ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ՔՈ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻՆ Եվ կանեմ ամեն ինչ, որ դու այն արտահայտելու հնարավորություն չունենաս Կարծես հենց այս սկզբունքն են որդեգրել Հայաստանի իշխանություններն ընդդիմության նկատմամբ։ Եթե ընդդիմադիր լրատվամիջոց է՝ նրանք փորձում են բացահայտել ֆինանսավորման աղբյուրները եւ վերացնել դրանք կամ էլ՝ վարկաբեկել լրագրողներին։ Իսկ եթե գործ ունեն ընդդիմադիր կազմակերպության հետ՝ փորձում են սահմանափակել հանդես գալու նրանց հնարավորությունը։ Ընդամենը 1 ձայնի տարբերությամբ առայժմ չհաջողեցի՞ն խորհրդարանում անցկացնել այն օրինագիծը, ըստ որի պիտի արտոնվի յուրաքանչյուր միջոցառում, որին մասնակցում է 25-ից ավելի մարդ՝ իրենք էլ այլ կերպ են փորձում ձգել պնդօղակները։ Եվ սկսել են ընդդիմադիրներին դահլիճներ չտրամադրել, երթերի եւ հանրահավաքների թույլտվություն չտալ, բաժիններ քաշ տալ կուսակցության անդամներին, ճնշել համայնքապետերին՝ ընդդիմադիրներին տեղ տալու համար եւ այլն։ Վերոհիշյալ բոլոր միջոցները վերջին շրջանում կիրառվել են «Ազգային համաձայնության ճակատին» մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նկատմամբ։ Երկար է ցանկն այն հաստատությունների, որտեղ նրանց հրաժարվել են դահլիճ տրամադրել։ Եվ իշխանությունների կողմից ԺՀԿ-ի հրապարակային գործունեության խոչընդոտման փաստերը քննարկելու ու կուսակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով էլ երեկ հրավիրվել էր «Ժողովրդավարական Հայրենիքի» քաղաքական խորհրդի արտահերթ նիստ։ Ի դեպ, այս ընդլայնված նիստի ակամա մասնակիցը դարձան նաեւ այն մարդիկ, ովքեր տեղեկանալով, որ «Գիտնականի տանը» նախապես ծրագրված հանդիպման համար դատլիճ չտրամադրելու հրահանգ է տրվել՝ չէին ծուլացել եւ հասել էին կուսակցության գրասենյակ։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն այս նիստում եւս հայտարարեց, որ իշխանությունները կասեցնում են իրենց գործունեությունը. «Մնում է մտածել՝ ինչպե՞ս աշխատել, որ դուրս չգանք սահմանադրական եւ օրինականության շրջանակներից եւ փորձենք ինչ-որ բան անել»։ Նշենք, որ այս տեսակետին հակառակվողներ եղան։ ՀԱՕԿ-ի նախկին նախագահ Ալեքսան Ավետիսյանը նկատեց, թե սահմանադրական ուղիները քաղաքակիրթ երկրների համար են, իսկ Հայաստանում ընդդիմությունն իշխանությունների դեմ պիտի իրենց իսկ մեթոդներով գործի։ «Մտածենք, ի՞նչ ենք ուզում։ Հանրահավաքների նպատակը ո՞րն է։ Մեր ուզածն ի՞նչ է։ Թե չէ 3 տարի է՝ նույն բանն ենք ասում»,- ասում էր Ալեքսան Ավետիսյանը։ Սակայն քաղաքական խորհրդի նիստի այլ մասնակիցները կողմնակից էին իրենց գործունեությունը միայն Սահմանադրության շրջանակներում շարունակելու, ինչքան էլ համամիտ էին, որ իշխանություններն իրենք հիմնական օրենքի հանդեպ բավական քամահրական վերաբերմունք ունեն։ «Բայց սա արդեն չափից ավելի է, որ ընդդիմությանը թույլ չեն տալիս կարծիք արտահայտել,- կուսակցականների վրդովմունքը փոխանցեց «Ժողովրդավարական Հայրենիքի» Արթիկի տարածքային կազմակերպության ղեկավար Արա Սուքիասյանը։- Այս ամենն առավել զգում էինք մարզերում՝ մեր մաշկի վրա։ Հիմա էլ հերթը հասավ մայրաքաղաքին։ Եվ եթե լռենք՝ վաղն ավելի վատ բաներ կանեն»։ Վանաձորի տարածքային կազմակերպության ղեկավար Համլետ Սարգսյանը նշեց. «Կզարմանայի, եթե թույլ տային հավաքվել։ (Թեեւ ֆիզիկայի ինստիտուտի «Գիտնականի տունն» անգամ ամբողջատիրության տարիներին ազատ բեմ է եղել ղարաբաղյան շարժման գործիչների համար.- Ա. Ի.)։ Վարչախմբին ծանոթ եք, ի՞նչ էիք սպասում դրանցից»։ Վարոս Ավոյանն էլ էր կատարվածն օրինաչափ դիտում. «Այդպես էլ պիտի լիներ։ Պալատական խարդավանքներով գահին հասածն այդպես էլ պիտի վարվեր։ (…) Միեւնույն է, սրանք արյունով եկել են, արյունով էլ պետք է գնան։ Մեր ձեռքով չեն գնա՝ իրենք իրար կհոշոտեն, դա արդեն կա, երեւում է»։ Սահմանափակելով օրինական գործունեության ասպարեզը, Հրանտ Մատինյանի վերլուծությամբ, իշխանություններն ընդդիմությանը դրդում են այլ կարգի գործողությունների. «Գուցե սպասում են, որ կրկնենք Արկադի Վարդանյանի փո՞րձը»։ Ամփոփենք։ Կուսակցության քաղաքական խորհուրդն այս քննարկումից հետո որոշում ընդունեց, որում մասնավորապես նշված է. «Դիմել ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ ներկայացնելով ընդդիմության դեմ ուղղված իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները»։ Իսկ «Ժողովրդավարական Հայրենիքի» Ապարանի տարածքային կազմակերպության ղեկավար Հենրիկ Աբրահամյանն ավելի վաղ էր ասել. «Դիմելով հարց չի լուծվի՝ պիտի նվաճվե՛ն այդ իրավունքները»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ