Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանում

Մայիս 01,2001 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԵՍԸ ՇՐՋԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Խորհրդարանում երեկ բազմաթիվ ելույթներ հնչեցին նույն հանգերգով՝ «Ռուսաստանը փոխել է քաղաքականությունը Հայաստանի հանդեպ», «շրջադարձ է կատարվել», «մեր վաղեմի ընկերն այլեւս չի ցանկանում մեզ ձեռք մեկնել» եւ այլն։ Այս ամենի առիթն այն օրինագիծն էր, ըստ որի՝ սեփականաշնորհումից ստացված միջոցների հատուկ հաշվից պիտի մինչեւ 20 մլն դոլար տրամադրվի Հայաստանի կառավարությանը, որ մարի Ռուսաստանի տրամադրած վարկերի դիմաց մեր ժամկետանց պարտքերը։ Նշենք, որ այս օրինագիծն ԱԺ-ում հայտնվեց ընդամենը 4 օր առաջ եւ անմիջապես քննարկվեց որպես եռօրյա նիստերի օրակարգի առաջին հարց (եւ սա այն պայմաններում, երբ նույն օրակարգում են դեռեւս 1999-ի հունիսից կամ օգոստոսից շրջանառության մեջ գտնվող նախագծեր)։ Ավելին. նախատեսվում էր, որ օրինագիծն ամբողջապես պիտի ընդունվի հենց այս եռօրյայում։ Ո՞րն է նման շտապողականության պատճառը, ինչո՞ւ է Ռուսաստանը պարտքն անհապաղ վճարելու պարտադրանքով ցայտնոտային ծանր վիճակի մեջ գցել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմիններին։ Այս քննարկումներում կառավարության ներկայացուցիչը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, այդ հարցերի պատասխանները ներկայացնում էր առավել տնտեսական ոլորտում՝ «Եկել է ժամանակը վճարելու պարտքերի դիմաց», իսկ վերջին ամսվա ընթացքում շատ սուր արծարծվեց այս խնդիրը, քանի որ Ռուսաստանն ինքը խնդիրներ ունի միջազգային կազմակերպություների հետ, եւ պարտադրված է հավաքել իր պարտքերը։ Վարդան Խաչատրյանն անգամ ռուսական վերնախավի խնդրանքը փոխանցեց՝ սա չդարձնել քաղաքական հարց։ Սակայն պատգամավորները հակված էին այս խնդիրը դիտարկել բացառապե՛ս քաղաքական, երբեմն նույնիսկ աշխարհաքաղաքակա՛ն ծիրում։ «Ռուսաստանը կտրուկ շրջադարձ կատարեց եւ անբարյացակամ ու կոշտ քաղաքականություն որդեգրեց Հայաստանի նկատմամբ, որը մեզ դրել է շատ ծանր վիճակի մեջ»՝ սա Հայկ Բաբուխանյանի գնահատականն էր, որը կատարվածը համարում էր մեր արտաքին եւ տնտեսական քաղաքականության ձախողման արդյունք։ Մանուկ Գասպարյանը ներկա կառավարության անբախտությունը համարեց, որ հենց այժմ Ռուսաստանը փոխեց քաղաքականությունը Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Վահրամ Բաղդասարյանը չէր կարծում, որ մեր վաղեմի գործընկերը չի ցանկանում մեզ ձեռք մեկնել։ Կային հատուկենտ պատգամավորներ էլ, որ կատարվածն օրինաչափ էին համարում։ Ասենք, Սեյրան Ավագյանը գտնում էր, թե միջպետական հարաբերություններում ֆինանսական կարգապահությունն ուժեղացնելու միտում կա. «Մարդիկ խնդիրը դնում են ճիշտ՝ ծախսածի համար պետք է վճարել»։ Վազգեն Խաչիկյանն էլ էր կատարվածն օրինաչափ համարում. «Վերցված վարկերը պիտի վերադարձվեն» եւ հիշեցրեց ՌԴ նախագահի մոտեցումը, թե ԱՊՀ բոլո՛ր պետությունների հանդեպ պիտի իրականացվի միատեսակ քաղաքականություն։ Այս առնչությամբ, բնականաբար, դարձյալ պիտի շատ խոսեին ԲՑ-ների սեփականաշնորհման մասին։ Ասենք, Վարդան Այվազյանը «Նեզավիսիմայա գազետայի» հրապարակումը հիշեց, թե Ռուսաստանը որքան գումար է պատրաստ վճարել մեր բաշխիչ ցանցերի դիմաց. «Տայինք՝ էս պարտքից կպրծնեինք»։ Սակայն Վարդան Խաչատրյանը վստահ էր, թե նման հոդվածների հիմնական մասը պատվիրվում է Հայաստանում։ Ի դեպ, նա մի նախնական տվյալ հայտնեց, թե ԲԷՑ-երի նոր մրցույթում «Իտեռան» կներկայանա «Union Fenoza»-ի, իսկ PAO EEC-ն էլ մեկ այլ ֆիրմայի հետ կոնսորցիում կազմած։ Պատգամավորները կառավարությանը մի լա՜վ կշտամբեցին, թե ինչու այս վարկի սպասարկումը նախատեսված չէր բյուջեում եւ հիմա ստիպված աչք են տնկել «ժողովրդի ունեցվածքի վաճառքից» գոյացած միջոցների վրա, որոնք պիտի ներդրում դառնային ու աշխատատեղ։ Սակայն պարզ էր, որ մի թեթեւ կոտրատվելուց հետո խորհրդարանը բավարարելու էր կառավարության այս մի պահանջն էլ։ Երեկ խոսք ու զրույցով ընկած պատգամավորներին ուղղակի ժամանակը չհերիքեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Դա կանեն չորեքշաբթի։ Իսկ երկրորդ ընթերցման համար թերեւս ստիպված լինեն հրավիրել արտահերթ նիստ։ Շտապողականության մեկ այլ պատճառը Վարդան Խաչատրյանն «Առավոտին» այսպես ներկայացրեց, թե հունիսին պետք է ատոմակայանի վառելիքը 1/3-ով փոխեն եւ մինչ այդ պիտի պարտքերի խնդիրը կարգավորվի, քանի որ վառելիքի տեղափոխման համար մեկ ամսից ավելի ժամանակ է անհրաժեշտ։ Ի դեպ, այս օրինագծի ընդունումից հետո սեփականաշնորհման միջոցներից ստացված հատուկ հաշվի վրա կմնա ընդամենը 10 մլն դոլար։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը նախապես հայտնեց այդ «ոչ լավ» լուրը, թե այս տարի կառավարությունն այլեւս էլ չի կարողանալու գալ եւ ԱԺ-ից խնդրել, քանի որ այդ միջոցները սպառվում են. «Եվ եթե սեփականաշնորհման նոր գումարներ չլինեն՝ լուրջ խնդիրներ կլինեն ծրագրի կատարման իմաստով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել