ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը խոստովանում է, որ «նախադպրոցական համակարգը համայնքային ենթակայության դարձնելուց հետո ունեցանք լուրջ պրոբլեմներ»։ Մոտ 10 տարի առաջ մանկապարտեզ էր հաճախում 150 հազար երեխա, այսօր՝ միայն 53 հազար։ Մանկապարտեզների թիվը նվազել է 34,2%-ով։ Մեղքը հիմնականում գցում են համայնքապետերի վրա՝ թեեւ այլ ենթակայության կրթօջախներն էլ առանձնապես չեն ծաղկել վերջին տարիներին։ 1991թ. աստիճանաբար կրճատվել է նախադպրոցական համակարգի պետական ֆինանսավորումը, իսկ 1997- ից՝ ընդհանրապես դադարեցվել։ Հատկապես գյուղական շրջաններում համայնքային բյուջեներն այնքան խղճուկ վիճակում են, որ, բնականաբար, չէին կարող պահել մանկապարտեզները, որոնց մասին հոգ տանելու հոգսից պետությունն իրեն ազատել էր։ Այսօր հեշտ է ամեն ինչի համար քննադատել համայնքապետերին։ ԿԳ նախարարը մեղադրում է, որ վերջին տարիներին մանկապարտեզների տնօրեններ ու դաստիարակներ են նշանակվել մարդիկ, որոնք նույնիսկ մանկավարժական կրթություն չունեն։ «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագծով նախատեսվում է, որ նախադպրոցական ու արտադպրոցական հիմնարկներն ունենան տեղական բյուջեներից հաստատագրված հատկացումներ։ Էդուարդ Ղազարյանի կարծիքով, նման հատկացումների բացակայության պատճառով է, որ այդ հիմնարկների մանկավարժները ամիսներով աշխատավարձ չեն ստանում եւ բազմաթիվ սոցիալական պրոբլեմներ են ծագում։ Այս ֆոնի վրա, իհարկե, հեշտ է պահանջել, որ մանկապարտեզները դարձյալ վերադարձնեն մարզային ենթակայության, բայց դա դյուրին չէ, քանի որ հակասում է տեղական ինքնակառավարման մասին օրենքին։ ԿԳՆ էլ սպառնում է վերահսկման մեխանիզմները խստացնել։ Ն. Հ.