Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս գեղանկարիչ, չորս տարբեր ոճ, չորս անհատականություն «Առաջին հարկ» Կողբացի 75 պատկերասրահում ապրիլ

Ապրիլ 27,2001 00:00

ՉՈՐՍԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿ» Չորս գեղանկարիչ, չորս տարբեր ոճ, չորս անհատականություն «Առաջին հարկ» Կողբացի 75 պատկերասրահում ապրիլի 28-ին ցուցադրելու են իրենց ստեղծագործությունները։ Ի՞նչն է նրանց ի մի բերել։ Այն, որ նրանք չորսն էլ նկարում են վրձնով ու ներկերո՞վ, թե՞ կա մի միասնական գաղափար, որով նրանք ուզում են հայտ ներկայացնել։ Երեւի շատ է այն մարդկանց թիվը, որոնք Պիկասոյից հետո նկարչությունը համարում են իրեն սպառած արվեստի լեզու։ 20-րդ դարում մեկը մյուսին հետեւած կինոն, տեսաարվեստը, ինստալացիան արդեն իրենց դիրքերը զիջում են «վիրտուալ իրականություն» կոչվող համակարգչային նոր, անսահման հնարավորություններ ընձեռող տեխնիկային։ Այդ դեպքում ինչ նոր ասելիք պիտի ունենա գեղանկարիչն ընդհանրապես։ Վարդան Թովմասյանի, Սամվել Չիբուխյանի, Վահան Ռամելյանի եւ Արա Հայթայանի հետ փորձեցինք բացահայտել նկարիչ-հեղինակ, անհատ, թեմա, շուկա, միջնորդ-թարգմանիչ արվեստաբանի մասին մեր պատկերացումները։ Արա- Անհատ ներկայացնելու պակասություն կա մեր իրականության մեջ։ Երբ նկարիչը ցուցադրվում է մեկ-երկու գործով, ընդհանուր պատկերն աղճատվում է։ Հետաքրքիր է ինքս ինձ տեսնել ե՛ւ ամբողջական, ե՛ւ շրջապատի մեջ, այսօրվա իրականության ֆոնին։ Այսպիսով՝ ամեն մեկս ավելի լավ կտեսնենք մեր «տեսակը»։ Շաքե- Դա կշեշտի ամեն մեկիդ ինքնատիպությունը։ Վահան- Խոսքը հենց այդ տարբերության մասին է։ Շաքե- Դուք ոչ միայն ժամանակակիցներ եք, այլեւ սերնդակիցներ։ Դուք անցել եք 70-90-ական թթ. կերպարվեստի դպրոցը, վայրիվերումներով լեցուն դաշտը։ Արդյո՞ք հավակնում եք, որ ձեր ասելիքը թարմ ու նոր է։ Ի՞նչն է ձեզ մղում ստեղծագործելու «հնացած» (պայմանականորեն) տեխնիկայով։ Վարդան- Ճիշտ է, ֆիգուրատիվ արվեստը հին է, հետադարձ հայացքով 20-րդ դարին նայելիս կտեսնենք, որ ֆիգուրայից հասանք զրոյի։ Անցանք «իզմ»-երի միջով։ Սակայն բովանդակությունն ապրում է մարդու հետ։ Այդ թեմաները հավերժ են։ Կա ձեւ, անհատականություն, գոյատեւման հարց։ Գուցե արվեստի տրոհումից ստացվի նոր բան։ Արվեստագետն ինքնին, որպես անհատ, թե հեղինակ է, թե փիլիսոփա եւ կայանում է ընթացքի մեջ։ Շաքե- Այսօր իրար կողքի ստեղծագործում են հները, պոպ եւ մոդեռն շարժման՝ 3-րդ հարկի նկարիչները, ավանգարդիստները։ Կա Վերնիսաժը, որտեղ շուկայի պահանջով հայտնվում են նկարիչները կամ պետական ինստիտուտները՝ Նկարիչների միություն, Ժամանակակից արվեստի թանգարան, գոյություն ունեն նաեւ մասնավոր պատկերասրահներ եւ, իհարկե, ՆՓԱԿ ու Հայարտ։ Որտե՞ղ եք կանգնած դուք։ Արա- Շատ կարեւոր է պատկեր հասկացողությունը պատկերի հետ զրույցում։ Ուզում ես ապացուցել, որ պատկերն ունի ուժ, սիմվոլիկա, ներքին էներգիա։ Ինչ-որ մարդիկ ուզում են պատկերը, ձայնը, տեքստը ի մի բերել։ Դա գոյացման նոր շրջան է։ Դա պետք է գոյանա ու մաքրվի։ Հարց է, թե ով ինչի է դավանում։ Անիմաստ եմ համարում դրանց հակադրվելը։ Ասենք այն, ինչ-որ գոյանում է ՆՓԱԿ-ում, անտեսանելի նոր բանի գոյացման սկիզբ է։ 60-ական թվականներին Հայաստանում ֆովիզմից վերցրին արտաքին էֆեկտն ու գոյացավ հայկական գունեղ նկարչության նախասկիզբ։ Հիմա արեւմտյան արվեստի արտաքին էֆեկտը վերցնում ենք ու վերջում մնալու է այն, ինչ կապված է ներքին էության հետ, այսինքն՝ ձեւը եւ էությունը միասնաբար ինչ-որ բան կտան։ Մեր դեպքում՝ այո՛, պատկերից կառչել կա, բայց կա նաեւ հավատ առ պատկեր։ Վահան- Եթե ամեն անձ անհատականություն է, նշանակություն չունի, թե ինչ ավանդական միջոցներով է արտահայտվում։ Կարեւորը ներքին ապրումներն են։ Գուցե փոխեմ նյութը, արտաքինը, բայց կարտահայտվեմ այնպես, ինչպես կամ։ Կա վտանգ, որ արվեստագետը, երբ հայտնվի փաստի առջեւ, երբ ոչ մեկի համար հետաքրքիր չէ իր ասելիքը, կդադարի ստեղծագործել։ Կարծում եմ՝ ոչ, թեպետ քչերին է հետաքրքրում, թե մեր արվեստագետները հիմա ինչ են անում։ Սամվել- Պետությունը պիտի կանոնակարգի։ Շաքե- Այդ դեպքում նա էլ կթելադրի իր պահանջները։ Վարդան- Կարծում եմ, էլիտար արվեստին անհրաժեշտ է պետական միջամտություն, պետությունը պետք է զորավիգ կանգնի։ Շաքե- Արվեստի գործը վերլուծել, այսպիսով հասանելի դարձնել մարդկանց՝ արվեստաբանի աշխատանքն է։ Այսօր շղթայից պակասում է այդ օղակը։ Դուք զգո՞ւմ եք այդ բացը։ Արա- Կան ազատ եւ պաշտոնական արվեստաբաններ։ Այսօրվա արվեստաբանությունը համաշխարհայինի բեռի տակ է, չի կարող իրականությունը տեսնել։ Արվեստաբանությունը շատ ավելի նուրբ ոլորտ է, քան ինքը՝ արվեստը։ Հայաստանում այն հիմա չկա, եւ դժվար կգոյանա՝ տարբեր համակարգերից անկախ ուղեղներ պետք է լինեն։ Չկան, որովհետեւ նրանց էլ է պետք ոչ շահութային, բարոյական աջակցություն պետության կողմից։ Ալտերնատիվ միտքը պետք է զարգացվի եւ դա շահույթ չի բերի։ Արվեստաբանը հաճախ ըստ իր ճաշակի եւ հասկացողության է վերլուծում արվեստի գործը։ Վահան- Արվեստաբանն ասում է բաներ, որոնք չեն համընկնում արվեստագետի ներքին աշխարհի մղումներին եւ հակադրվում է։ Ինձ համար արվեստաբանը պետք է լինի գիտնական, հոգեբան, որը չի կարող սխալվել։ Շաքե- Արվեստի լեզուն ծածկագիր է, կոդ, որ պետք է վերծանել սովորական մարդու համար, դարձնել ընթեռնելի։ Այդ դեպքում արվեստը էլիտար հաճույք է դառնում սահմանափակ թվով մարդկանց համար։ Հնարավո՞ր է արվեստագետն արտահայտվի առանց ծածկագրի։ Արա- Այդ դեպքում պիտի խոսի առակներով։ Կամ գտնի մի ձեւ, որ հասարակությունն այն ուտի խնձորի պես։ Վահան- Կարելի է հագուստ հագցնել, կարելի է մերկ մատուցել, էլի ներքինը չեն հասկանում։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել