ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ Երեկ Ազգային պատկերասրահում փակվեց արցախցի գեղանկարիչների ու քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված էին նաեւ մանկական արվեստի դպրոցի դասատու Ռոբերտ Գասպարյանի 17 սաների տարբեր թեմաներով աշխատանքները։ Ցուցահանդեսը պիտի գործեր 2-3 օր, բայց բացման օրը հայտարարվեց, որ այն կգործի մինչեւ ապրիլի 26-ը, որից հետո աշխատանքները պիտի ուղարկվեն Իրան։ Ըստ Արցախի մշակույթի նախարար Արման Սարգսյանի, հայ մշակութային «Արարատ» եւ «Նայիրի» միություններից հրավերներ կան։ «Ղարաբաղ» էստրադային համույթը, նրա հետ նաեւ այս ցուցահանդեսը, 15 օրով կլինի Իրանում։ Սակայն տարօրինակն այն է, որ արցախցի նկարիչները բացարձակապես տեղյակ չէին այդ մասին։ Մեզ հայտնի չէ, թե կուլիսների հետեւում ինչ պայմանավորվածություններ կան կազմակերպիչների միջեւ։ Տարակուսանք է առաջացնում այն, որ արվեստագետների աշխատանքները օտար երկիր են տանում առանց իրենց իմացության։ Ժամանակը չէ՞ հաշվի նստել արվեստագետների հետ, թե՞ այստեղ էլ թելադրողը բիզնեսն է, այն էլ «Ղարաբաղ» անունը շահարկելու գնով։ Շ. Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ