Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Մայիս 01,2001 00:00

ՀԱԿՈԲ ՓԻԼՈՍՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Սլովակիայի Տրենչին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին։ Այն, ըստ էության, Սիդնեյի ամառային 27-րդ օլիմպիական խաղերից հետո առաջին խոշոր մեկնարկն է երկաթախաղի վարպետների համար։ Մասնագետներից շատերն ասում են, թե սովորաբար օլիմպիական խաղերի ավարտից մեկ-երկու տարի հետո աշխարհի ուժեղագույն ծանրորդները խուսափում են խոշորամասշտաբ մրցումների մասնակցել, եւ ասպարեզը, որպես կանոն, մնում է երիտասարդ, ավելի հեռանկարային մարզիկներին։ Մրցահարթակ են մտնում նաեւ նրանք, ովքեր ձախողվել են նախաօլիմպիական ընտրական մրցաշարերում։ Վերջիններս նպատակ են հետապնդում ոչ միայն տեղ պահպանել ուժեղագույնների շարքում, այլեւ ապացուցել, որ օլիմպիական ուղեգիր նվաճել չկարողանալն ընդամենը թյուրիմացություն էր։ Սակայն մեզ հասած տեղեկություններով, Տրենչինից Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանը հեռախոսով ասել է, թե այնտեղ մասնակից երկրների հավաքականների կազմը գերազանցապես համալրված է Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակիցներով։ Եվ եթե դա այդպես է, ուրեմն նվաճած յուրաքանչյուր մեդալի արժեքը էապես բարձրանում է, քանի որ այն ձեռք է բերվում ուժեղագույնների մրցակցությունում։ Այս առումով, լուրջ նվաճում է 77 կգ քաշային կարգում գյումրեցի Հովհաննես Ամրեյանի արծաթե մեդալը։ Վաստակավոր մարզիչ Վահան Բիչախչյանի սանը երկամարտի 352,5 (160 +192,5) կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին՝ 2,5 կգ-ով գերազանցելով «բրոնզը» նվաճած հունգարացի Աթիլա Ֆերիից։ 85 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնում էր Գագիկ Խաչատրյանը։ Ճիշտ է, նա դուրս մնաց մեդալների համար պայքարից, բայց գրաված 6-րդ տեղը նույնպես վատ ցուցանիշ չէ։ Հայաստանի հավաքականի հաշվարկում մեկ բրոնզե մեդալ գրանցեց 94 կգ քաշային Հակոբ Փիլոսյանը 382,5 (170+212,5)։ Այսպիսով, մեր ծանրորդները Սլովակիայում ավարտեցին մրցելույթները։ Ասպարեզ մտան հինգ մարզիկներ, որոնցից երկուսը արժանացան Եվրոպայի առաջնության մեդալների։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, մեր թիմի ցույց տված արդյունքը կարելի է բավարար համարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել