՞, թե՞ խորհրդարանական մեծամասնության ծրագիրը եւ ընդհանրապես որեւէ դեպքում ո՞վ է կրելու կառավարության գործունեության պատասխանատվությունը։ Կոնֆլիկտի լուծման եղանակներից մեկն էլ այդ դեպքում կարող է այն լինել, որ նախագահը կառավարություն ձեւավորելու իր իրավասությունը չկորցնելու համար խորհրդարանական ընտրություններում կարող է փորձել տարբեր եւ մեզ հայտնի մեխանիզմներով խոչընդոտել ընդդիմադիր կամ անվերահսկելի մեծամասնության ձեւավորումն ու օրենսդիր մարմինը լցնել մանր-մունր եւ վերահսկելի ուժերով։ Բացի այդ, գործադիր, օրենսդիր իշխանությունների եւ նախագահի լիազորությունները հստակեցված եւ իրապես տարանջատված չեն այնքանով, որքանով նախագծից պարզ չէ, թե կառավարությունն ինչ մեխանիզմներով կարող է հակակշռել նախագահին կամ խորհրդարանին։ Ավելին, գործող Սահմանադրության հոդված 55-ի 4-րդ կետի փոխարեն, որով նախագահը նշանակում եւ ազատում է վարչապետին եւ վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին, նոր նախագծում նշված է՝ «Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստից կամ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 20-օրյա ժամկետում նշանակում է վարչապետին, վարչապետի առաջարկությամբ՝ նախարարներին»։ Նախագծում այդպես էլ որեւէ կետ չհայտնաբերեցինք, որով նախագահը եւ կամ ԱԺ-ն կարող են ազատել իրենց կողմից նշանակված վարչապետին եւ նախարարներին։ «98-ից սկսած Սահմանադրությունը դրվել է քաղաքական խաղերի զոհասեղանին եւ մեկ նվազող, մեկ ակտիվացող համառությամբ խոսվում է այն փոփոխելու մասին։ Եվ եթե 90-ից սկսած ամբողջատիրությունից դեպի ժողովրդավարություն անցնելու ճանապարհին Սահմանադրություն ունենալը կենսական անհրաժեշտություն էր, ապա այսօր դրա բարեփոխումը կենսական չէ։ Միայն այն, որ Քոչարյանի փաստական կառավարման 4-ից ավելի տարիների ընթացքում գտնվել են ճգնաժամերի հաղթահարման սահմանադրական ճանապարհներ, խոսում է գործող Սահմանադրության կենսունակության մասին։ Այսօր պետական նշանակության հարցերը, այդ թվում նաեւ՝ Սահմանադրական փոփոխությունները, պարզապես ծառայեցվելու են իշխանության ներսում ներիշխանական խնդիրներ լուծելու համար»,- նկատեց Արա Սահակյանը։ Վլադիմիր Նազարյանն էլ տեսակետ հայտնեց, թե պետական կառավարման բոլոր համակարգերն էլ միանգամայն կենսունակ են, եւ եթե Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգն արդյունավետ չի գործում, դա չի նշանակում, թե համակարգն է վատը կամ մեկ այլ համակարգ ավելի լավ կգործի։ «Չկա որեւէ համակարգ, որը կփրկի ժողովրդին։ Ժողովրդավարությունը պայմանավորված է ոչ թե պետական կառավարման համակարգի, այլ՝ ընտրությունների օրինականության հետ»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել