Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ Քի Ուեսթ մեկնելը՝ Քոչարյանը հանդիպեց խորհրդարանական ուժերի հետ՝ ուր քննարկման առարկա դարձան ն

Ապրիլ 28,2001 00:00

Բարոյական պատվերի շրջանակում Մինչեւ Քի Ուեսթ մեկնելը՝ Քոչարյանը հանդիպեց խորհրդարանական ուժերի հետ՝ ուր քննարկման առարկա դարձան նաեւ հակամարտությանն առնչվող հարցեր։ Նաեւ միտումնավոր կամ միամտաբար լրահոս եղավ, որից պարզ դարձավ, որ ՀՅԴ-ի՝ Ղարաբաղի հարցը քաղաքական անխտիր բոլոր ուժերի հետ քննարկելու կոչը հենց Քոչարյանի գաղափարն է եղել։ Ճիշտ այդպես նախագահի հետ հանդիպումից հետո ծնվեցին ԵԿՄ-ի եւ մի քանի այլ կազմակերպությունների նույնատիպ հայտարարությունները։ Բայց դրանք, թերեւս, դրսի համար տպավորիչ չէին: Ավելի քան մեկ ամիս մտորելուց, ծանր ու թեթեւ անելուց հետո երեկ քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն արեցին, որին առայժմ ԱԺ-ից դուրս գործող կազմակերպությունները չեն միացել։ Իսկ հրապարակած հայտարարությունն իր մակերեսային բովանդակությամբ ոչ միայն իրավական տեսանկյունից որեւէ հետեւանք չի ենթադրում եւ համահունչ է նախագահ Քոչարյանի եւ առավել եւս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին։ Վերջինս օրերս հայտարարել էր, թե Հայաստանը մերժում է ԼՂ-ն Ադրբեջանի վարչական տիրապետության տակ թողնելու գաղափարը։ Միաժամանակ, պարոն Օսկանյանը, թերեւս, «կոմպլեմենտարության» սկզբունքներից ելնելով, չի բացառել հետեւյալը, հիշե՛նք՝ «Ղարաբաղը զուտ անվանապես Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը»։ Սա ճիշտ այն՝ դե ֆակտո անկախ, դե յուրե՝ Ադրբեջանի կազմում տարբերակն է, ինչի դեմ պայքարում էին նախկին ընդդիմադիր, իսկ այսօր իշխանություն դարձած ուժերը։ Իհարկե, այդ ուժերը կարող են պնդել, թե խոսքն ընդամենը Ադրբեջանից ձեւական կախվածության մասին է։ Սակայն հստակ պետք է հասկանալ, որ միջազգային որեւէ փաստաթղթում նշված այդ մի դրույթը միայն, որն իբր ձեւական բնույթ է կրում, անկասկած ամրագրելուց առաջ որոշակի եւ նույնքան «ձեւական» ենթակայություն է ենթադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանությունների համար դա գուցեեւ «ձեւական» բնույթ ունի, սակայն միջազգային փաստաթղթերում եւ դիվանագիտության մեջ ընդհանրապես ձեւական եւ պատահական ոչինչ չի լինում ու այդ մի դրույթն էլ միջազգային հանրության, առավել եւս Ադրբեջանի համար հաստատ «ձեւական» չի լինելու։ Արձանագրենք այն փաստը, որ իշխանությունների վարած քաղաքականությունն այս հարցում 98-ից հետո որեւէ առաջընթաց չապահովելուց բացի, նաեւ հետընթաց է արձանագրել։ Եվ եթե Օսկանյանի հայտարարությունը ներքին օգտագործման համար է, ապա ԱԺ ուժերինը ուղղված է արտաքին աշխարհին։ Ինչ վերաբերում է օրենսդիրների հայտարարությանը՝ «բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա դառնալ չի կարող, իսկ կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին», ապա սա էլ չափազանց անորոշ ձեւակերպում է՝ կախված այն բանից, թե ով՝ ինչ է հասկանում ինքնիշխանության կորուստ ասելով։ Հողային ամբողջականության կորուստ էլ, Մեղրիով հաղորդակցական ուղիների անցնելու դեպքում, Հայաստանը «ձեւականորեն», իհարկե, չի ունենա։ Ոչ ոք Մեղրին Հայաստանի քարտեզից դուրս չի բերի եւ Ադրբեջանին չի տա։ Հարցն այլ հարթության վրա է եւ, գոնե քաղաքական գործիչներին՝ պարզ։ Մնում է միայն հիշեցնել դեռ 92թ. հուլիսի 8-ին ԳԽ ընդունած մի որոշում։ Այն ժամանակ խորհրդարանական ուժերն, ի դեմս ԱԺՄ-ի, ՀՅԴ-ի, ԱԻՄ-ի եւ մյուսների, օրենսդրական նախաձեռնություններ էին ներկայացնում եւ պատերազմող երկրի իշխանություններից պահանջում ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը՝ իբրեւ երաշխիք, որ Ղարաբաղը չի «ծախվելու»։ Եվ որոշում ընդունվեց մասնավորապես հետեւյալի մասին՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա էր բանակցություններում ՀՀ առաջին նախագահին տրված մանդատը եւ ի տարբերություն երեկվա հայտարարության, այն իրավական ուժ ուներ եւ նախագահը պարտավոր էր ենթարկվել դրան։ Թերեւս, նաեւ նախագահ Քոչարյանին է հարկավոր իրավական ուժ ունեցող այսօրինակ պատգամ փոխանցել ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի անունից, առավել եւս, որ իրավիճակի վտանգավորությունը 92-ից չի տարբերվում՝ այն ժամանակ էլ ոչ ոք Ղարաբաղը «ծախող» եւ ստորագրված որեւէ փաստաթուղթ չէր տեսել, բայց մտավախություն ուներ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել