Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համաշխարհային բանկը չի ուզում, որ Հայաստան գա մի պոպոքի առեւտրական եւ զբաղվի էներգետիկայով»,- ասաց

Մայիս 01,2001 00:00

ԹՈՂ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԳԱՆ, ՉՈՒԶՈՂՆ ԷԼ՝ ՄԵՆՔ «Համաշխարհային բանկը չի ուզում, որ Հայաստան գա մի պոպոքի առեւտրական եւ զբաղվի էներգետիկայով»,- ասաց ՀՀ-ում ՀԲ ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը (թեեւ նրա անգլերեն ընկույզը թարգմանիչը պոպոք սարքեց)։ Երեկ հրավիրած ասուլիսում պն Սաադաթը հավաստիացնում էր, որ թեեւ Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի փաթեթը բանկի գործադիր տնօրենների խորհրդին ցանկալի էր ներկայացնել ԲԷՑ-երի բաժնետոմսերի հաջող վաճառքի ֆոնի վրա, սակայն Հայաստանը ՀԲ-ի հին գործընկերներից է եւ փոքր անհաջողությունները նրան հետ չեն պահի Հայաստանի հետ համագործակցությունից։ ՀԲ-ն այս հարցում Հայաստանի վրա ճնշում չի գործադրում։ Այնպես որ, քաջալերված ՀՀ նախագահի եւ վարչապետի՝ ԲԷՑ-երը մասնավորեցնելու հետագա պատրաստակամության մասին հայտարարություններից եւ «Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության վերջին վեց ամիսներին իրականացրած բարեփոխումներից», ս.թ. մայիսի 23-ին ՀԲ-ն SAC-4-ը այնուամենայնիվ կներկայացնի տնօրենների խորհրդին։ Առաջին երկու՝ 15 միլիոնանոց տրանշները, համաձայնության դեպքում իհարկե, կստացվեն, իսկ այ երրորդը՝ «լողացող» 20 մլն-ը մինչեւ 2002թ. մարտի 31-ը պայմանավորված կլինի… ԲԷՑ-երի սեփականաշնորհմամբ։ Դրանից հետո, եթե ԲԷՑ-երը չսեփականաշնորհվեն, «այդ 20 միլիոնը չի տրամադրվի» (այստեղ էլ նշենք. թարգմանիչը հարմար գտավ թարգմանել «20 մլն-ը կվերանա», որը շատերի կողմից ընկալվեց՝ «կվերանայենք»)։ Ի դեպ, Հայաստանը այդ 20 միլիոնի կարիքը կարող է չունենալ, եթե փակի էներգետիկ համակարգից հափշտակվող մոտավորապես 40-50 մլն դոլարի ճանապարհը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ բոլորը որպես այդ ճանապարհները փակելու միակ երաշխիք տեսնում են ԲԷՑ-երի մասնավորեցումը, կարելի է վստահ ասել, որ այդ դեպքում էլ մեզ 20 մլն-ը պետք չէ, թեեւ այն շոշափվում է, իսկ վերոնշյալ 40-50 միլիոնը՝ ոչ։ Հետագայում տենդերի որոշ պայմաններ պետք է փոխվեն, սակայն, թե հատկապես որ պայմանները՝ պրն Սաադաթը իհարկե թողեց ասելու տեխնիկական անձնակազմին, որն աշխատում է այդ ուղղությամբ։ Մեր ԲԷՑ-երի պոտենցիալ գնորդները ոչ միայն զբաղված են եղել Ուկրաինայի ԲԷՑ-երով, որոնցից երեքը սեփականաշնորհվել են ապրիլի 17-ին, երեքը՝ ապրիլի 24-ին։ Նրանք նաեւ մտահոգվել են Հայաստանի շուկայի փոքրությամբ եւ էներգիայի արտահանման թույլտվության հետ կապված հարցերով։ Պրն Սաադաթը հետաքրքիր պատկերացում ունի երկրի եւ մասնավորապես Հայաստանի բարեկեցության մասին։ Պարզվում է, բարեկեցությունը ջրհեղեղի պես մի բան է. երբ ջրի հոսքը մեծանում է, այն բարձրանում է, եւ նրա հետ բարձրանում են մեծ ու փոքր բոլոր նավերն ու նավակները (մոռանանք, որ այդ ընթացքում ջրի տակ կմնան բոլոր ոչ լողացող շինությունները)։ Հայաստանին վարդագույն ապագա է սպասում ամենամոտ ժամանակներում։ Մայիսի 9-11-ը Նյու Յորքում վերջապես կկայանա «Հայաստան. Ներդրումների կոնֆերանսը»։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի երեւանյան գրասենյակի տնօրեն Գրեգորի Մաասենը տեղեկացրեց, որ կոնֆերանսի մասնակից Հայաստանում արդեն իսկ ներդրումներ կատարածները պոտենցիալ ներդրողներին կպատմեն, «թե ինչու է Հայաստանը գերազանց երկիր ներդրումների համար»։ Ինչպես ասում են՝ չուզողը թող մենք լինենք, բայց Օուեյս Սաադաթը կոչ արեց հայ լրագրողներին՝ գրել լավ բաների մասին, մանավանդ որ վերջին հինգ տարում Հայաստանը ԱՊՀ երկրների համար աննախադեպ տնտեսական աճ է ունեցել՝ 6%։ «Լավ բաներ գրեք, որ Հայաստան ներդրողներ գան»,- ասաց պրն Սաադաթը, սակայն, կարծում ենք, որ ներդրողի՝ հնարավոր հիասթափության դեպքում պատասխանատվությունն ամենեւին էլ նա չի կրելու։ Իսկ Նյու Յորքի կոնֆերանսին մասնակցելու համար 300 հոգի արդեն գրանցվել է, 50 հոգի էլ ցանկանում է գրանցվել, բայց այլեւս տեղ չկա։ 300-ից 100-ը Հայաստանից են՝ կառավարության, ԱԺ ներկայացուցիչներ, բիզնեսմեններ, 100-ը՝ Սփյուռքից պոտենցիալ ներդրողներ, 100-ը՝ միջազգային կազմակերպություններից։ Այդ թվում երեք լրագրող՝ պաշտոնական ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք էլ «ի պաշտոնե» երեւի կհետեւեն «լավ բաներ գրելու» պրն Սաադաթի կոչին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել