Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր Կոմունիստական կուսակցությունը Հանրապետության հրապարակում շքերթ է կազմակերպել։

Մայիս 01,2001 00:00

Տոնն ունեցանք, մնաց՝ աշխատավոր դասակարգը Այսօր Կոմունիստական կուսակցությունը Հանրապետության հրապարակում շքերթ է կազմակերպել։ Նախատեսվում է, որ մասսաները Երեւան քաղաքի երկու կողմերից՝ Բարեկամություն փողոցի եւ Մատենադարանի կողմից կգան-կգան կմիանան Ազգային օպերայի մոտ եւ միասին կուղեւորվեն դեպի երբեմնի Լենինի անվան հրապարակ։ Այստեղ, հասկանալի պատճառներով, շքերթի եկածներին չի դիմավորի ընկեր Լենինի արձանը։ Վերջինս նույնիսկ տոնական օրերին շարունակում է պառկած մնալ։ Պարզապես խիստ հետաքրքիր կլինի, թե Խոսրով Հարությունյանի թեթեւ ձեռքով Հանրապետության հրապարակում խոյացած խաչի մոտով անցնելիս աշխատավորներն ի՞նչ կոչեր են հնչեցնելու եւ ի՞նչ են պահանջելու։ Հասկանալի է, որ ոչ ոք չի պատրաստվում գոչել՝ «Կեցցե մեր խաչը», մարդիկ այդպես գոչելու փոխարեն, դժվարությամբ կրում են իրենց խաչը։ Փոխարենը՝ փուչիկներ կլինեն, կլինեն նաեւ կարմիր պաստառներ։ Մարդիկ իրենց ասելիքը հնչեցնելու ձեւեր կգտնեն։ Իսկ դատարանն այսօր չի աշխատելու, «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության հերթական նիստին դրսում հետեւողներից շատերը թերեւս կմիանան շքերթին։ Երեկ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, նոր-նոր ՀԿԿ Կենտկոմի քարտուղար ընտրված Խորեն Թռչունիչ Սարգսյանի հետ։ Վերջինս մեզ որոշ բաներ բացատրեց։ Օրինակ, հետեւյալը. «Ինչպես գիտեք, 10 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պատկերացնում էր, որ դա կոմունիստական տոնակատարություն է եւ արգելել էր տոնել Մայիսի 1-ը։ Կոմկուսի խմբակցության երկար, բացատրական տանջանքից հետո մի կերպ կարողացանք համոզել, որ դա համաշխարհային տոն է, ուղղակի 70 տարի մենք էինք իշխանության, մենք էինք տոնում, հիմա դուք եք, դուք պարտավոր եք տոնել»։ Խորեն Սարգսյանն էլ իր հերթին պնդում է, որ Մայիսի 1-ը կարգին տոնելու համար հարկավոր էր մինչ այդ գործ անել, օրինակ՝ կոմունիստներն ինչպե՞ս էին վարվում. «Մենք ասում էինք՝ ի՞նչ ենք արել, ի՞նչ ենք ստեղծել, ի՞նչ ենք կառուցել, ի՞նչ ենք բացել։ Էս մարդիկ ասելու բան չունեն, պիտի ասեն ինչ են քանդե՞լ, ինչ են ծախե՞լ, ինչ են փակե՞լ։ Սա է կարեւորը»։ Բարձրախոսների եւ այլնի հարցերը կոմունիստներն են կարգավորելու, հասկանալի է, որ հրապարակից ուղիղ եթեր չի լինի, բայց Խորեն Թռչունիչը չթաքցրեց. «Մենք շատ կուզեինք, որ Մայիսի 1-ի տոնակատարությունը լիներ ոնց որ խորհրդային տարիներին։ Բայց սա մի տեսակ տոնակատարություն համարել չենք կարող, քանի որ գաղթի, սովի, մահվան ճիրաններում տոն անելը մի տեսակ բարոյական էլ չի։ Ստիպված ենք ուղղակի ասել մեր նպատակները. ասենք, թե ի՞նչ պետք է անենք, որ էս ժողովրդի վիճակը, ի վերջո, բարելավվի»։ ԱԺ պատգամավոր, Հայրենական պատերազմի վետերանների միության նախագահ Պերճ Բոշնաղյանը եւս վետերանների հետ կմասնակցի Մայիսի 1-ին նվիրված շքերթին։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ կոչեր են հնչելու այսօր. «Մեր վետերանների մի զգալի մասը մասնակցելու է շքերթին։ Դա լինելու է մեր աշխատավորների աշխատանքային մոբիլիզացիայի օրը, որ մարդիկ պիտի կարգին աշխատեն, որ ճառ ասելուց բացի նաեւ պիտի ինչ-որ պարտականություններ ունենան»։ Պրն Բոշնաղյանն ասաց, որ բազմաթիվ հիմնա րկ-ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ վետերանների համար ընդունելություններ են կազմակերպում, «երեւի որոշակի վերաբերմունք ցույց կտան»։ ԱԺ սոցիալական, առողջապահական, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արամայիս Բարսեղյանի ասելով՝ «Այն ժամանակ հնչող կոչերը բոլորովին ուրիշ բնույթի էին, այսօր մեկ այլ բնույթի պետք է լինեն։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը պահանջ է դնելու աշխատանքի իր իրավունքի վերականգնման, աշխատանքի կոչ է անելու, չեմ բացառում, որ նաեւ մեծ դժգոհություն արտահայտող կոչեր կհնչեն՝ ուղղված գործադիր իշխանության դեմ, քանի որ, ուղղակի գործադիր իշխանությունն է զբաղվում աշխատատեղերի հարցերով»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել