Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, Սահմանադրության լավագույն տարբերակն այն

Մայիս 01,2001 00:00

«ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, Սահմանադրության լավագույն տարբերակն այն կլինի, որում լուծված լինեն երկու կարեւորագույն խնդիրներ՝ իշխանության բոլոր թեւերի ներդաշնակություն եւ միմյանց հակակշռելու մեխանիզմներ։ Այս իմաստով, իհարկե, սույն նախագիծը հեռու է կատարյալ լինելուց։ Առայժմ քննարկենք Սահմանադրության նոր նախագծի «Հանրապետության նախագահը» գլուխը, որում, ի տարբերություն գործողի, հատուկ տողով արձանագրված է՝ «ՀՀ նախագահը պետական իշխանության հաջորդայնության երաշխավորն է»։ Փորձագետներից որեւէ մեկը չփորձեց անգամ ենթադրություններ անել, թե ինչ է նշանակում այդ դրույթը, առավել եւս, որ, որքան հայտնի է, պետական իշխանության հաջորդայնության երաշխավորը հենց Սահմանադրությունն է եւ ոչ թե նախագահը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նախագահը ժառանգականության կամ մեկ այլ սկզբունքով պետք է կանխորոշի, թե ով կարող է լինել իր հաջորդը։ Սահմանադրության նոր տարբերակում այդպես էլ չի հստակեցվել, թե նախագահը որ դեպքերում կարող է լուծարել օրենսդիր մարմինը։ Ինչպես եւ գործող Սահմանադրությամբ, նախագահը ցանկացած պահի եւ նույնիսկ առանց պատճառաբանության կարող է լուծարել խորհրդարանը։ Ըստ նոր տարբերակի, նախագահը նշանակում է վարչապետ եւ վարչապետի առաջարկությամբ՝ նախարարներ։ Եթե ԱԺ-ն անվստահություն է հայտնում նախագահի նշանակած կառավարությանը, ապա խորհրդարանն ինքն է պարտավոր երկշաբաթյա ժամկետում նշանակել վարչապետ եւ նախարարներ։ Սակայն, եթե նշված ժամկետում ԱԺ-ն չի կարողանում նշանակումներ անել, ապա նախագահը կրկին իրավունք է ստանում նշանակել վարչապետ եւ նախարարներ։ Վերստին անվստահություն հայտնելու դեպքում նախագահը լուծարում է խորհրդարանը։ Այսինքն, մի իսկական խառնաշփոթ է ստեղծված, երբ վարչապետ նշանակելու իրավունքը հստակ չէ թե ում իրավասության ներքո է եւ ստացվում է, որ նոր Սահմանադրության նախագծով Հայաստանը ոչ նախագահական, ոչ խորհրդարանական եւ ոչ էլ կիսանախագահական երկիր է։ Հնարավոր է, որ մի վարչապետը կարող է նշանակված լինել նախագահի կողմից եւ իրականացնել վերջինիս քաղաքականությունը, մյուս դեպքում՝ նշանակվի ԱԺ-ի կողմից եւ իրականացնի խորհրդարանի մեծամասնության քաղաքականությունը։ Նախագծում խորհրդարանը կարող է լուծարվել նաեւ այն դեպքերում, երբ երկու ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրինագծի վերաբերյալ, երբ հերթական նստաշրջանի ընթացքում նիստերը երկու ամսից ավելի ընդհատվում են, երբ հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երկու ամսից ավելի ժամկետում ի վիճակի չէ իր կողմից քննարկվող հարցերի առնչությամբ որեւէ որոշում կայացնել։ Որպես հակակշիռ այդ գործողություններին, Ազգային ժողովը Սահմանադրության 57 հոդվածի առաջին կետով իրավասու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով դադարեցնել նախագահի լիազորությունները եւ նշանակել արտահերթ ընտրություն։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն այս առնչությամբ ասաց, թե ինքն օրինագծի քննարկման ժամանակ առաջարկելու է, որ նախագահն ԱԺ-ն լուծարելու դեպքում հանրաքվե նշանակի այդ հարցով եւ եթե ժողովուրդը դեմ լինի լուծարմանը, ապա նախագահը հրաժարական տա։ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստից կամ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 20-օրյա ժամկետում նախագահը նշանակում է վարչապետ, վարչապետի առաջարկությամբ՝ նախարարներ։ Նախագահն իր հրաժարականը, ըստ նոր նախագծի, ներկայացնում է Ազգային ժողովին, վերջինս նրա հրաժարականն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Նախագահին պաշտոնանկ անելու մասին հոդվածում քննարկման է առաջարկվելու նաեւ հետեւյալ կարգը՝ «պաշտոնանկության հիմքերի փաստական հանգամանքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի հարցումով ու նրա կողմից սահմանված ժամկետներում Սահմանադրական դատարանին եզրակացություն է տալիս վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատը»։ Նշենք, այն նույն վճռաբեկ դատարանը, որի նախագահին, ի դեպ, նշանակում է հենց նախագահը։ Այս դրույթը ենթադրում է, որ վճռաբեկ դատարանն, ըստ էության, Սահմանադրական դատարանից վեր կանգնած մարմին է, ինչն, ի դեպ, իրավաբանական կազուս է։ Սահմանադրության մեջ կարեւորագույն նորամուծությունն այն է, ինչ ամրագրված է հոդված 60-ում։ Այստեղ մասնավորապես ասված է, թե նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի պարտականությունները կատարում է ոչ թե ԱԺ նախագահը, այլ վարչապետը։ Այդ դեպքում, չգիտես ինչու, ընտրված նախագահին փոխարինում է ոչ թե նույնպես ընտրված ԱԺ նախագահը, այլ նշանակովի վարչապետը։ Նախագծի 59 հոդվածով՝ «նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունները, Ազգային ժողովը, կառավարության առաջարկով եւ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում ՀՀ նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին»։ Հստակ չէ, թե այդ դեպքում Սահմանադրական դատարանը համապատասխան եզրակացություն տալու համար դարձյալ պարտավո՞ր է դիմել վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատին, ինչպես պաշտոնանկության դեպքում էր, թե՞ ոչ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել