ԿՈՄԻՏԱՍԸ՝ ՆՈՐ ԿԱՏԱՐՄԱՄԲ Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Ուլիխանյան կվինտետի համերգը։ Կվինտետի անդամները երիտասարդ երաժիշտներ են. Մարտին Ուլիխանյան (կլարնետ), Դմիտրի Արզումանյան (սաքսոֆոն), Վարդան Ուլիխանյան (դաշնամուր), Հարություն Փանոսյան (կոնտրաբաս), Արմեն Ավետիսյան (հարվածային)։ Համերգը նվիրված էր քրիստոնեության 1700-ամյակին։ Հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Մ. Ուլիխանյանի մշակմամբ։ Երիտասարդական շունչն ու ոգին, որքան էլ տարօրինակ է, անչափ գրավիչ էին դարձրել Կոմիտասի Գեղջկական երգերը, Մշո շորորը, Կռունկը։ Սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ նոր մշակումը վաղուց հայտնի եւ սիրված երգերին ոչ թե փչացրել, այլ մի նոր հմայք էր տվել։ Դահլիճում տիրող հաճելի եւ տրամադրող մթնոլորտը պայմանավորված էր ոչ միայն գեղեցիկ եւ բարի երաժշտությամբ, այլեւ տղաների անկեղծ եւ ինքնամոռաց կատարմամբ։ Հատկապես հետաքրքիր երանգավորում ուներ «Կաքավիկի» մշակումը, որը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից եւ նույնիսկ ուրախ ծիծաղ առաջացրեց։ Տղաների մոտ շատ նուրբ ու փափուկ էր ստացվում անցումը մի ստեղծագործությունից մյուսին։ Վերջինը, որ հնչեց երեկոյի ընթացքում՝ «Կռունկն» էր, որի ավարտից հետո դահլիճը մի պահ լցվեց լռությամբ, ապա հաջորդեցին բուռն ու անկեղծ «բռավոներով» լեցուն ծափողջույնները։ Ամենաուրախալին այն էր, որ ներկաների հիմնական մասը երիտասարդներ էին։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ