ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ՝ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՎ Հայտարարություն, որին կարող են միանալ նաեւ այլ ուժեր Խորհրդարանական խմբերն ու խմբակցությունները հայտարարություն արեցին Արցախի հիմնահարցի վերաբերյալ։ Շուրջ ամիսուկես ձգձգվող խորհրդակցությունները, հանդիպումներն ու քննարկումները, ի վերջո, արդյունք տվեցին։ Ակնհայտորեն, հայտարարությունն էական ոչինչ չի փոխելու, լուրջ կամ անլուրջ ազդեցություն չի ունենալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող նախագահ-նախագահ-համանախագահներ բանակցությունների վրա, պարզապես երեւույթն ինքնին դրական է։ Ղարաբաղյան հարցը կրկին դառնում է այն ուժը, որը միավորում է երկրի քաղաքական ուժերին։ Հայտարարությունը լրագրողներին ներկայացնող խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները թվով 11 հոգի էին, իսկական ֆուտբոլային թիմ, որը հայտարարություն անելով, համենայնդեպս, փորձեց փաստել, որ ինքը եւս ուժ է եւ, որ գնդակն իր դաշտում եւս պիտի լինի։ Իսկ ավելի լուրջ՝ հայտարարությունը ստորագրող ԱԺՄ, ԱԺԿ, ՀԺԿ, ՀՀԿ, ՀԿԿ, ՀՅԴ, «ՕԵ» կուսակցությունները, ՍԻՄ-ը, «Հայաստան», «Կայունություն» եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբերը երկրի եւ պետության համար կարեւորագույն հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել, որում մասնավորապես ասված է. «Անընդունելի համարելով խաղաղ կարգավորումից հրաժարվելու, ուժի սպառնալիք կիրառելու Ադրբեջանի Հանրապետությունում պարբերաբար հնչող կոչերը՝ մենք հայտարարում ենք. հերթական ագրեսիան ձեռնարկելու դեպքում Ադրբեջանն արժանի հակահարված կստանա՝ կրելով պատերազմական նոր գործողությունների հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը։ Մեզ մտահոգում է հարեւան Թուրքիայի բացահայտ կողմնակալ դիրքորոշումը, ուստի մերժում ենք միջնորդ դառնալու այդ երկրի ցանկացած փորձ։ Մեզ համար Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընդունելի սկզբունքներն են՝ Հայաստանի հետ ԼՂ միավորումը կամ նրա անկախ կարգավիճակի միջազգային հաստատագրումը, ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը կարգավորման վերջնական տարբերակի մշակմանը, ԼՂՀ անվտանգությունը երաշխավորող ՀՀ-ԼՂՀ ընդհանուր սահմանի անհրաժեշտ երկարության ապահովումը, ԼՂՀ լիարժեք անվտանգության երաշխավորումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության սահմանագծի արձանագրմամբ։ Բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա չի կարող դառնալ, իսկ կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին»։ Ըստ էության, քաղաքական ուժերի հայտարարության մեջ Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ սկզբունքային կետերը չեն տարբերվում այն կետերից, որոնց շուրջ, երբ խոսում է, խոսում է նաեւ նախագահ Քոչարյանը։ Արդյո՞ք հայտարարությունը արվեց նրա համար, որպեսզի բանակցությունների ընթացքում նախագահի թիկունքն ապահովված լինի։ ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով մեր հարցերին, ասաց, որ ընդհանուր դիրքորոշմամբ հանդես գալու գաղափարը ծնվել է տարբեր կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում. «Չափազանց կարեւոր էր, որ ԱԺ-ն ներկայացնող քաղաքական ուժերը կարողանային այս առանցքային խնդրի շուրջ համատեղ դիրքորոշում դրսեւորել։ Այնպես որ, սա բոլորի համատեղ գաղափարն էր եւ համատեղ աշխատանքի արդյունքը։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի տեղեկացվածությանը, նորից եմ ասում՝ սա մեկուկես ամիս ծնված եւ աշխատող գաղափար էր, մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ խմբակցությունների եւ խմբերի ղեկավարները հանդիպեցին նախագահի հետ, մենք տեղեկացրինք, որ քաղաքական ուժերն աշխատում են նման ընդհանուր դիրքորոշում արտահայտող փաստաթղթի վրա։ Նախագահը, բնականաբար, որեւէ խնդիր չունի։ Հարմարեցնելու որեւէ խնդիր չի դրվել, մենք գիտենք հանրապետության նախագահի հայտարարած հիմնարար երեք սկզբունքները, բայց ներկա փուլում, երբ բանակցություններն ընթանում են գաղտնիության պայմաններում, քաղաքական ուժերը հարկ են համարել իրենց դիրքորոշումն արտահայտել ոչ միայն այդ երեք սկզբունքների վերաբերյալ, այլեւ, ընդհանրապես խնդրի կարգավորման, տարածաշրջանի հեռանկարի վերաբերյալ։ Այստեղ հարմարվելու, համաձայնեցնելու որեւէ խնդիր չկար, սա քաղաքական ուժերի լիարժեք իրավունքն էր, ինչ-որ առումով նաեւ պարտականությունը՝ նման հայտարարությամբ հանդես գալ»։ Հայտարարությունը ներկայացնելուց առաջ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հարկ համարեցին մեկ-երկու նախադասությամբ իրենց խոսքն ասել։ Տիգրան Թորոսյան, ԱԺ փոխխոսնակ (ՀՀԿ)- «Գաղափարն առաջացել էր վաղուց, այն բանից հետո, երբ Ադրբեջանում սկսվեց պատերազմի վերսկսման վերաբերյալ քննարկումը, երբ հրապարակվեցին անցյալում եղած տարբերակները»։ Պրն Թորոսյանը շատ կարեւոր համարեց, որ ԱԺ-ն նման խնդրի հետ կապված ունի միասնական տեսակետ։ Գագիկ Ասլանյան, ԱԺ փոխխոսնակ (ՀԺԿ)- «Մեկ անգամ եւս փաստում ենք ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի միասնականությունը»։ Մյասնիկ Մալխասյան («Հայաստան» խումբ)- «Քանի որ բանակցությունները վարվում են գաղտնի, եւ բանակցությունների արդյունքի մասին ոչ ոք տեղեկություն չունի, այդ պատճառով քաղաքական ուժերը որոշեցին հնարավոր լուծումն արտացոլել հայտարարության մեջ»։ Պրն Մալխասյանն ասաց, որ ԵԿՄ-ի կողմից արված առաջարկները եւս արտացոլված են հայտարարության մեջ։ Արտաշես Գեղամյան («Իրավունք եւ միաբանություն»)- Վերջինիս ասելով, հայտարարության մեջ չեն արտացոլվում «այն բոլոր շերտերը, որոնք առկա են Արցախի հիմնահարցի լուծման պարագայում։ Հարցն ունի գլոբալ նշանակություն, որովհետեւ այստեղ կիզակետված են ոչ միայն Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի շահերը, այլ նաեւ՝ Իրանի, եւ ընդհանուր առմամբ հարավասիական բոլոր պետությունների»։ Հրանտ Խաչատրյան (ՍԻՄ)- «Այս հայտարարությունն ուղղված է արտաքին աշխարհին եւ քիչ է ներառել ներքաղաքական խնդիրներ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ