Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի Լալայանց փողոցի բնակիչները բողոքում են, որ «պետությունը

Ապրիլ 28,2001 00:00

Ե՞վս մեկ հարուստների թաղամաս Երեւանի Լալայանց փողոցի բնակիչները բողոքում են, որ «պետությունը ոտնահարել է իրենց իրավունքները որպես սեփականատերեր եւ ՀՀ քաղաքացիներ»։ Դեռեւս 2000թ. նոյեմբերի 25-ի կառավարության թիվ 774 որոշման համաձայն, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտին 70.000 քմ մակերեսով ճանաչվել է պետական կարիքների համար նախատեսված հողամաս։ Իսկ արդեն 2001-ի ապրիլի 10-ի քաղաքապետարանի որոշմամբ՝ Երեւանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը կազմել է համապատասխան հատակագիծ մայրուղային ենթակառուցվածքների եւ պողոտայի հետիոտն հատվածի խոշորացված նախահաշվով։ Մեկ ամսից ավելի է՝ Լալայանց փողոցում գտնվող տները չափագրվում են, սակայն, բնակիչների հավաստմամբ, նրանց որեւէ մեկը չի բարեհաճում պատասխանել, թե ո՞վ է լիազորել սկսել աշխատանքները եւ ինչո՞ւ իրենք նախօրոք տեղյակ չեն պահվել գալիք «ոտնձգությունների» մասին։ «Մեզ, ըստ սահմանված կարգի, պետք է գրավոր ձեւով իրազեկեին կատարվելիք աշխատանքների մասին, իսկ բոլոր նրանց, ում տները գնահատվել են, պետք է տրվեր համապատասխան փաստաթուղթ»,- ասաց բնակիչներից մեկը։ Իսկ մեկ ուրիշը շարունակեց. «Մենք ցանկանում ենք, որ խնդիրը կարգավորվի անմիջական եւ ոչ թե միջնորդներով, քանզի հիմա մենք նույնիսկ տեղյակ չենք, թե ում հետ ենք բանակցում։ Դա ինչ-որ մի երրորդ անձ է եւ մենք երբեք թույլ չենք տա, որ 500 ընտանիք (2000 մարդ) փողոցում մնա միայն նրա համար, որ հին երեւանցու փողոցը վերածվի արտասահմանյան սուպերմարկետների, կազինոների, բարերի փողոցի»։ Վերջերս բնակիչներից կազմված յոթ հոգանոց հանձնաժողով է ստեղծվել, որը, ինչպես իրենք ասացին, քննարկումներ եւ ժողովներ է կազմակերպում բնակիչների հետ։ Լալայանց փողոցի բնակիչները պատմեցին նաեւ, որ թաղապետարանի բնակվարչության պետ Վահագն Հայոցյանը վերջերս թաղային տեսուչին ստիպել է հանձնել կնիքը։ Պրն Հայոցյանի նման հանկարծակի շտապողականությունը բնակիչներին հանգեցրել է այս եզրակացության՝ «կամ պրն Հայոցյանը առիթը բաց չթողնելով ցանկանում է ամեն ինչ բարդել թաղապետ Ա. Զուրաբյանի վրա, սակայն նա մոռանում է, որ իրեն է հանձնարարված զբաղվել սույն գործով, կամ կնիքը շտապ պետք եկավ այլ գործարքների համար»։ Վահագն Հայոցյանն իր հերթին ասաց. «Ժողովուրդը լրիվ անհիմն պատճառներով է պանիկայի մեջ ընկել։ Իրացման հարցերը պետության եւ անձամբ նախագահի կողմից դեռեւս վերջնականապես չեն լուծվել։ Մեզ հանձնարարված է միայն հաշվառել եւ չափագրել տարածքը ու արդյունքների ամփոփումից հետո միայն որոշակի հստակեցում կմտցվի։ Փաստաթղթերի բացակայությունը լիցենզավորված կազմակերպությունների մեղքն է, նրանք պարտավոր էին փաստաթղթեր ներկայացնել նախքան գործի անցնելը»։ Պրն Հայոցյանը հերքեց նաեւ այն ասեկոսեները, թե ինքը կարող է մութ գործերում խառնված լինել։ Իսկ ինչ վերաբերում է երրորդ անձի ներկայությանը, ըստ պրն Հայոցյանի՝ «Այս գործում երրորդ անձ չի կարող լինել։ Կա պետական ծրագիր, որը իրավասու է իրականացնել միայն պետությունը, այլ հարց է, թե կգտնվե՞ն արդյոք առանձին անհատներ, որոնք կօգնեն պետությանը իրենց ներդրումներով։ Բայց, ամեն դեպքում, գործընթացի ողջ պատասխանատվությունը պետության վրա է»։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ դրամական փոխհատուցման փոխարեն բնակիչներին տրվեն բնակարաններ ծայրամասերում, պրն Հայոցյանը պատասխանեց. «Ոչ, քանզի Կենտրոն թաղապետարանը հավատարիմ է իր կարգախոսին, որ «Կենտրոնի բնակիչը պետք է ապրի կենտրոնում»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել