ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում «Հակաստվեր» կազմակերպությունը երեկ հանդիպում կազմակերպեց ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանի հետ։ Պարոն Թավադյանը ներկայացրեց 2000թ. հաշվետվությունը, որն ուղարկվել է պատգամավորներին, սակայն դեռեւս խորհրդարանի նիստին չի ներկայացվել։ Փաստորեն, նախորդ տարվա խախտումներին առաջինը ծանոթանալու եւ հրապարակելու հնարավորությունը տվեց լրագրողներին։ Ի դեպ, Ա. Թավադյանը, խոսելով մեր երկրի Վերահսկիչ պալատի տիպի պալատների մասին (որոնք միայն վերահսկման ֆունկցիա ունեն եւ զրկված են պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունից), այսպիսի համեմատություն արեց. «Վերահսկիչ պալատը նման է վագրի կամ լուսանի, որի ատամները միայն լրատվամիջոցներն են»։ Կատարելով ատամների ֆունկցիան, նշենք, որ ըստ Աշոտ Թավադյանի, մեր պետությունը ներկայումս ունի 1,2 մլրդ դոլարի չափով կնքված 56 պայմանագիր։ Դրանից օգտագործվել է մոտ 900 մլն դոլար, մոտ 200 մլն դոլարը տրվել է ԿԲ-ին (ծառայում է դրամի կուրսի կայունացմանը), 200 մլն դոլարը SAC տիպի վարկերն են, 80 մլն դոլարը՝ ապրանքային տիպի վարկերն են (հիմնականում ցորենի տեսքով), 40 մլն դոլարը հատկացվել է խորհրդատվություններին, 350 մլն դոլարը տրվել է տնտեսական պոտենցիալի բարձրացմանը։ Վերահսկիչ պալատի հաշվետվություններն օրենքի համաձայն խորհրդարանն ընդունում է ի գիտություն եւ միայն ինքը կարող է Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների հայցով դիմել դատախազություն։ 1999թ. հաշվետվության համաձայն, ԱԺ-ն դիմել է դատախազությանը, սակայն պրն Թավադյանի տվյալներով, ներկայումս դատախազությունը գործ է հարուցել կրթական վարկի առնչությամբ։ Վերահսկիչ պալատի նախագահը կատարած 28 ուսումնասիրություններից ընդամենը առանձին դրվագներ ներկայացրեց կոնկրետ ծրագրերի վերաբերյալ։ Գրանտների ստացման, օգտագործման հետ առնչվող թերություններին անդրադառնալիս պրն Թավադյանը նկատեց, որ գրեթե բոլոր գրանտների դեպքում խնդիրները նույնն են։ Պրն Թավադյանը այդ թերությունները ներկայացրեց 300 մլն իեն ճապոնական գրանտի օրինակով։ Պայմանագրով ՀՀ-ն պետք է ստանար 10 հազար տոննա ազոտական պարարտանյութ, 13 միավոր կոմբայն, 50 միավոր տրակտոր։ Ստացվել է ոչ թե 300 մլն իեն, այլ 28 մլն իենի ապրանք, այսինքն՝ մոտ 150 հազար դոլար չի ստացվել։ Սա գրանտի ստացման առաջին փուլն է եղել։ Երկրորդ փուլում որոշվել է այդ պարարտանյութերը վաճառելու գինը։ Պարարտանյութը մեր պետությանը արժեցել է 93,9 դոլար, վաճառվել է 30 հազար դրամով։ Ա. Թավադյանը հետաքրքիր համարեց այն, որ 93,9 դոլարի 1/3-ը կազմել են տրանսպորտային ծախսերը՝ Վրաստանից Հայաստան։ Նույնը տեղի է ունեցել նաեւ գրանտի մյուս հատվածների դեպքում։ Այդ ամենի հետեւանքով, 2000թ. բյուջեով նախատեսված 17,5 մլրդ դրամի փոխարեն ստացել ենք 8,5 մլրդ դրամ։ «Զվարթնոց» ՊՓԲ-ին տրամադրված կառավարության երաշխավորված վարկի (կարգոտերմինալ) առնչությամբ պրն Թավադյանը հայտնեց, որ ստացվել է 22,8 մլն դոլարի վարկ (ի վերջո պետք է վերադարձնենք 29,8 մլն դոլար)։ Աշխատանքները կազմակերպելու համար պայմանագիր է կնքվել «Ատկինս» խորհրդատվական ընկերության հետ, որին վերջնական հաշվով տրվել է 1 մլն 52 հազար դոլար։ Կառույցը կառուցել է մեկ այլ կազմակերպություն՝ 15,9 մլն դոլարով։ Թվում է, թե խնայողություն է արվել, սակայն պրն Թավադյանի փաստարկներով այդ կազմակերպությունը դատի է տվել հայկական կողմին եւ արդյունքում շահել 600 հազար դոլար, ինչպես նաեւ՝ 936 հազար դոլար՝ դատական գործունեությունն ապահովելու համար։ Հնարավորություն ունի՞ «Զվարթնոցը» այդ պարտքը մարելու, թե՞ դա անում է պետությունը։ Պատկերը հետեւյալն է. պայմանավորվածության համաձայն, տարեկան 2,5 մլն դոլար պետք է մարվի։ 1,8 մլն դոլարը մարել է «Զվարթնոցը», մոտ 8 մլն դոլարը մարվել է Եվրոբանկից՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հաշվից։ Ընդհանուր առմամբ, ըստ պրն Թավադյանի, 27,6% է մարել «Զվարթնոցը», իսկ 72,4%-ը՝ պետական բյուջետային վարկը։ Հետաքրքիր է նաեւ «Հայկական ավիաուղիների» դեպքը. այն 5 մլն դոլար վարկ է ստացել «Կոնվերս» բանկից (լիբորդ պլյուս տոկոսով), գրավ դնելով երկու ԻԼ-86 ինքնաթիռ։ Գումարները հիմնականում ուղղվել են Արդշինբանկի պարտքերի մարմանը։ Այնուհետեւ արդեն գրավ դրված ԻԼ-86 ինքնաթիռները նորից գրավ է դրել Հայարդշինբանկում եւ նորից վարկ ստացել։ Այդ ամենի հետեւանքով կառավարությունը ստիպված 545 մլն դրամ է տրամադրել «Հայկական ավիաուղիներին»՝ հերթական պարտքերը մարելու համար։ Մեկ հրապարակմամբ հնարավոր չէ անդրադառնալ Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումներին՝ մանավանդ որ դրանք հոդվածաշարի անսպառ թեմա են։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ