Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների

Մայիս 01,2001 00:00

Փաստաբանները պատրաստվում են գործադուլի Փաստաբանների միջազգային միությունը (նախագահ՝ Տիգրան Ջանոյան) եւ Հայ փաստաբանների միջազգային միությունը (նախագահ՝ Տիգրան Տեր-Եսայան) ապրիլի 28-ին հրավիրել էին համատեղ ընդհանուր ժողով։ Փաստաբան-մասնակիցներն այդ ժողովը համարեցին պատմական՝ նախեւառաջ, այն պատճառով, որ մեզանում առաջին անգամ էր երկու միությունների համատեղ ժողով հրավիրվում, եւ երկրորդ, որովհետեւ փաստաբանները հայտարարեցին համակարգող խորհրդի ստեղծման մասին, ինչը քայլ է փաստաբանների 2 միությունների միավորման, ինչպես նաեւ ռազմավարության փոփոխության։ Բայց, նախ, ժողովի օրակարգի մասին։ Ընդգրկվել էին երեք՝ փաստաբանության ներկա խնդիրները, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին քրեական պատասխանատվության կանչելու փաստի (ՓՄՄ ղեկավար մարմնի դիրքորոշման), ինչպես եւ Համատեղ համակարգող խորհրդի ստեղծման մասին հարցերը։ Իր ելույթում փաստաբան Տիգրան Ջանոյանն անդրադարձավ հատկապես փաստաբանների մասնագիտական-անհատական պաշտպանվածության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փաստերի մասին։ Մասնավորապես կանգ առնելով փաստաբաններ Կարո Կարապետյանի, Կրոմվել Գրիգորյանի օրինակների վրա։ Ըստ նրա, մտահոգիչ է այն, որ «փաստաբանները մասսայաբար դուրս են մղվում դատավարական գործընթացներից»։ Հաջորդ ելույթ ունեցողը՝ Տիգրան Տեր-Եսայանը, նույնպես հայտնեց, որ օրենքի առաջին ընթերցմամբ ընդունելու մասին իրենք իմացել են պատահաբար եւ նկատեց, որ պետության կողմից լիցենզավորվող գործունեություն է դառնում փաստաբանությունը։ Իրենց ելույթներում փաստաբանները հասկացնում էին, որ պետությունն իրավական արշավանք է սկսել իրենց դեմ տարբեր առումներով. սկսած բողոք բերելու ժամկետային սահմանափակումներից, վերջացրած հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից մուծվող հարկերով… Տիգրան Տեր-Եսայանը անհրաժեշտ համարեց միջազգային կազմակերպությունների հետ ինտեգրացիոն քաղաքականության մշակումը, սեփական իրավունքների պաշտպանությունը։ Նա ասաց, որ փաստաբանը հաճախ վստահորդին թողնում՝ ստիպված է լինում իր իրավունքները պաշտպանել։ Նա առաջ քաշեց փաստաբանների թերթ ունենալու, տեղեկատվական կենտրոն բացելու հարցերը։ Երբ ժողովը մի քիչ տնավարի դարձավ՝ անգամ սրճարան ունենալու հարց բարձրացրին (լրագրողները կողմ կլինեն, որ սրճարանների տարածքը լինի դատարաններում- Ռ. Մ.)։ Փաստաբան Ռուբեն Սահակյանի ելույթը հաճախ էր ընդհատվում ծափահարություններով։ Նա ներկայացրեց իր գործընկեր, ներկայումս պաշտպանյալ Նիկոլայ Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին, երբ Կենտրոնի դատավոր Գայանե Կարախանյանին անգրագետ անվանելով՝ փաստաբանը նրան բացարկ է հայտնել։ Ի դեպ, բացարկն ընդունվել է։ «Նրանք, ովքեր քրգործ հարուցելու որոշում են կայացրել, նույնպես անգրագետ են»,- շարունակեց Ռ. Սահակյանը։ «Ես հայտարարում եմ, որ Գայանե Կարախանյանը բազմաթիվ նորմեր չգիտի, որը հասնում է զավեշտի»,- նկատեց փաստաբանը եւ ասաց, որ Նիկոլային պատասխանատվության կանչելու մասին տեղյակ չի պահվել անգամ Փաստաբանների միությանը (ըստ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի)։ Իմիջիայլոց, փաստաբանների ելույթներից պարզ դարձավ, որ իրենք գործադուլի կդիմեն, բայց Նիկոլային (ինչը չարեցին Կրոմվել Գրիգորյանի համար) «ժերտվա» չեն տա։ Եթե նկատենք, որ գործադուլի պատրաստակամություն հայտնողների մեջ են նաեւ «Հոկտեմբերի 27» քրգործում ներգրավված փաստաբանները, ապա պատկերացրեք, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել առաջիկայում։ Փաստաբան Սամվել Միրզոյանն ասաց, թե փ աստաբանները Հայաստանում «ոնց որ դամ քաշողներ լինեն։ Կրոմվելի հարցում մենք պասիվ գտնվեցինք, մենք թողեցինք մեր ընկերոջը մի քանի հոգու հետ-, ասաց նա եւ հայտնեց:- Եթե պետք է, չենք գնա դահլիճ։ Պատկերացրեք՝ փաստաբանները գործի չգնան»։ Ն. Բաղդասարյանի համար հայտարարվեց, որ ՓՄՄ-ն լրացուցիչ քայլերի մասին կհայտնի։ Ներկաներին բաժանվեց համակարգող խորհրդի գործունեության հայեցակարգը։ Խորհուրդը լիազորված է հանդես գալ 2 միությունների անունից, այն «կիրականացնի օրենսդրությամբ եւ կանոնադրություններով չարգելված գործունեություն՝ իրեն վերապահված բնագավառներում»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել