Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի

Մայիս 01,2001 00:00

Մուծիր եւ երթեւեկիր Մայրաքաղաքի բազմահարկ բնակելի շենքերի 4164 վերելակից այսօր գործում է թվով 3242-ը։ Վերջիններս անմխիթար վիճակում են եւ խիստ վտանգ են ներկայացնում, քանզի 25 տարվա երաշխիքային ժամանակացույցը, շատ վերելակների համար, վաղուց արդեն սպառվել է։ Վերելակները բարոյապես ու ֆիզիկապես արդեն մաշված են, գործածվելու համար վտանգավոր։ Հարկ է նշել, որ գործող վերելակներից միայն 424-ն են ենթարկվել տեխնիկական զննման։ Մնացած 2818-ը դինամիկ եւ ստատիկ փորձարկումների չեն ենթարկվել։ Ավելին՝ դրանք չունեն «Հայլեռտեխվերահսկողության» շահագործման թույլտվություն։ Քաղաքապետարանի կողմից բազմիցս հանձնարարականներ են տրվել «Երվերելակ» ընկերությանը պայմանագրեր կնքելու համայնքի ղեկավարների հետ՝ կանոնակարգելու համատիրությունների եւ կոոպերատիվ բազմահարկ շենքերի վերելակների շահագործումն ու սպասարկումը։ Այդ պարագայում, իհարկե, անհրաժեշտ է անձնագրերի առկայությունը։ Հենց այստեղ էլ կբախվեն վերելակների անձնագրավորման խնդրին։ Ի դեպ, մայրաքաղաքի 1816 վերելակ անձնագրավորված չէ։ Նշենք, որ մեկ վերելակի անձնագրավորումն արժե մոտ 10-15 հազար դրամ։ Մայրաքաղաքի չգործող 922 վերելակներից մի մասը թալանված է, մի մասն էլ շարքից լրիվ դուրս եկած։ Ասվածիս տխուր վկայությունը վերելակների անսարքության հետեւանքով գրանցված մարդկային զոհերն են։ Ո՞վ է պատասխանատու նման դեպքերում, ո՞ւմ իրավասության տակ են գտնվում այսօր մայրաքաղաքի վերելակները։ Երեւանի քաղաքապետարանի «Երվերելակ» ընկերության տնօրեն Սամվել Գալստյանի հավաստմամբ, վերելակներն իրավաբանորեն գտնվում են համատիրության իրավասության տակ եւ որեւէ դեպքի առիթով պատասխանատու են հենց նրանք։ Ի դեպ, հարկ է նկատել, որ այսօր վերելակների սպասարկումն ու շահագործումն իրականացվում է թույլտվության ժամկետը վաղուց լրացած մասնագետների միջոցով։ Այստեղ, թերեւս, անհրաժեշտ է թաղապետարանների շահագրգռվածությունը, քանզի նոր կադրերի պատրաստման խնդիրը մեծ կարեւորություն ունի։ Համատիրությունները, իրավաբանորեն հանդիսանալով վերելակի տեր, պարտավորվում են պայմանագրեր կնքել այն ձեռնարկությունների հետ, որոնք ունեն համապատասխան աշխատանքը կատարելու լիցենզիաներ։ Դժգոհությունը միայն բնակիչների կողմից չէ։ Մեխանիկներն էլ իրենց հերթին գանգատվում են, թե ամսական սահմանված 9 հազար դրամը չմուծելու հետեւանքով է, որ իրենք չեն կարողանում պատշաճ սպասարկում իրականացնել։ Ի դեպ, այս խնդիրը լուծելու համար վերջում պրն Գալստյանը ներկայացրեց մի ծրագիր, որ կարեւոր դեր կխաղա սպասարկման վճարի հավաքագրման պրոցեսում։ «Երվերելակ» ընկերությունը նախնական պայմանավորվածություն ունի «Մարս» գիտատեխնիկական կազմակերպության հետ (նախկին Ռոբոտի գործարան)։ Ըստ մշակված ծրագրի, շենքերի վերելակները կաշխատեն էլեկտրակոդային համակարգով, որի սկզբունքն այսպիսին է. համապատասխան քարերը (բռիլոկը) լիցքավորելուց հետո միայն բնակիչը կարող է օգտվել վերելակից։ Ի դեպ, վերելակից մեկ անգամ օգտվելը կարժենա 3 դրամ եւ ընդամենն այսքանով բնակիչը կձերբազատվի ե՛ւ հոսանքի, ե՛ւ տեխնիկական զննման, ե՛ւ սպասարկման գումարից։ Այս ժամանակակից համակարգը մայրաքաղաքում կյանքի կոչելու համար կպահանջվի 5-600 հազար դոլարին համարժեք դրամի ներդրում։ ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել