Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրապետության

Մայիս 02,2001 00:00

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԱՐՄՐԵՑ Հանրապետության հրապարակում, խաչին դեմ դիմաց, կոմունիստները մի բեռնատար էին զարդարել Խորհրդային Հայաստանի դրոշներով։ Ընկերները հենց բեռնատարի թափքից ողջունում էին հանրապետության տարբեր շրջաններից մայիսմեկյան շքերթի եկած աշխատավորներին։ «Կեցցե»-ների եւ «փառք»-երի, կարմիր դրոշների եւ «վիզկապավոր» պիոներների պակաս չէր զգացվում։ Հրապարակում հանդիպեցինք նաեւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ քաղաքապետարանի ողջ շքախմբի ուղեկցությամբ։ Պարոն Նազարյանը մեծ հաճույքով ասաց, թե քաղաքապետարանը թույլատրել է կոմունիստների երթն ու շքերթը եւ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ վերականգնվել է Մայիսի մեկի տոնը։ Երեւանի քաղաքապետի բնորոշմամբ. «Վատ միջոցառում չի, որովհետեւ ցանկացած կուսակցություն պետք է կարողանա իր խոսքն ասելու, արտահայտելու հնարավորություն ունենալ։ Բացի դրանից, սա բոլորիս համար էլ հարազատ տոն է, մեր անցյալն է, լավ, բարի հիշողություններ են արթնանում։ Այնպես որ, ես վատ բան չեմ տեսնում»։ Մեր հարցին՝ որքանո՞վ է պետությունը մասնակից այս տոնին, Ռոբերտ Նազարյանն ասաց. «Ես կարծում եմ, արդեն պետությունն իր մասնակցությունը բերել է, որ արտոնել է, եւ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն, կարող են մասնակցել»։ Իսկ նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանին հրապարակ էր բերել հետաքրքրասիրությունը։ Տոների նկատմամբ պարոն Արշակյանը խիստ դրական վերաբերմունք ունի. «Ինչքան շատ տոն, այնքան լավ։ Իսկ, ընդհանրապես, հենց այս տոնը չպետք է վերականգնվեր։ Բայց քանի որ այսքան մարդ եկել է, այսքան մարդ տոնում է, նշանակում է, ինքնությունից կտրվել ենք։ Այս տոնի մասին մարդիկ պետք է չհիշեին, այլ տոներ պետք է լինեին։ Ես ինքս գիտեմ, որ լավ օրից չէ, որ այս տոնը վերականգնվեց, եւ լավ օրից չէ, որ այսքան մարդ հավաքվել է տարբեր շրջաններից»։ Իսկ չի՞ կարծում պրն Արշակյանը, որ եթե Կոմկուսը կարողացել է այսքան մարդ հավաքել, ուրեմն՝ ուժեղ է. «Քանի երկիրը թշվառության մեջ է եւ ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ, այս կուսակցությունն ուժեղ կլինի։ Սա միայն մեր կուսակցությունը չէ, սա նաեւ ցույց է, թե ինչ չափով կարելի է Հայաստանում անկառավարելի իրավիճակներ ստեղծել։ Ես չեմ հավատում, որ մարդիկ Հրազդանից կամ Սեւանից իրենց ծախսերով եկել են Հայաստանի կենտրոնական հրապարակում իրենց համերաշխությունը հայտնելու չգիտեմ որտեղի աշխատավորներին։ Ես կասկածում եմ, որ գալու հնարավորություն ունեին։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը նրանց բերել է։ Սա մեզ համար թող լինի նախազգուշացում»։ Զրույցի վերջում պարոն Արշակյանն ասաց, որ ինքը համաձայն է ցանկացած տոնի. «Անունն ինչ ուզում են, թող դնեն։ Թող մեր ժողովուրդն ուրախանա, մեր աղջիկները թող շողշողուն լինեն, ես համաձայն եմ, ցանկացած տոնի կմասնակցեմ, ոչ մի սիմվոլ էլ դրա թիկունքին չեմ տեսնում։ Աշխատավորների համերաշխության տոն է, թող լինի։ Մենք համերաշխ ժողովուրդ ենք»։ Պրն Արշակյանի ասելով, ինքը հիասթափված է կոմունիստների աշխատանքից, քանի որ նրանք աշխատանքի պատրաստ հող ունեն, եթե կոմունիստները լավ աշխատեին, հրապարակը պետք է լիքը լիներ»։ Իսկ ընկերները, մեր զրույցից անտեղյակ, տոնում էին Մայիսի մեկը եւ իբրեւ սկիզբ հնչեցրին Խորհրդային Հայաստանի հիմնը։ Մինչ հնչում էր հիմնը, պիոներները ուրախությունից դրոշներն ու փուչիկներն էին թափահարում, տարեցներն անցած օրերի հիշողությունից հուզված էին։ Բեռնատարի թափքից հնչող ելույթները խիստ ոգեշունչ էին։ ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը հետագա քայլերի մասին ասաց. «Սա առաջին անգամն է, կբավարարվենք միտինգով եւ կընդունենք բանաձեւ»։ Մեր հարցին՝ ինչո՞ւ ավելի բազմամարդ չէ հավաքը, ընկեր Մանուկյանը պատասխանեց. «Նույն պատճառաբանությամբ՝ առաջին անգամն է, դեռ շատ կհավաքվենք»։ Ի դեպ, ընկերները չթաքցրին, որ ավելի բազմամարդ եւ ավելի ազդեցիկ կլինի մայիսի 16-ին կայանալիք հանրահավաքը։ Մոռացկոտներին հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա մայիսի 16-ին պետք է տեղի ունենար հանրահավաք, բայց ընկերները, անսալով նախագահ Քոչարյանի խնդրանքին, հանրահավաք չհրավիրեցին։ Նաեւ սա էր պատճառներից մեկը, որ շարքերում որոշ դժգոհություն առաջացավ Կենտկոմի ղեկավարության հասցեին։ Թերեւս եկել է մեղքերը քավելու ժամանակը, եւ վերընտրված ղեկավարները մայիսի 16-ի հանրահավաքով կփորձեն վերադարձնել շարքերի վստահությունը։ Գեղարքունիքի մարզի Կամոյի շրջկոմի քարտուղար Վանիկ Արությանն ասաց. «Լեգենդար եւ հեղափոխական, Լենինի ընկեր եւ զինակից Կամոյի անունը կրող շրջանի ողջ աշխատավորությունն իր ջանքերով, իր խնայողություններով մի նախաձեռնություն է իրականացրել՝ վերականգնում ենք ՀՀՇ-ական բախտախնդիրների կողմից քանդված, պղծված, հայ ժողովրդի համար նահատակված Հովհաննես Սարուխանյանի, Բատիկ Բատիկյանի կիսանդրիները»։ Կամոյի շրջանում 750 կոմունիստ եւ 260 կոմերիտական կա։ Մայիսմեկյան շքերթին մասնակցելու համար Երեւան էր եկել 300 քյավառեցի կոմունիստ՝ 10 ավտոբուսով։ Պատերազմի վետերան, 82-ամյա Արտավազդ Պետրոսյանը տոնի մասին ի՞նչ մտածի, երբ երկիրն էսպես ձեռքից գնում է. «Մայիսի մեկը լավ ա, բայց դրանով ի՞նչ հարց լուծվեց, գործ չկա, գործ»։ Իսկ 83-ամյա Փայլակ Մարտիրոսյանի ասելով՝ «Մայիսի 1-ը ղեկավարությունը հանեց, որովհետեւ ուզում էր կորցնել պատմությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել