«ԿԻԼԻԿԻԱՆ» ԼՔԵՑ ԽԱՂԱԴԱՇՏԸ Երեկ օրացուցային պլանով ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների առաջին օրն էր։ Աբովյանում «Արարատը» ոչ-ոքի՝ 2։2 խաղաց «Լեռնագործի» հետ եւ քանի որ առաջին խաղում «Արարատը» հաղթել էր 2։0 հաշվով, ինքն էլ անցավ կիսաեզրափակիչ։ «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» պետք է հյուրընկալեր Գյումրիի «Շիրակին»։ Այս թիմերի առաջին հանդիպումը մրցակցի դաշտում ավարտվել էր 1։1 հաշվով։ Այնպես որ, հետագա պայքարը շարունակելու «Կիլիկիայի» հնարավորությունները գերադասելի էին համարվում։ Սակայն, ի զարմանս տրիբունաներում տեղ զբաղեցրած ոչ այնքան մեծաթիվ ֆուտբոլասերների (նրանց մեջ քիչ չէին գյումրեցիները, որոնք իրենց առանց այն էլ սուղ միջոցներից գումարներ էին ծախսել ու ժամանել մայրաքաղաք՝ իրենց սիրելի թիմին աջակցելու նպատակով) աչքի առջեւ «Կիլիկիայի» (ակումբի նախագահ՝ Աշոտ Աղաբաբյան) ֆուտբոլիստները մտան խաղադաշտ, ողջունեցին մարզասերներին եւ մրցավարի սուլիչով գնդակը խաղի մեջ մտցնելուց անմիջապես հետո լքեցին խաղադաշտը։ Պատճառը, ըստ վերջնականապես չճշտված լուրերի, այն է, որ ակումբի նախագահը չլուծված խնդիրներ ունի ֆեդերացիայի եւ առաջնության ու գավաթի մասնակից «Փյունիկի» հետ։ Մասնավորապես, «Կիլիկիայի» խաղացող Արտակ Հովհաննիսյանը, ակումբից ակումբ տեղափոխվելով, ի վերջո հայտնվել է «Փյունիկում»։ Ա. Աղաբաբյանը գտնում է, որ տեղի է ունեցել ապօրինություն (ֆուտբոլիստը պայմանագիր ունի ստորագրած «Կիլիկիայի» հետ) եւ պահանջում է, որ առաջնության անդրանիկ տուրում կայացած «Փյունիկ»-«Կիլիկիա» խաղի արդյունքը չեղյալ համարվի եւ մրցակցին պարտություն գրանցվի։ Երեկ տեղի ունեցածի բուն պատճառները մինչեւ վերջ պարզել չկարողացանք։ Ոմանք հավաստիացնում են, թե հարցերն անհամեմատ ավելի շատ են ու խորքային։ Դրանց կփորձենք մանրամասն անդրադառնալ առաջիկա համարներում։ Բայց մինչ այդ ասենք, որ, ամենայն հավանականությամբ, «Կիլիկիային» պարտություն կգրանցվի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ