Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 01,2001 00:00

ԾՆՈՒՆԴ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Օրերս լրացավ հաշմանդամ ազատամարտիկ Արմեն Ավետիսյանի ծննդյան 38-րդ տարելիցը։ Եվ ինչպես միշտ, այս տարի եւս «Ազնավուր 24» էլիտ ակումբում նա իր ծննդյան օրը վերածեց ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների տոնի։ «1994-ից սկսած, ծննդյանս օրվա կապակցությամբ, հրավիրում եմ զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ այդ օրը դառնում է մի յուրօրինակ տոնակատարություն,- պատմեց պրն Ավետիսյանը։ Պոնչին (դա նրա մականունն է- Ա. Դ.) ընդհանրապես բոլորը ճանաչում են հետեւյալ կարգախոսով. «Նա չի սիրում իր ծննդյան օրը նվերներ ստանալ, սիրում է նվերներ տալ»։ Չնայած յոթ տարվա ընթացքում որեւէ ֆինանսական աջակցություն Արմենը չի ստացել, սակայն ամեն տարի, ինչպես ինքն ասաց. «Մի ճար անում եմ, որ այդ օրը նշենք», քանզի դա, ըստ նրա, ոչ միայն իր ծննդյան օրն է, այլեւ կռված տղերքի տոնը։ Արմենի մտերիմ ընկեր եւ զինակից Զավեն Ասատրյանը նշեց, որ «եթե մենք սիրում ենք մեր հայրենիքը եւ կռվում նրա համար, կուզենայինք, որ հայրենիքն էլ մեզ չմոռանա։ Զինվորը իր թիկունքում միշտ պետք է զգա պետական հոգածություն, որպեսզի իր ողջ էությամբ նվիրվի հայրենիքին։ Եթե մեր զինակից ընկերներից ամեն մեկն իր ծնունդը վերածի նման համընդհանուր տոնի, ապա ազատամարտիկների ընտանիքների առօրյան գոնե քիչ թե շատ իմաստալից կանցնի»։ Տեղեկացանք, որ պրն Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է, ուստի օրերս նա պատրաստվում է հիվանդանոց տեղափոխվել։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել